Հայաստանում գիտության խնդիրների և զարգացման հեռանկարների մասին «Անկախը» զրուցել է ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Զարուհի Կարաբեկյանի հետ։
— Տիկին Կարաբեկյան, 21 տարի ԱՄՆ—ում եք ապրել ու աշխատել, որից հետո Ձեր դստեր հետ Հայաստան եք տեղափոխվել։ Ինչպե՞ս հայրենիք վերադառնալու որոշում կայացրիք։
-Նախ և առաջ ասեմ, որ պատահական՝ ընտանեկան հանգամանքներով եմ հայտնվել ԱՄՆ-ում, արտագաղթելու մտադրություն երբեք չեմ ունեցել։ Հայրս, որ Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող էր, հրավիրված մասնագետ էր Ջեֆերսոնի լաբորատորիայում։ 1993-ին որպես հյուր գնացի իր մոտ։ Այնտեղ ծնվեց իմ դուստրը։ Երևանում ծանր իրավիճակ էր։ Ես նաև ուզում էի փոխել մասնագիտությունս. բուսաբան էի, բայց շատ հետաքրքրվում էի իմունոլոգիայով և մոլեկուլային կենսաբանությամբ։ Այնտեղ կարող էի փոխել մասնագիտացումս։ Բոլոր հանգամանքները միասին բերեցին նրան, որ այնտեղ դիմեցի ասպիրանտուրա։ Այդ ամենը տևեց 21 տարի։
Եկավ մի պահ, որ հասկացա՝ հոգնել եմ ԱՄՆ-ից, մտածեցի, որ վերադառնալու դեպքում այստեղ ավելի օգտակար ու արդյունավետ կլինեմ։ Դուստրս էլ արդեն դպրոցն ավարտել էր և ուզում էր վերադառնալ Հայաստան։ Դուստրս ինձնից մեկ տարի առաջ եկավ, քանի որ մտածում էի՝ հանկարծ կարող է մտքափոխվել։ Երբ դուստրս մերվեց նոր միջավայրին ու հաստատակամ որոշեց մնալ, ես էլ վերադարձա։ Մեկ տարի աշխատանք փնտրելուց հետո գտա: Սկզբում ընդունվեցի «Այբ» դպրոց որպես կենսաբանության ուսուցիչ, հետո աշխատանքի անցա նաև Ֆիզիոլոգիայի ինստիտուտում։
— Պահ եղե՞լ է, որ զղջաք վերադառնալու որոշման համար։
— Ոչ։ Անկեղծ կասեմ՝ ունենք շատ օբյեկտիվ դժվարություններ, բայց երբեք չեմ զղջացել, որ վերադարձել եմ։
— Արտերկրում աշխատող գիտնականները Հայաստան վերադառնալու երկու հիմնական խոչընդոտ են մատնանշում՝ սուղ ֆինանսավորումը և նյութատեխնիկական հնացած բազան կամ դրա բացակայությունը։ Ձեր դեպքում այդ խոչընդոտը չի՞ եղել։ Արդյոք ունե՞ք բավարար պայմաններ գործունեության համար։
— Երկու խոչընդոտներն էլ ռեալ են, դրանց առնչվել և առնչվում ենք ամեն օր, ամեն ժամ։ Մենք շատ սահմանափակ նյութատեխնիկական բազա ունենք։ Գիտության ֆինանսավորումն էլ այնպիսին է, որ անգամ ԳՊԿ-ից գրանտ ունենալու պարագայում չեմ կարող իմ գիտաշխատողներից պահանջել, որ ամբողջությամբ նվիրվեն գիտությանը և այլ աշխատանքի հետ չհամատեղեն։
Ինստիտուտի տնօրինությունն ինչով կարողանում՝ օգնում է, բայց իրենց հնարավորությունն էլ շատ սահմանափակ է։ Պահպանում եմ համագործակցությունն ամերիկյան գործընկերներիս հետ։ Նրանք իրենց հին սարքավորումներն են ուղարկում մեզ որպես նվեր, կամ գալիս իրենց հետ քիմիական նյութեր են բերում՝ ռիսկի դիմելով։ Այդպես ենք փորձում պայմաններ ստեղծել ուսումնասիրությունների համար։ Մեծ խնդիր է հատկապես ընթացիկ նյութեր ձեռք բերելը, որոնք Հայաստանում մի քանի անգամ ավելի թանկ են, քան ատերկրում։
Եվ այս պայմաններում մեծ էնտուզիազմ է պետք աշխատանքի ու հետազոտությունների համար։
Բնականաբար, դա ազդում է մեր հետազոտությունների մակարդակի վրա։ Այս իրավիճակում մենք փորձում ենք այնպիսի խնդիրներ դնել, որոնք հետաքրքիր կլինեն և՛ գիտական աշխարհին, և՛ մեր հնարավորությունների շրջանակում կլինեն։ Իսկ այդպես հնարավորությունները շատ են նեղանում։
— Իսկ այս պայմաններում հայաստանյան գիտությունը որքանո՞վ է մրցունակ։
— Այնքանով է մրցունակ, որքանով կարողանում ենք գտնել այն նիշան (գուցե պետք է ասել շրջանակը), որտեղ կարող ենք հետաքրքրություն ներկայացնել աշխարհի համար, և դրա շուրջը կառուցել մեր գիտությունը։ Իհարկե, բոլոր քիչ թե շատ լուրջ հետազոտությունները կատարվում են համագործակցային տարբերակով։ Բայց դա էլ պահանջում է նյութական բազա։ Եթե ուզում եմ իմ երիտասարդ մասնագետներին ուղարկել արտասահման՝ կարող եմ գտնել լաբորատորիաներ, որոնք հետազոտությունների համար կտրամադրեն իրենց բազան և նյութերը, ապա կացարան և տոմսի գումար բոլորը չէ, որ պատրաստ են տրամադրել։ Եթե կարողանայինք գոնե դա ապահովել, շատ ավելի արագ կլիներ ամեն ինչ։ Որոշակի ֆինանսների առկայության դեպքում կարելի է այստեղ տեսական մասը մշակել, մեկին 3-4 ամսով ուղարկել՝ փորձերը դրսում կատարելու, ապա արդյունքներն ամփոփել և տպագրել։ Դա նոր գրանտներ ստանալու հնարավորություն կտա։ Բայց ֆինանսավորման պակասը խանգարում է։
— Ձեր կարծիքով՝ դեռ որքա՞ն կկարողանանք մրցունակ լինել ներկա միտումների պահպանման դեպքում։
— Մրցունակ կլինենք, քանի դեռ մեր հմուտ գիտնականները կկարողանան ֆինանսավորման այլընտրանքային ճանապարհներ գտնել։ Մենք ունենք ինտելեկտուալ լավ պոտենցիալ, կարողանում ենք ստեղծել կապեր։ Եթե ֆինանսական խնդիրները չլինեն, մենք շատ ավելի արագ առաջ կգնանք և աշխարհին կառաջարկենք մեր հնարավորությունները։ Սովետական Հայաստանի գիտությունը շատ ավելի մեծ ներդրում ուներ համաշխարհային գիտության մեջ։ Բայց հիմա էլ գիտության երկիր լինելու հնարավորություն ունենք, դրա համար ֆինանսներ են հարկավոր։ Ուրեմն պետական քաղաքականություն է հարկավոր. պետությունը պետք է մտածի, որ գիտությունը զարգացնելով՝ կարող ենք համաշխարհային շուկա դուրս գալ։ Քանի որ մենք փոքր երկիր ենք, չունենք ֆիզիկական հարստություններ՝ միայն մարդկային պոտենցիալով կարող ենք աշխարհին ներկայանալ։ Հետևաբար, պետական մակարդակով դա պետք է գիտակցվի և զարգացման ուղղությամբ քայլեր ձեռարկվեն։
— Պետական մակարդակով բազմիցս է հայտարարվել գիտելիքահենք տնտեսություն ունենալու անհրաժեշտության մասին։ Այդ ուղղությամբ քայլեր տեսնո՞ւմ եք։
— Ես տեսնում եմ այն քայլերը, որոնք իշխանությունները փորձում են իրագործել։ Բայց նաև հասկանում եմ, որ արվածը բավարար չէ։ Կարծում եմ՝ մենք ներքին ռեսուրսներ ունենք, ուղղակի դրանք ճիշտ չեն բաշխվում։ Ինձ թվում է, որ մարդիկ, որոնք իսկապես ունեն այդ հնարավորությունը, կա՛մ սեփական շահին են նվիրված, կա՛մ չեն հասկանում այն առավելությունները, որ կարող է տալ գիտությունը, եթե դրանում ներդրումներ արվեն, կամ ուղղակի այդքան հայրենասեր չեն։
Հայաստանի ապագայի համար գիտությունն անհրաժեշտություն է։ Դա միակ ռեսուրսն է, որ մենք ունենք և կունենանք։ Ես դպրոցում եմ դասավանդում ու շփվում եմ ապագա սերնդի հետ, տեսնում եմ նրանց պոտենցիալը։ Եթե մենք չկարողանանք սա հասկանալ և գնահատել, ինչ-որ կերպ օժանդակել՝ կարող ենք կործանել այդ ապագան։
— Տիկին Կարաբեկյան, եթե համեմատեք գիտությունը և գիտության հանդեպ վերաբերմունքը Հայաստանում և ԱՄՆ—ում, ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան։
— Հիմնական տարբերությունը ծավալն է. իրենք ստեղծել են այնպիսի տեխնիկական և գիտական բազա, որ տեսանելի ապագայում չենք կարողանա համեմատվել, ինչ էլ որ անենք։
