22 Սեպտեմբերի 2020թ. 15:21

ՀՀ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

Պետության կողմից երկրի պաշտպանության ապահովումն առաջնային, չփոխարինվող հասարակական բարիք է, իսկ պաշտպանության գործունեությունը՝ տնտեսական գործունեության տարատեսակ1, որի թողարկած արդյունքը ոչ նյութական բնույթ ունի և բավարարում է երկրի արտաքին անվտանգության նկատմամբ բնակչության պահանջմունքը։ Վերջինս երկրների առաջնահերթությունների սանդղակում ամենակարևոր դիրքում է, անկախ այն հանգամանքից՝ երկիրը պատերազմական իրավիճակում է, թե ոչ։

Որպես օրինաչափություն, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման և պաշտպանությանը հատկացվող պետական ծախսերի առավել արդյունավետ օգտագործման մեխանիզմների մշակման իրողությունները բնորոշ են այն պետություններին, որոնք գտնվել են որոշակի կրիտիկական իրավիճակում (պատերազմ, սառեցված հակամարտություններ, ռազմական էմբարգո, շրջափակում)։ Օրինակ, 1950-ական թթ. Չինաստանը և Եգիպտոսը սպառազինություններ ներկրում էին հիմնականում Խորհրդային Միությունից, մինչև որ այդ մատակարարումները դարձան անորոշ ու անվստահելի, ինչն էլ հարկադրեց նախաձեռնել զենքի տեղական արտադրություն։ Նույնը կարելի է ասել նաև Թայվանի, Թուրքիայի և Բրազիլիայի մասին, որոնք, տարբեր պատճառներով արժանանալով ռազմական արտադրանքի ներկրման էմբարգոյի, սկսեցին զարգացնել սպառազինությունների տեղական արտադրություն [1, p. 5]:

Հայաստանը կարծես բացառություն է այս օրինաչափությունից, որը, ներքաշվելով Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմին և 1993թ. կնքելով զինադադարի պայմանագիր՝ ըստ էության, համաչափ կերպով չի ձեռնարկել ազգային անվտանգության պահանջներով պարտադրված՝ ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման էական միջոցառումներ։ Դրա մասին է վկայում նաև այն, որ ռազմական ներուժի միջազգային վարկանիշային հետազոտություններում Հայաստանը 2016թ. հունվարի դրությամբ 126 երկրների շարքում զբաղեցնում է 94-րդ տեղը, այն դեպքում, երբ Ադրբեջանը 60-րդ դիրքում է2։ Նման իրավիճակում առաջնահերթ խնդիր է մոբիլիզացնել երկրի գիտական ներուժը և ուղիներ որոնել երկրի անվտանգության խնդիրների լուծման մոտեցումներում բեկումնային փոփոխությունների համար: Արդի բարդ աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի նման փոքր, բաց տնտեսությամբ երկրի համար նշված գերխնդրի լուծման առավել արդյունավետ ուղին սեփական ռազմարդյունաբերության զարգացումն է։ Նման տեսակետն առավել հիմնավորված է ներկայանում, երբ հաշվի ենք առնում, որ ոլորտի աշխուժացումը կարող է ընդհանուր տնտեսության զարգացման էական խթաններ ստեղծել, իսկ ռազմական ծախսերի խելամիտ կառավարման ու նպատակաուղղված օգտագործման պարագայում կարելի է դրանք վերածել տնտեսական աճին նպաստող էական գործոնի։

Ռազմարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսությունում

Ռազմարդյունաբերության ոլորտը, որպես ազգային տնտեսության ենթահամակարգ հանդիսացող ռազմական (պաշտպանական) տնտեսության բաղադրիչ, ներառում է երեք արտադրական ուղղություն.

— Զենք-զինամթերքի, ռազմական հատուկ տեխնիկայի, սարքավորումների, բացառապես ռազմական նշանակության այլ արտադրանքի թողարկում;

— Երկակի նշանակության արտադրանքի, տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների թողարկում3;

— Կոնվերսիոն արտադրանքի թողարկում, երբ ռազմական նշանակության արտադրանք թողարկող ձեռնարկություններն իրենց նախաձեռնությամբ (շահույթը մեծացնելու նկատառումներով) կամ շուկայական կոնյունկտուրայի փոփոխություններին հարմարվելու հարկադրանքով սկսում են արտադրել (կամ արտադրում են) նաև խաղաղ պայմաններում քաղաքացիական պահանջմունքների բավարարման համար նախատեսված արտադրանք՝ օգտագործելով ռազմական նպատակներով իրականացված գիտատեխնիկական մշակումների արդյունքները։

Բացի ռազմարդյունաբերությունից, ռազմական տնտեսությունը ներառում է նաև զինված ուժերի տնտեսությունը, որն էլ իր հերթին ունի երկու բաղադրիչ՝ զինված ուժերի թիկունքի տնտեսություն և զինված ուժերի զորամասային տնտեսություն։ Զինված ուժերի տնտեսությունը ձևավորվում է պետության ռազմական ծախսերի միջոցով։ Պետական ռազմական ծախսերը ներառում են սպառազինության գնման և ԳՀՓԿ աշխատանքների համար նախատեսված, նյութատեխնիկական ապահովման, անձնակազմի պահպանման և կապիտալ շինարարության ծախսերը։ Ակնհայտ է, որ պետության կողմից իրականացված ռազմական ծախսերի մի զգալի մասը վերադառնում է տնտեսություն՝ ռազմարդյունաբերության և արտադրական այլ ոլորտներում պետական պատվերով արտադրության կազմակերպման համար։ Ռազմարդյունաբերության և ազգային տնտեսության փոխառնչությունները ներկայացված են Գծապատկեր 1-ում4, որն, ըստ էության, արտացոլում է ռազմարդյունաբերության ոլորտի ներուժային համակարգաստեղծ նշանակությունն ամբողջ տնտեսության համար՝ պայմանավորված տնտեսության այլ ճյուղերի հետ համագործակցության լայն հնարավորություններով5։

Ռազմական նշանակության արտադրանք կարող են թողարկել մեքենաշինությունը (մասնավորապես ռադիոէլեկտրոնային, էլեկտրատեխնիկական, օպտիկամեխանիկական, սարքաշինական արտադրությունները), որն իր հերթին հիմնվում է մետաղամշակման և քիմիական արտադրությունների վրա, միաժամանակ վերջինիս որոշ ենթաճյուղեր ինքնին կարող են հանդես գալ որպես ռազմական արտադրանքի թողարկման ոլորտ, իսկ ժամանակակից սպառազինությունների գերակշիռ մասը հիմնվում է տեղեկատվական տեխնոլոգիաների վրա։ Ինչ վերաբերում է սննդի և թեթև արդյունաբերությանը, ապա դրանց առանձնացումն արտադրական այլ ոլորտներից պայմանավորված է փոխազդեցությունների առավել թույլ դրսևորմամբ, քանի որ դրանք ռազմական տնտեսությանն առնչվում են միայն զինված ուժերի համար պետական գնումների շրջանակներում, որոնք արժեքային ցուցանիշներով նկատելիորեն զիջում են ռազմական ծախսերի այլ բաղադրիչներին։ Այնուամենայնիվ, պատերազմական իրավիճակում գտնվող փոքր բաց տնտեսության համար, որտեղ արդյունաբերական արտադրանքի ծավալները չեն գերազանցում ՀՆԱ 20%-ը, բանակի համար պետական պատվերների իրականացումը կարող է հաջող արտադրական գործունեության մեկնակետ ծառայել, հատկապես եթե հաշվի առնենք, որ այս երկու ոլորտներում առավել նպատակահարմար է փոքր ձեռնարկատիրության զարգացումը։

Փաստորեն, ընդհանուր տնտեսական համակարգի վրա ռազմական տնտեսության ազդեցությունը կարող է դրսևորվել երկու ուղղությամբ, մի դեպքում՝ ռազմարդյունաբերության ոլորտում զարգացումների արդյունքում, մյուս դեպքում պետական ռազմական ծախսերի փոխանցման մեխանիզմով: Ազդեցության ուղղությունների նման տարբերակումն էական է, քանի որ հնարավորություն է տալիս նաև տարբերակված ուսումնասիրել տնտեսական աճի և տնտեսական զարգացման վրա հնարավոր ազդեցությունները։ Տնտեսագիտական հետազոտությունները հիմնականում շեշտադրում են տնտեսական աճի վրա ռազմական ծախսերի ազդեցության ուսումնասիրությունը, մինչդեռ ավելի կարևոր է տնտեսական զարգացման տեսանկյունից երևույթների քննությունը, քանի որ եթե տնտեսական աճի հիմքում երկրի տնտեսական զարգացումը չէ, ապա այն ունի ժամանակավոր ու պատահական բնույթ, և հաճախ չի ապահովում երկրի կենսամակարդակի և բարեկեցության համապատասխան աճ։ Հայտնի է, որ ռազմական ծախսերի և տնտեսական աճի միջև գոյություն ունի ուղիղ կախվածություն՝ պայմանավորված ՀՆԱ ցուցանիշի հաշվարկման տնտեսամաթեմատիկական առանձնահատկությամբ, այն է՝ ռազմական ծախսերը համարվում են պետության կողմից երկրի պաշտպանության ծառայության (որպես հասարակական բարիք) ձեռքբերման արժեք, որը ձևավորվում է երեք բաղադրիչներից՝ ռազմամթերքի գնում, հիմնական կապիտալի (զորանոցների, այլ ռազմական նշանակության շինությունների) ամորտիզացիա և ընթացիկ նյութական ծախսեր, և ներառվում է ՀՆԱ կառուցվածքում՝ որպես պետական գնումների բաղադրիչ։ Բացի այդ, դրանց աճը հարուցում է համախառն պահանջարկի մուլտիպլիկատիվ աճ և հանգեցնում գործազրկության կրճատմանը։ Սակայն ՀՆԱ որակական աճի (տնտեսական զարգացման) տեսանկյունից խնդրի դիտարկումը ենթադրում է ավելի շուտ ռազմարդյունաբերության ոլորտի տնտեսական ցուցանիշների բարելավման նպատակադրում, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է նկատելի աճ ապահովել ՀՆԱ-ն ձևավորող այլ բաղադրիչների գծով (սպառողական ծախսերի, ներդրումների, արտահանման ծավալների աճ)՝ առաջ բերելով ՀՆԱ ավելի արագ և արդյունավետ աճ։

Տնտեսական աճի վրա ռազմական ծախսերի ազդեցությունը

Տնտեսական աճի և ռազմական ծախսերի միջև փոխկապվածությունների հետազոտումը տնտեսական քննարկումների առանցքային խնդիրներից էր դեռևս 1980-1990-ական թթ., սակայն այդպես էլ չհաջողվեց էմպիրիկ հետազոտություններով համաձայնության գալ այդ խնդրի շուրջ՝ պայմանավորված հետազոտական մոտեցումների զգալի այլատարրությամբ՝ ինչպես երկրների ընտրանքի, այնպես էլ ուսումնասիրությունների համար ընտրված ժամանակային միջակայքերի խիստ բազմազանության առումներով [2, p. 3]: Հետխորհրդային երկրներում ռազմական ծախսերի տնտեսական ազդեցության վերաբերյալ հետազոտությունները սկսել են իրականացվել համեմատաբար վերջերս (2000-ական թթ. սկզբից), ընդ որում՝ դրանք հիմնարար բնույթ չեն կրում, և ներկայացված են հիմնականում առանձին գիտական հոդվածներով, որոնք իրենց հերթին հիմնվում են արևմտյան տնտեսագիտական մտքի վերլուծական գործիքակազմի վրա։ Դա մասամբ պայմանավորված էր նրանով, որ երկար ժամանակ գերիշխող էր այն կարծիքը, թե Խորհրդային Միության փլուզման հիմնական պատճառը տնտեսության չափազանց ռազմականացումն էր «սառը պատերազմի» տարիներին, և որ ռազմական ծախսերի աճը բացասաբար է ազդում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Դա, թերևս, հիմնական պատճառներից մեկն է, որ Հայաստանում տնտեսության վրա ռազմական ծախսերի ազդեցության հետազոտական աշխատանքները բացակայում են։

