27 Սեպտեմբերի 2020թ. 16:19

Դադիվանքում հյուրանոցային համալիր կկառուցվի

Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Դադիվանք համայնքում հաջորդ տարվա սկզբին կսկսվի մի քանի հյուրանոցների շինարարություն, ինչի մասին «Փաստ»–ին հայտնեց համայնքի ղեկավար Ալվարդ Օհանյանը:

Օհանյանի տեղեկացմամբ՝ այդ երեք հյուրանոցներից մեկը պատրաստվում է կառուցել իր ընտանիքը: Խոսքը գնում է հյուրատան կառուցման մասին: Հյուրանոցներից երկրորդի կառուցման հայտ ներկայացրել է Ստեփանակերտի բնակիչ, իսկ երրորդն էլ՝ «Իսաբուլաղ» ՍՊԸ–ն է, որը ոչ թե հյուրանոց է կառուցելու, այլ հյուրանոցային համալիր:

Այս երրորդ հյուրանոցի սեփականատիրոջ վերաբերյալ գյուղում խոսակցություններ են գնում, որ Ռուբեն Հայրապետյանն է (Նեմեց Ռուբո): Դեռ ավելին՝ դադիվանքցիները նշում են, որ նա բացի հյուրանոցից, ռեստորան ու սուպերմարկետ էլ է պատրաստվում կառուցել:

Համայնքապետ Ալվարդ Օհանյանը մեզ հետ զրույցում, սակայն, նշեց, որ ռեստորանի և սուպերմարկետի շինարարությունների վերաբերյալ տեղեկություններ չունի, առավելևս՝ նման հայտեր չկան իր սեղանին: Մեր հարցին, թե ինչ փուլում են Ռուբեն Հայրապետյանի կողմից գյուղում կառուցվելիք հյուրանոցի աշխատանքները, պատասխանեց, որ այս պահին գյուղում առհասարակ բոլոր շինաշխատանքները դադարեցված են, քանի որ առջևում ձմեռ է և շինարարությունը կվերսկսվի գարնանը: Բայց կոնկրետ Ռուբեն Հայրապետյանի անունով գյուղապետը ոչ մի փաստաթուղթ չունի՝ ոչ հայտ և ոչ էլ հողի պահանջ: Նշեց, որ հիմա Դադիվանքի տարածքին վերաբերող շինարարությունների համար նոր թղթաբանություններ են պատրաստվում:

«ՍՊԸ–ով ներկայացված հայտ կա: Գուցե Ռուբեն Հայրապետյանը ՍՊԸ–ով է ներկայացել: Բայց ինձ մոտ նման անուն ազգանուն չկա, ՍՊԸ–ով է գործը կատարվում: Խոսքը «Իսաբուլաղ» ՍՊԸ–ի մասին է, որի հայտը վերաբերում է հողատարածքի ձեռքբերմանը հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով»,– ասաց նա՝ հավելելով, թե դիմումը նոր են տվել, և հողի տրամադրման դեպքում գարնանը կսկսվի շինարարությունը:
Ըստ Օհանյանի՝ հողատարածքը տրամադրելու համար անհրաժեշտ է նախ կառավարության համաձայնությունը. «Պետք է պետական կառույց ներկայացնենք, եթե համապատասխանի, նոր կդնենք ավագանու քննարկմանը: Կառավարությունը պիտի հավանություն տա, այն ճանապարհի կողքին կառուցվող շինություն է և պետք է եվրոստանդարտներին համապատասխան լինի: Դրանից հետո միայն ավագանին իր որոշումը կկայացնի»:

Գյուղացիներից մեկը մեզ նաև տեղեկացրեց, որ Ռուբեն Հայրապետյանի աշխատողներն այդ տարածքում, որն այսպես կոչված Կուսանանց եկեղեցու հարևանությամբ է, գետի վրա կամուրջ են կառուցել ու տաղավարներ տեղադրել: Գյուղապետը մեզ հետ զրույցում նույնպես նշեց, որ «Իսաբուլաղ» ՍՊԸ–ն այդ հատվածում կամուրջ է կառուցել՝ հավելելով. «Ստույգ չգիտեմ, կարող է ձեր ասած ազգանունը հենց էդ տիրոջ ազգանունն է»:
Հավելենք միայն, որ Ռուբեն Հայրապետյանը, ով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, իր վերջին ֆուտբոլային ասուլիսներից մեկում նշել էր, որ վերջին տարիներին բնակվում է Շուշիում:

Past.am