Երկրորդ՝ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն բոլոր խելացիներին դեպի իրեն գրավելու նպատակ էր դրել։ Իրենց դա հաջողվել է, ստեղծել են մեծ բազա, և դրա հիման վրա է, որ դեռ ամերիկյան գիտությունն առաջ է գնում։
Այն տարիներին, որ ապրել եմ այնտեղ, գիտության ֆինանսավորման կտրուկ անկում եմ տեսել։ Եվ գիտեմ, որ այնտեղի իմ գործընկերները հիմա շատ ծանր վիճակում են. գրանտների ֆինանսավորման տոկոսը տարեցտարի նվազում է, և դա բերում է շատ մեծ դժվարություններ։ Բայց իներցիայի էֆեկտ կա, իրենք առաջ են գնում և երկար տարիներ դեռ կշարունակեն աշխատել, մինչև դրական փոփոխություններ կլինեն։ Որքան ավելի մեծ է երկիրը, այնքան ավելի ուշ է դրսևորվում բացասական իներցիան։
Երկու երկրներում էլ ֆինանսավորման սահմանափակման խնդիրը կա, բայց իրենց և մեր գումարներն, իհարկե, համեմատելի չեն։ Գիտնականների վիճակը ևս նման է, որովհետև իրենք էլ հիմա նեղված վիճակում են, զգում են, որ սահմանափակված են իրենց հնարավորություններում։ Բայց, իհարկե, իրենց հնարավորությունները մեզանից շատ ավելի են ու իրենք կկարողանան դիմանալ մինչև հաջորդ փոփոխությունը։ Իսկ ինչ կլինի մեզ մոտ՝ շատ դժվար է ասել, որովհետև մեր երկրի վիճակը շատ անկայուն է։
Գիտնականի հանդեպ վերաբերմունքի առումով ասել, թե ԱՄՆ-ում մեծ նշանակություն է տրվում գիտնականներին, այդպես չէ։ Այնտեղ էլ գիտնականները շատ համեստ կյանքով են ապրում։ Գիտաշխատողի վարձատրությունը չեք համեմատի բանկային ոլորտի, բժիշկների կամ փաստաբանների աշխատավարձերի հետ։
Բայց Հայաստանում գիտնականի համբավը գնալով ընկնում է, և դա ես կապում եմ կյանքի մակարդակի հետ։ Այդ դժվարությունը ես զգում եմ հատկապես դպրոցում, որովհետև ինձ շատ դժվար է մոտիվացնել իմ աշակերտներին, համոզել, որ կրթված լինելն ինքնանպատակ չէ, քանի որ տեսնում են, որ կրթվածությունը չի վերածվում կյանքի մակարդակի։
— Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է մեծացնել գիտության գրավչությունը և ներգրավել երիտասարդներին։
— Դժվար է, դա հեշտ հարց չէ։ Բայց, բոլոր դեպքերում, փորձում ենք։ Նախ՝ պետք է փնտրել ու գտնել այն մի քանիսին, որոնք իսկապես պրպտուն հոգիներ են և ուզում են իմանալ։ Մյուս կողմից՝ նրանց պետք է սովորեցնել, թե ինչպես կարելի է նույնիսկ գիտության մեջ աշխատելով՝ ապահովել կյանքի ընդունելի մակարդակ։
Իմ նպատակներից մեկն է երիտասարդներին ցույց տալ արտասահմանյան ֆինանսավորման հնարավորությունները, սովորեցնել, թե համագործակցություններն ինչպես են ստեղծվում։ Եթե ամեն մի գիտնական, որն արդեն նման փորձ ունի, մտածի դա հանձնել երիտասարդությանը և դրա հետ մեկտեղ սեր սերմանի գիտության հանդեպ, կարծում եմ, կկարողանա գրավել երիտասարդներին դեպի գիտությունը։ Ես այլ ճանապարհ չգիտեմ։
— Մեր երկրում գիտության հետագա զարգացման համար ի՞նչ է հարկավոր։
— Որոշակի սկզբնական ֆինանսավորում՝ նախնական ուսումնասիրությունների համար։ Այդպես կկարողանանք որոշակի արդյունք ապահովել, տպագրվել, ֆինանսավորման օտարերկրյա աղբյուրներ գտնել։
— Հավելյալ ֆինանսավորման անհրաժեշտությունն եք շեշտում, սակայն հայտնի է, որ հաջորդ տարի գիտության ֆինանսավորումը նվազելու է և հավանաբար մինչև 2020-ն այդ մակարդակին է մնալու։ Դա ինչպե՞ս կանդրադառնա գիտության վրա։
— Իհարկե բացասական կանդրադառնա, որովհետև մենք արդեն ունենք բացասական իներցիայի էֆեկտ։
