ԳՐԻԳՈՐԻ ԱՖԱՆԱՍՅԱՆԸ 65 ՏԱՐԵԿԱՆ Է …

Ժամանակի ընթացքը քչերին է հաջողվել ետ պտտել… և նրանք ամենևին էլ ամենաերջանիկներից չեն: Ամեն ինչ պիտի հոսի իր ուղղությամբ և իր բնականոն հանգրվանին հասնի…

Եվ այժմ, նույն տրամաբանությամբ, Արցախի ազատագրական պայքարի երախտավորներից Գրիգորի Աֆանասյանը բոլորում է իր կյանքի 65-րդ տարին: Համոզված եմ, նա յուրովի երջանիկ է, ու իսկի չի էլ մտածում ետ տալ ժամացույցի սլաքները: Երջանիկ է ոչ միայն գտածի, որից ամենաէականն իր ՀԱՅՐԵՆԻՔԻ ներկայիս ազատությունն է, այլ նաև կորցրածի նկատմամբ իր անսահման հպարտությամբ… որովհետև կորցրածը բնավ էլ նյութեղեն ինչ-որ բան չէ, այլ ամենանվիրյալ ընկերները և առաջին հերթին իր կյանքի ուեկիցը: Նա պարզապես երջանիկ է, քանի որ նրանք եղել են իր կյանքում… ու վերջ… վերջ:

Ուրեմն, 29 տարի առաջ, ազատության առաջին հանրահավաքում ասծիդ պես` բացենք ԴՐՈՇՆԵՐԸ, ու թող ծածանվեն դրանք… ու թող Աստծոհաճո ծնունդդ շնորհավոր լինի Գրիգորի Սերգեյի Աֆանասյան, մեր սիրելի ընկեր ու ՄԵԾ ժամանակակից նաև…

Կարծես երեկ լիներ, բայց արի ու տես, որ 50 տարի է անցել: Շախմատի մի մրցաշարում, որտեղ ես Հայաստանի հավաքականի կազմում էի, մեզ մեկ միավոր էր պակասում չեմպիոն դառնալու համար: Եվ ահա գալիս է անսպասելի օգնությունը. Ադրբեջանի հավաքականի երրորդ տախտակի վրա, Գրիգորի Աֆանասյանը /Կիրովաբադ քաղաքից/ պարտության է մատնում վրացի շախմատիստին, որի անունն արդեն չեմ էլ հիշում, և մեզ է նվիրում հաղթանակի բերկրանքը: Մենք չեմպիոն ենք… Միայն հիմա եմ հասկանում, որ իրական ՉԵՄՊԻՈՆԸ` ԳՐԻԳՈՐԻ ԱՖԱՆԱՍՅԱՆՆ ԷՐ…

Հեգելը մի առիթով գրել է. Պլատոնը բացահայտել է իր ոգու մեծությունը, քանզի սկզբունքը, որի շուրջ պտտվում է իր գաղափարի առանձնահատուկ ուրույնությունը, հենց այն առանցքն է, որի շուրջ այն ժամանակ պտտվում էր աշխարհի սպասվելիք վերափոխությունը: Այն ինչ բանական է` իրական է, և այն, ինչ իրական է` բանական է: Այս համոզմանը հարում է յուրաքանչյուր չմիջնորդավորված գիտակցություն, հոգևորի և բանականի ամբողջության քննության ժամանակ… Գրիգորի Աֆանասյանը կյանքի իր վարքագծով եկել է մեզ բացատրելու այս պարզ ու բարդ իմաստությունը` իր ողջ երկփեղկվածությամբ հանդերձ:

Ռաֆայել Վահանյան

միջազգային գրոսմայստեր