26 Սեպտեմբերի 2020թ. 3:48

ԵՄ-ն աջակցում է ՀՀ կրթության ոլորտում որակավորումների բարելավմանը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր քննարկվել է «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի կատարողականը։

ԿԳՆ փոխանցմամբ՝ նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ ակնհայտ է` ինչ բացասական հետեւանքներ է ունեցել  կրթության եւ տնտեսության համար մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում ժամանակին արձանագրված բացերը:

«ԵՄ-ի բյուջետային աջակցությամբ բոլոր երեք ծրագրերը, որոնց արդյունքները տեսանելի են ինչպես բովանդակային, այնպես էլ գործնական իմաստով, ցույց են տալիս, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»,- ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը շուտով կներկայացվի Կրթության զարգացման պետական ծրագիրը 2018-2030 թթ․, որտեղ փորձ է արվել կրթությունը դիտարկել որպես մեկ ամբողջություն:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին էլ նշել է, որ կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության նպատակն է՝ աջակցել Հայաստանին կապ հաստատել մասնագիտական կրթության, ուսուցման եւ զբաղվածության միջեւ՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը:

Դեսպանն ընդգծել է ՄԿՈՒ-ի կարեւորությունը՝ ապահովելու Հայաստանի ընդհանուր աճը եւ աշխատաշուկայի պահանջների ու ուսանողների որակավորումների միջեւ կապը: