Արայիկ Հարությունյան. Արցախի խնդրի երկարաժամկետ լուծումը մեր տնտեսական զարգացման մեջ է

Ղարաբաղյան հիմնախնդրի երկարաժամկետ լուծումը մեր տնտեսական զարգացման մեջ է: Այս մասին, հոկտեմբերի 28-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Արցախում կազմակերպված՝ «Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորում»-ի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

Արցախի կառավարությունից հայտնում են, որ Ա. Հարությունյանը ողջունել է ֆորումն Արցախում անցկացնելու նախաձեռնությունը՝ այն համարելով հայկական քաղաքական ուժերի և երիտասարդության միասնականության ու ժողովրդավարական արժեհամակարգի դրսևորման ձև: Նա շեշտադրել է, որ երիտասարդությունն ի սկզբանե եղել է արցախյան գոյապայքարի և պետականաշինության շարժիչ ուժը, և այժմ էլ երիտասարդ գործիչները նշանակալի դերակատարում ունեն ԱՀ կառավարության կազմում:

Պատասխանելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Ղարաբաղյան հիմնախնդրի երկարաժամկետ լուծումը մեր տնտեսական զարգացման մեջ է, ինչը, բացի հասարակության բարեկեցության վրա ազդելուց, հնարավորություն կտա մեզ ապահովելու ցանկալի մակարդակի անվտանգություն, ժողովրդագրական աճ, ինչպես նաև՝ կառուցելու ավելի ազդեցիկ միջազգային հարաբերություններ: Այդ ճանապարհին մենք արդեն շոշափելի արդյունքներ ենք գրանցում, քանի որ վերջին 10 տարում Արցախում արձանագրվել է տարեկան միջինը շուրջ 10 տոկոս ՀՆԱ աճ՝ բարենպաստ հիմք ստեղծելով նաև առաջիկա տարիների տնտեսական զարգացման համար: Պետք է նշել, որ այդ հաջողությունները հնարավոր են դարձել ՀՀ իշխանությունների հետ համատեղ մեր մշտական ջանքերի և ողջ հայության գործուն մասնակցության շնորհիվ»:

Ա. Հարությունյանը պատասխանել է ֆորումի մասնակիցների մի շարք այլ հարցերի ևս, որոնք վերաբերում էին տնտեսության տարբեր ճյուղերին, սահմանադրական բարեփոխումների գործընթացին, կրթական համակարգին և մի շարք այլ ոլորտների: