Հայաստանի տնտեսության ֆորսաժը. Երևանը հերքում է թերահավատների կանխատեսումները

 

Հայաստանի տնտեսական ցուցանիշները զգալիորեն աճել են բոլոր ոլորտներում, բացի շինարարությունից ու գյուղատնտեսությունից:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի տնտեսությունը վերելք է գրանցում, Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակապի ժամանակ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը:

«Վերջին ութ ամիսների ընթացքում արտահանման, արդյունաբերության, ծառայությունների և այլ ոլորտներում կայուն աճ է նկատվում, ինչը նշանակում է, որ այս տարի երկրորդ անգամ վերլուծաբանները ստիպված կլինեն վերանայել Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ իրենց կանխատեսումները», — ասաց նա:

Ըստ Սաֆարյանի` այս տարվա սկզբին նախատեսվում էր երկու տոկոսանոց աճ, իսկ հունիսին հայտարարվեց, որ հնարավորություն կա հասնելու 3.2 տոկոսի:

Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Բելառուսի մասնագետներն ամփոփեցին հոկտեմբերի 25-ին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետների նիստի արդյունքները:

«Եվրասիական փորձագիտական ակումբի փորձագետները նշում են, որ տարեվերջին Հայաստանը կարող է ունենալ 4% աճ, ինչը հնարավորություն է տալիս ստեղծելու նոր նախագծեր ԵԱՏՄ երկրների բիզնեսի մասնակցությամբ։ Այդ հանգամանքը դրական ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա առաջիկա երկու տարվա ընթացքում», — ընդգծեց նա:

Փորձագետը նաև նշեց, որ միայն երկու ոլորտ են հետ մնացել`շինարարությունը և գյուղատնտեսությունը: Ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, հանդիպումն անցել է ԵԱՏՄ-ի անդամ երկրներում գրանցված տնտեսական բարելավման ֆոնին:

«Ռուսաստանը կայուն աճի ճանապարհ է սկսել, տնտեսական ճգնաժամը զիջում է իր տեղը զարգացման միտումներին, և այդ զարգացումն առավել բարենպաստ ազդեցություն ունի փոքր երկրների, մասնավորապես, Հայաստանի տնտեսական իրավիճակի բարելավման վրա», — ասաց նա:

Աստանայի «Նուր Օթան» կուսակցության հասարակական քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Թելնովն իր հերթին ավելացրեց, որ ԵԱՏՄ երկրների տնտեսություններն անցել են վերականգնման փուլ, ինչն արտացոլվում է ապրանքաշրջանառության ցուցանիշներում:

«Առևտրի շրջանառությունը մոտ 28% —ի է հասել, և մեր բոլոր հաջողությունների վրա ազդել է ինտեգրացիոն փոխհարաբերությունները, այսինքն` ԵԱՏՄ-ն իսկապես դարձել է մեր ընդհանուր աճի պատճառներից մեկը, որը նպաստում է մեր ազգային տնտեսությունների կայունությանը: Դրական դինամիկա է գրանցվում ավելի շատ ու շատ ոլորտներում», — ասել է Թելնովը:

Նրա խոսքով, ԵԱՏՄ երկրների տնտեսությունները մտնում են նոր, թվային զարգացման փուլ:

«Ղազախստանն ու բոլոր մյուս երկրներն ունեն զարգացման սեփական ծրագրեր: «Թվային» ծրագրերի անցման համար արդեն համապատասխան համաձայնագրեր են ընդունվել… Համաշխարհային բանկի փորձագետները վերլուծել են մեր տնտեսությունների թվային փոխակերպման նախաձեռնությունը և, ըստ կանխատեսումների, մինչև 2025 թ. նախագիծը մոտ 11%-ով կավելացնի համախառն ընդհանուր արտադրանքը», — նշեց նա:

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը հավելեց, որ երկրները համաձայնության են եկել ոսկերչական ոլորտում միասնական ապրանքանիշ ստեղծելու հարցում: Բացի դրանից, նշվեց էլեկտրոնային սարքավորումների համար միասնական ապրանքանիշ ստեղծելու անհրաժեշտությունը:

«Կողմերը համաձայնել են նպաստել այդ ոլորտներում համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, չափազանց կարևոր է էներգետիկ քաղաքականության համակարգումը, միասնական շուկայի ձևավորումը»,- ասաց նա:

Ըստ Թավադյանի` խորհրդային տարիներին Հայաստանը 5 միլիարդ խորանարդ մետր գազ է օգտագործել, այժմ այն կազմում է 2 միլիարդ խորանարդ մետր: Գազի սպառումը այս տարի ավելացել է 10%-ով, ինչը խոսում է տնտեսության զարգացման մասին: Փորձագետը կարծում է, որ սպառման աճը գազի գների նվազման կհանգեցնի:
Read more: https://armeniasputnik.am/economy/20171026/9213112/hayastani-tntesutyan-forsajy-erevany-herqum-eterahavatneri-kanxatesumy.html