Շուշիի տեխնոլոգիական համալսարանում փորձուսուցում են անցել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները փորձուսուցում են անցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական տեխնոլոգիաների և ուսումնափորձարարական լաբորատորիայում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կրթահամալիրի քոլեջի բնագիտական բաժնի սաները փորձուսուցման ընթացքում ծանոթացել են լաբորատորիայի պայմաններին և փորձել իրենց մասնակցությունն ունենալ մասնագիտական աշխատանքներին:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիայի ղեկավար Գագիկ Ներսիսյանը փորձուսուցման մասնակիցներին է ներկայացրել «Բնական նյութերի ստացումն ու կիրառությունը. բնական միջոցներից ստեղծված տարբեր դեղամիջոցներ» թեմայով դասախոսություն, որից հետո ներկաները ծանոթացել են պահածոյացման տեխնոլոգիաներին և որոշ պահածոների ու հյութերի արտադրությանը, ինչպես նաև վայրի բույսերի ուսումնասիրության, նրանց օգտագործման և կիրառման, դրանցից պարզ դեղամիջոցների ստացման եղանակներին: Տեղական հումքից արտադրված եթերայուղերով պատրաստվել են դեղամիջոցներ, և այժմ ընթանում են դրանց փորձարկման աշխատանքները:

Գ. Ներսիսյանն իր խոսքում նշել է, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանն իր հաստատուն քայլերով փորձում է վերականգնել Շուշիի՝ որպես գիտական և մշակութային կենտրոնի, երբեմնի փառքը և հավելել, որ Երևանի կիթօջախների հետ կապերը լավագույնս նպաստում են այդ պատասխանատու գործին:

Artsakhpress.am