Դավիթ Անհաղթ. hայ իմաստասիրության աշխարհիկ ուղղության հիմնադիրը, V-VI դարերում ապրած իմաստասեր, որի աշխատությունները երբևէ չեն կորցրել արդիականությունը: Միաժամանակ Դավիթ Անհաղթի ավանդը վաղուց դուրս է եկել հայության շրջանակներից, նա համաշխարհային մեծության մտածող ու հռչակավոր գիտնական է:
Մեծ իմաստասերը ծնունդով Տարոն աշխարհից է, ծնվել է Տուրուբերանի Ներգին գյուղում: Ձեռագրերում նա երբեմն հիշատակվում է նաև որպես Դավիթ Ներգինացի: Հետագայում նա հայտնի դարձավ Դավիթ Արմենոս և Դավիթ Անհաղթ անուններով: Ուսումնասիրողներից ոմանք Դավիթ Անհաղթին համարում են պատմահայր Մովսես Խորենացու զարմիկը: Սակայն որևէ հիմնավորում այդ մասին չկա: Խորենացին Սյունաց աշխարհի զավակ էր:
Դավիթ Անհաղթը ծնվել է 470-ական թվականներին: Թե որտեղ է ստացել նախնական կրթությունը՝ հայտնի չէ, բայց երիտասարդ տարիքում մեկնել է Հունաստան, ապա Եգիպտոս՝ Ալեքսանդրիա ու այնտեղ աշակերտել ժամանակի ամենահայտնի գիտնականին՝ Օլիմպիոդորոս Կրտսերին, որը հին աշխարհի թերևս վերջին մեծ իմաստասերներից էր ու մեծ հռչակ էր վայելում գիտական աշխարհում՝ ղեկավարելով Ալեքսանդրիայի իմաստասիրական դպրոցը:
Դավիթ Անհաղթը սկզբում ստեղծագործել է հունարենով, հետագայում՝ նաև մայրենիով: Նրա ստեղծագործություններից առավել հայտնի են ՙՄեկնություն ի վերլուծականն Արիստոտելի», ՙՍահմանք իմաստասիրության», ՙՎերլուծություն Ներածությանն Պորփյուրի», ՙՄեկնություն ստորագրությանցն Արիստոտելի» աշխատությունները: Առաջին երեքը պահպանվել և մեզ են հասել նաև հունարեն:
Արտասահմանում գործելու տարիներին նա բազմիցս իմաստասիրական բանավեճերի է բռնվել ժամանակի մտքի հսկաների հետ ու միշտ հաղթող դարձել՝ վաստակելով Անհաղթ մականունը: Սա ամենախոսուն փաստն է և ամենամեծ կոչումը, որ կարող էր առհասարակ վաստակել իմաստասերը:
Վերադառնալով հայրենիք՝ Դավիթ Անհաղթը սկսում է գիտա-մանկավարժական գործունեություն Հայաստանում: Նա հայ իմաստասիրության մեջ նոր պլատոնականության դպրոցի հիմնադիրն էր:
Դավիթ Անհաղթը բնապաշտ էր: Նրա համոզմամբ՝ Աստվածն ու Բնությունը մեկ ամբողջություն են, բնությունն իր ամբողջության մեջ ճանաչելով միայն կարելի է ճանաչել Աստծուն (Արարչին), հետևաբար՝ մարդ պիտի գործի դնի իր հինգ զգայարաններն ու բանականությունը:
Նա խնդրի լուծման ճանապարհը տեսնում էր մարդկությանը բարոյական արատներից ազատելու մեջ և մարդկային առաքինությունը տեսնում էր ողջախոհության, արդարության, արիության մեջ:
Սա, իհարկե, մեծ առաջադիմություն էր վաղ միջնադարյան գիտական մտքի համար, ինչը, բնականաբար, իմաստասերին շատ անցանկալի ու տհաճ իրավիճակներ էր պատճառում: Դավիթ Անհաղթին սկսեց հալածել եկեղեցին:
Իր տեսությամբ ու աշխարհայացքով նա մեծ դերակատարություն ունեցավ հայ միջնադարյան իմաստասիրական մտքի ձևավորման գործում:
Դավիթ Անհաղթը նաև թարգմանեց հին իմաստասերների աշխատությունները: Փիլոն Ալեքսանդրացու, Արիստոտելի, Պլատոնի և այլոց շատ աշխատություններ սերունդներին հասան հենց Անհաղթի թարգմանությունների շնորհիվ:
Դավիթ Անհաղթի աշխատություններն էլ ժամանակին թարգմանվել են աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով: Եվ այդ առումով նրա ուսմունքը մեծ ազդեցություն է թողել վրացական, պարսկական, հունական, արաբական և այլ ժողովուրդների փիլիսոփայական դպրոցների ձևավորման վրա: Դավիթ Անհաղթի աշխատությունները հատկապես հսկայական ազդեցություն թողեցին բյուզանդացի իմաստասեր Հովհան Դամասկեցու, արաբ Ալ-Ֆարաբի, պարսիկ Ավիցենայի, իտալացի Թովմա Աքվինացու ուսումնասիրությունների վրա: Իսկ նրանք միջնադարյան իմաստասիրական մտքի հենասյուներից են:
Հայ մտածողներից Դավիթ Անհաղթի ուսմունքի հետևորդներ են եղել Անանիա Շիրակացին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը, Վահրամ Րաբունին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Սիմեոն Ջուղայեցին…
Անհաղթը բոլոր գիտությունների հիմքում իմաստասիրությունն է դնում՝ մնացած գիտությունները կա՛մ բխեցնելով նրանից, կա՛մ ստորադասելով նրանից:
Իմաստասիրությունից զատ, նա այլ հետաքրքրություններ էլ ուներ: Մասնավորապես հայ եկեղեցու համար հոգևոր երգեր, սաղմոսներ է գրել: Սակայն դա չի խանգարել, որ ինչպես ամեն մի առաջադեմ հայացքների տեր անձնավորություն, Դավիթ Անհաղթն էլ հալածվեր հայ եկեղեցու կողմից:
Հիշատակություն կա Հաղպատի մենաստանում Դավիթ իմաստասերի ապաստանելու մասին: Սա կարևոր հիշատակություն է ոչ միայն անհաղթագիտության և հայ իմաստասիրական մտքի ուսումնասիրման առումով, այլև պատմագիտական տեսանկյունից: Ուրեմն Հաղպատում վանական համալիր, գոնե եկեղեցի գործել է 977 թվականից՝ Աշոտ Գ Բագրատունի արքայի (954-977) նախաձեռնությամբ եկեղեցին ներկա տեսքով հիմնելուց շատ առաջ: Բնականաբար, վաղ միջնադարում նման մեծահռչակ գիտնականի Հաղպատում գտնվելու փաստը ենթադրում է, որ Հաղպատավանքը դեռևս այն ժամանակ հռչակավոր ու մեծ հաստատություն էր: Չի բացառվում նաև այն հանգամանքը, որ մեծ իմաստասերը Լոռվա (մասնավորապես՝ Հաղպատի) քերծերում ապաստանել է՝ խույս տալով հայ կղերականների հալածանքներից:
Կյանքի վերջին տարիները մեծ իմաստասերն անց է կացրել հայրենի Տարոնում՝ Մշո դաշտում: Այնտեղ էլ VI դարի կեսերին կնքել է իր մահկանացուն ու թաղվել Մշո Սուրբ Կարապետ վանքում, որտեղ մինչև 1915 թվականը պահպանվում էր նրա գերեզմանը: Ուսումնասիրողներից շատերը պնդում են, որ Դավիթ Անհաղթը մահացել է Հաղպատում, ապա դին տեղափոխվել է Մուշ: Հետագայում, ինչպես շատ այլ դեպքերում, Հայ առաքելական եկեղեցին Դավիթ Անհաղթին դասել է հայ եկեղեցու սրբերի կարգը:
Դավիթ Անհաղթի իմաստասիրությունն ու աշխարհայացքը կարելի է ամփոփել թևավոր խոսք դարձած իր մտքերով.
— Սխալների դեմ պայքարելն ինքնին արվեստ է և գիտություն:
— Բնությունը հավիտենական մտածումի արտահայտությունն է ժամանակի մեջ:
— Իմաստասիրությունը պետք է առաջնորդի մարդուն դեպի ճշմարիտ գիտելիքը և սովորեցնի ինչպես խուսափել չարից:
— Մաթեմատիկան, որպես բնագիտության ու աստվածաբանության հետ հաղորդակցվող գիտություն, գտնվում է այս երկուսի մեջտեղում, որովհետև բնագիտության նման նյութական է և աստվածաբանության նման ոչ նյութական:
— Զարմանքը իմաստասիրության սկիզբն է:
— Իմաստասիրությունը, որպես ամենակատարյալը, բոլոր արվեստների մայրն է ու պատճառը:
— Պատը ուղղահայաց կառուցելու համար պետք է նախ հիմքը կառուցել:
— Երջանկության հասնելու համար ոչ այնքան արագություն է հարկավոր, որքան ճիշտ ընտրված ճանապարհ:
— Արդար է կոչվում այն մարդը, որը բոլոր էակների նկատմամբ հավասարապես անաչառ վերաբերմունք է ցուցաբերում:
— Ովքեր գեթ մի անգամ իմաստասիրական խոսք են տենչում և պատեհ առիթ են ունենում լոկ մատի ծայրով ճաշակելու նրա քաղցրությունը, նրանք, բոլոր երկրավոր հոգսերին ՙմնաք բարյավ» ասելով, ողջախոհ մի մոլությամբ անձնատուր են լինում նրան: