Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում երեկ ներկայացվեց «Իմ Շուշի» խորագրով լուսանկարների պատկերագիրքը, որը հրատարակվել է «ԱՐՏ PR» ընկերության կողմից՝ Շուշիի ազատագրման 25–ամյակի առթիվ:
Պատկերագրքում լուսանկարչական արվեստի միջոցով պատմում են Շուշիի պատմությունը` 1992–ից մինչև մեր օրերը:
«Պատկերագրքում ընդգրված են Ռուբեն Մանգասարյանի, Մաքս Սիվասլյանի, Հակոբ Պողոսյանի վավերագրական և գեղարվեստական լուսանկարները: Նրանք պատերազմի թեժ պահերին են եղել Շուշիում: Լուսանկարներն արվել են 1992 թ. մայիսի 8–ին և 9–ին:
Ընդգրկված են նաև Հակոբ Բերբերյանի, Մուշեղ Գասպարյանի և Վահագն Գրիգորյանի լուսանկարները, որոնցում արդեն մերօրյա Շուշին է»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց «ԱՐՏ PR» ընկերության հիմնադիր տնօրեն, նախագծի հեղինակ Գայանե Դավթյանը:
Նրա խոսքով, նպատակներից մեկն այն էր, որ եթե անգամ մարդիկ Շուշիում չեն եղել, պատկերագրքի միջոցով տեսնեն այն. «Մեր նպատակն էր նաև մեկ տեղում հավաքել այն կադրերը, որոնք դեռևս չեն հրապարակվել: Այստեղ ընդգրկված կադրերը չեք տեսնի ո՛չ համացանցում, ո՛չ էլ գրքերում: Պատկերագրքում սինթեզվում է վավերագրական և գեղավերստական լուսանկարչությունը: Արդյունքում ստացել ենք՝ «Շուշին այսօր»:
Աննա Բադալյան