Մեր գիտնականների թվաքանակը փոքր է, բոլորը միմյանց գիտեն, մեկը մյուսի գրանտները պետք է կարդա և ֆինանսավորի, այս պայմաններում լիովին օբյեկտիվություն հնարավոր չէ։ Դա կհանգեցնի նրան, որ կֆինանսավորվեն այն լաբորատորիաները և գիտական ղեկավարները, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորվել են, որոնք ունեն համբավ և համապատասխան պաշտոն, ազդեցության մեծ միջավայր և ոչ ոք չի ուզենա իրենց հակադրվել։ Այդ էֆեկտը մեզ պես փոքր հասարակությունում կզգանք։ Սկսնակների ծրագրերը շատ հեղափոխական պետք է լինեն, որ կարդան ու առանց անունին նայելու ասեն՝ սա որ չֆինանսավորենք, չի լինի։
Կան ռեսուրսներ, որ կարելի է խնայել. համակարգում ունենք կառույցներ, որոնք բոլորովին անհրաժեշտ չեն, խոսքը գիտությունը ապահովող, խորհրդային ժամանակներից եկող կառույցների մասին է, որոնք գիտության հետ առնչություն չունեն։
Մյուս կողմից՝ տրամաբանական կլիներ, որ կրճատված միջոցները հատկացվեին կիրառական նշանակության գրանտներին։
— Արդյոք ճի՞շտ է ուղղություններից որևէ մեկին առաջնահերթություն տալը։ Ինչպե՞ս կարելի է ապահովել կիրառական և հիմնարար գիտությունների զուգահեռ զարգացումը։
— Հավատում եմ, որ կիրառական գիտությունն ավելի շատ հնարավորություններ ունի, քան զուտ ակադեմիականը։ Խորհրդային գիտությունը կապիտալիստական երկրների գիտությունից դրանով է տարբերվում. կապիտալիստական աշխարհում ավելի շատ ֆինանսավորվում է կիրառականը։
Ցավոք, իրականությունն այնպիսին է, որ երկու ուղղությունները զուգահեռ չեն զարգանում։ Զարգանում է կիրառականը, որն անլուծելի հարցերի համար դիմում է հիմնարարին։ Այն մարդիկ, ովքեր կիրառական գիտության ֆինանսավորում ունեն, կողքից փորձում են հիմնարարն անել նույն այդ ֆինանսավորմամբ։ Քիչ կան հետազոտական ինստիտուտներ, որոնք ֆինանսավորվում են զուտ հիմնարար գիտության համար։
Այո, առանց հիմնարարի կիրառականն ապագա չունի։ Բայց դրանց ընթացքն աստիճանաձև է, փոխկապակցված։ Օրինակ՝ մեծ արտադրություն ունեցող ընկերությունները ֆինանսավորում են նաև հիմնարար հետազոտություններ, որոնք միտված են ապագային։
— Կիրառական արդյունքի դեպքում Հայաստանում խնդիր է առևտրայնացումը։ Եղե՞լ է նման խնդիր։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է հարկավոր առևտրայնացման ամբողջական շրջափուլի համար։
— Դեռ ոչ, չենք առնչվել։ Այժմ փոքր բիզնես պլան ունենք, որի իրականացման ուղղությամբ էլ աշխատում ենք։ Ցանկանում ենք մեզ մոտ արհեստական մաշկ աճեցնել։ Բայց որպեսզի դա դառնա վստահելի ու կրկնելի գործընթաց, ֆինանսավորում է հարկավոր։
Այժմ աշխատանքներ իրականացնում ենք, բայց կարող էինք շատ ավելի արագ անել, եթե 4 հոգու էլ կարողանայի գործի ընդունել և անհրաժեշտ նյութերով ապահովել։
Սակայն, անգամ եթե ունենանք ֆինանսավորում, պետք է կարողանանք այնպիսի արտադրանք տալ, որը գնի առումով մրցունակ կլինի։
Ներկրվող նյութերի վրա կիրառվող մաքսատուրքերի հետևանքով արտադրանքի գինը բարձր է լինում, հետևաբար այն անմրցունակ է դառնում։ Այս հարցում պետության աջակցությունն է հարկավոր, որ արտերկրից ներկրվող նյութերը, որոնք գիտական հետազոտությունների համար են, մաքսատուրքից ազատվեն։ Այդ հարցը տարիներ շարունակ բարձրացնում ենք, բայց լուծում դեռևս չկա։ Պատճառաբանությունն այն է, որ չեն կարող տարբերակել, թե որ նյութն է ներկրվում առևտրային, որը գիտական նպատակներով։
Հայկուհի Բարսեղյան
Աղբյուրը` ankakh.am