Ռուսաստանում ռազմական ծախսերի և ռազմարդյունաբերության վերաբերյալ տեսական6 ու էմպիրիկ հետազոտություններ սկսեցին իրականացվել՝ պայմանավորված ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նկատմամբ հետաքրքրության աճով։ Օրինակ, Գ.Լավրինովը Ռուսաստանի մակրոտնտեսական ցուցանիշների և ռազմական ծախսերի միջև փոխկապվածության աստիճանը գնահատելու համար հաշվարկում է դրանց միջև կոռելյացիայի գործակիցները (1994-2005թթ. տվյալների հիման վրա) և բացահայտում, որ ամենաբարձր փոխկապվածությունը ռազմական ծախսերի ու մեքենասարքավորումների արտադրության միջև է (0.85), մի փոքր ավելի ցածր՝ ռազմական ծախսերի և ընդհանուր արդյունաբերության (0.77) և վերամշակող արդյունաբերության (0,79) հետ կախվածություններում, մինչդեռ ՀՆԱ-ի և ռազմական ծախսերի միջև կոռելյացիան ավելի փոքր է (0.57) [3, с. 19-24]։ Գիտնականների մի խումբ էլ (Ս.Մալկով, Դ.Չերնավսկի, Ն.Ստարկով, Յու.Կոսսե, Վ.Կովալյով) տպագրված հոդվածների շարքով առաջարկում է մակրոտնտեսական ցուցանիշների վրա ռազմական ծախսերի ազդեցության գնահատման տնտեսամաթեմատիկական մոդել, որի հիման վրա կատարված սցենարային վերլուծություններով եզրակացվում է, որ պետական ռազմական պատվերի աճը նպաստում է տնտեսական աճին, ընդ որում՝ դրսևորելով գնաճային նվազագույն ճնշում, ինչը պայմանավորված է ՌԱՀ արտադրական հզորությունների առավել արդյունավետ օգտագործմամբ, վերամշակող արդյունաբերության աշխուժացմամբ, արդյունաբերության բարձրտեխնոլոգիական ոլորտներում եկամուտների բարձրացմամբ, բացի այդ՝ պետական ռազմական պատվերի նույնիսկ 2.5-3 անգամ աճի դեպքում Ռուսաստանի տնտեսական զարգացումը չի վտանգվի [4-6]։ Ս.Մենշիկովը ներկայացնում է միջճյուղային դինամիկ մոդելի միջոցով Ռուսաստանի համար հաշվարկված ռազմական ծախսերի մուլտիպլիկատորի գործակիցը՝ 2.2, իրական մուլտիպլիկատորը (այսինքն՝ գնաճի հաշվառմամբ)` 1.8, որը բաշխվում է հետևյալ կերպ. ռազմական արտադրանքի աճ՝ 1.0, սպառողական ծախսերի աճ՝ 0.47, կապիտալ ներդրումների աճ՝ 0.33 [7]:

Հայաստանի օրինակով, ռազմական ծախսերի և տնտեսական աճի միջև փոխկապվածության հետազոտությունն իրականացրել ենք SIPRI7 և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տարեգրքերի8 համադրելի տվյալների հիման վրա՝ փորձելով պարզել, թե գոյություն ունի արդյոք կոռելյացիոն կախվածություն ուսումնասիրվող փոփոխականների միջև։ Հաշվարկվել են հետևյալ զույգային կոռելյացիայի գործակիցները՝ ռազմական ծախսեր և ՀՆԱ, ռազմական ծախսեր և արդյունաբերական արտադրանքի ծավալ, ռազմական ծախսեր և վերամշակող արդյունաբերություն (1995-2015թթ. տվյալներով), ինչպես նաև մեկ տարի ժամանակային լագով ՀՆԱ — ռազմական ծախսեր և ռազմական ծախսեր – ՀՆԱ9։

Վերլուծությունը ցույց է տվել, որ ցածր, բայց էական կախվածություն դրսևորվել է միայն մեկ տարի ժամանակային լագով ՀՆԱ — ռազմական ծախսեր ժամանակային շարքերի համադրման դեպքում։ Դա վկայում է, որ եթե նախորդ տարում ՀՆԱ-ն աճել է, ապա հաջորդ տարվա բյուջեում հնարավոր է եղել ռազմական ծախսերին ավելի մեծ հատկացումներ անել։ Միաժամանակ, հակադարձ փոխկապվածությունն ուսումնասիրելիս կոռելյացիայի գործակիցը մոտ է եղել զրոյին, ընդ որում՝ բացասական միտումով, ինչը ցույց է տալիս, որ ռազմական ծախսերի փոփոխությունը հաջորդող ժամանակաշրջանում գրեթե ազդեցություն չի ունեցել ՀՆԱ ցուցանիշի վրա, իսկ եթե նույնիսկ ունեցել է, ապա կապը հակադարձ է եղել. ռազմական ծախսերի աճին հետևել է ՀՆԱ չնչին կրճատում։ Կոռելյացիայի բացակայություն է արձանագրվել նաև ռազմական ծախսերի և արդյունաբերական արտադրանքի միջև, իսկ ռազմական ծախսերի և ՀՆԱ-ի միջև դրսևորվել է թույլ կոռելյացիա, ինչն, ըստ էության, արտացոլում է ՀՆԱ և ռազմական ծախսերի թվաբանական փոխառնչությունը։ Թույլ կոռելյացիոն կապ է դիտարկվել նաև ռազմական ծախսերի և վերամշակող արդյունաբերության միջև, ինչը նախորդ ցուցանիշների և միտումների հետ համադրության պարագայում թույլ է տալիս եզրակացնել, որ այն պատահական բնույթ է կրել։ Մեր եզրակացությունները հաստատելու համար ստուգել ենք նաև Գրեյնջեր պատճառականությունը համեմատաբար բարձր կոռելյացիայի ցուցանիշներ արձանագրած ժամանակային շարքերի համար։ Ստացված արդյունքները հաստատել են, որ Հայաստանում ռազմական ծախսերը ՀՆԱ խթանման գործառույթ չեն իրականացրել, և եթե ռազմական ծախսերի աճն ինչ-որ չափով պայմանավորվել է ՀՆԱ փոփոխությամբ, ապա հակառակ պատճառականությունը կարելի է բացառել։ Նման վերլուծությունը համահունչ է Հայաստանի տնտեսական համակարգի կառուցվածքին։ Վերջինս բնորոշվում է որպես «սպառող» տնտեսություն (2015թ. դրությամբ ներմուծումը 2.2 անգամ գերազանցել է արտահանմանը, իսկ վերջինիս գերակշիռ մասը շարունակում է մնալ հանքահումքային արտադրանքը), որի ՀՆԱ-ում ամենամեծ տեսակարար կշիռն ունի «Առևտուր և ծառայություններ» բաղադրիչը՝ 46.4%, իսկ արդյունաբերության (ներառյալ էներգետիկան) տեսակարար կշիռն ընդամենը 16.2% է։ Մինչդեռ, տնտեսական աճի վրա ռազմական ծախսերի ազդեցության մեխանիզմների գործառնության համար անհրաժեշտ է առողջ տնտեսական համակարգ՝ դիվերսիֆիկացված արդյունաբերական կառուցվածքով, որտեղ տարբեր արտադրական ոլորտների միջև առկա են հաստատուն կապեր և որտեղ տնտեսական ազդակները մի օղակից մյուսին փոխանցվում են անխափան։

Ռազմական ԳՀՓԿԱ ազդեցությունը տնտեսության զարգացման վրա

Նորարարական հիմքով տնտեսական զարգացման հիմնուղին երկրում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) արդյունավետ իրականացումն է։ Սակայն, եթե տնտեսագետները համակարծիք են, որ ԳՀՓԿԱ ծախսերը նպաստում են տնտեսության տեխնոլոգիական զարգացմանը, բարելավում են արդյունաբերության ճյուղային կառուցվածքը՝ հօգուտ բարձր տեխնոլոգիական, մեծ ավելացված արժեք ստեղծող արտադրությունների, ապա ռազմական ԳՀՓԿ ծախսերի ազդեցության շուրջ քննարկումներում գիտական տեսակետների միջև հակասություններն առավել սուր բնույթ են կրում։ Նույնիսկ այն դեպքում, երբ էմպիրիկ հետազոտությունները բացահայտում են դրական կախվածություն ռազմական ԳՀՓԿԱ ծախսերի և տնտեսության զարգացման կարևորագույն ինդիկատորների միջև, վիճելի է մնում հասարակության լայն շերտերի համար դրանց օգտակարության հարցը։

Գիտական բանավեճերի գլխավոր հակափաստարկ-այլընտրանքն այն է, որ նորարարությունների և դրանց հիմքով տնտեսական զարգացման ավելի մեծ արդյունքների կարելի է հասնել, եթե ԳՀՓԿԱ ծախսերը գերակշռեն քաղաքացիական նշանակության արտադրություններում և իրականացվեն մասնավոր ձեռնարկատերերի նախաձեռնությամբ՝ առևտրային շահի հետապնդմամբ։ Այս տեսակետը հաստատող հետազոտությունները սակավաթիվ են՝ պայմանավորված պետությունների կողմից ռազմական նպատակներով ԳՀՓԿԱ-ի վերաբերյալ հրապարակվող տվյալների սահմանափակությամբ, ինչպես նաև արտաքին էֆեկտների գնահատման մեթոդոլոգիական և հայեցակարգային մոտեցումների անկատարությամբ։ Այդպիսի հետազոտություններից մեկը բացահայտել է, որ թեև ԱՄՆ-ում 1960-ական թթ. գիտահետազոտական աշխուժությունը (որը չափվում է ընկերությունների կողմից ԳՀՓԿԱ ծախսերով) դրական նշանակալի կոռելացվածություն է ունեցել 16 արդյունաբերական ոլորտների ձեռնարկությունների իրացման ծավալների, ակտիվների, զուտ եկամտի և այլ ցուցանիշների հետ, սակայն, երբ ներառվել են նաև պետական ԳՀՓԿԱ ծախսերը, կոռելյացիան դադարել է նշանակալի լինել։ Բացառելով հետազոտությունից պետական միջոցների 5/6-ը սպառող արտադրական ոլորտները՝ ավիաարդյունաբերությունը, հրթիռաշինությունը և էլեկտրասարքավորումների արտադրությունը, նշանակալի կոռելյացիան վերականգնվել է։ Դա հիմք է տվել եզրակացնելու, որ արդյունաբերական աճը դանդաղում է պաշտպանության նպատակներով ԳՀՓԿԱ ծախսերի վերաբաշխման արդյունքում [8, p. 232-256]։

Ավելի ուշ, OECD 16 երկրների համար արտադրողականության աճի վրա ԳՀՓԿԱ ազդեցության ուսումնասիրության ընթացքում, հեղինակները բացահայտում են, որ պետական ֆինանսավորումն ընդհանուր առմամբ բացասական ազդեցություն է ունեցել մասնավոր ոլորտում իրականացվող ԳՀՓԿԱ-ների վրա, և միայն ռազմական ոլորտին առնչվող ծախսերն են էական բացասական ազդեցություն ունեցել արտադրության գործոնների արտադրողականության վրա, մինչդեռ քաղաքացիական նշանակության ԳՀՓԿԱ պետական ֆինանսավորումը դրական է ազդել մասնավոր հատվածում նորարարությունների ու գործարարության աշխուժացման վրա [9, p. 113-114]։

Ինչ վերաբերում է ռազմական ԳՀՓԿԱ ֆինանսավորման արդյունքում քաղաքացիական նշանակության արտադրություններում ԳՀՓԿԱ «արտամղման» էֆեկտին, ապա էմպիրիկ հետազոտությունները հիմնականում չեն բացահայտել որևէ հստակ երկարաժամկետ կախվածություն ռազմական և քաղաքացիական ԳՀՓԿԱ-ների միջև, հետևաբար չեն կարող ապացուցել արտամղման էֆեկտի գոյությունը [10, p. 161-178]։ Այնուամենայնիվ, որոշ հետազոտողներ էլ գտնում են, որ ռազմական ոլորտում ԳՀՓԿԱ-ներն ունեն ակնհայտ այլընտրանքային ծախսեր, քանի որ հաճախ մենաշնորհային պայմաններով օգտագործում են սահմանափակ բարձրորակ գիտական կադրերն ու ակտիվները, որոնք հակառակ դեպքում կարող էին օգտագործվել քաղաքացիական նշանակության գիտահետազոտական աշխատանքներում [11, p. 169-175]։ Ի հակադրություն, շատ են նաև այն հետազոտությունները (ԱՄՆ օրինակով՝ [12, pp. 136-145], Իսրայելի օրինակով՝ [13, p. 18]), որոնք փաստում են, որ ռազմական ԳՀՓԿԱ-ները նպաստում են քաղաքացիական ոլորտում արտադրանքի թողարկման աճին, և հետևաբար նաև՝ տնտեսական աճին։

Տնտեսության վրա ռազմական ԳՀՓԿԱ-ների ազդեցությունը չի կարելի միանշանակ սահմանափակել արտամղման կամ կողմնակի էֆեկտներով, կարևոր է հաշվի առնել նաև այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են ազգային անվտանգության բարձր մակարդակը, որը մեծացնում է տնային տնտեսությունների օգտակարությունը (անվտանգության էֆեկտ), և ռազմական ԳՀՓԿԱ-ների միջոցով ընդհանուր նշանակության տեխնոլոգիաների մշակման հնարավորությունը, որը տնտեսագիտական գրականությունում հայտնի է որպես spin-off էֆեկտ։ Այս համատեքստում կարելի է փաստել, որ ռազմական ԳՀՓԿԱ-ների ազդեցությունը տնտեսական աճի վրա զգալի անորոշություններ է ենթադրում։ Մասնավորապես, եթե ռազմական ԳՀՓԿԱ-ներին ուղղվող ծախսերի կրճատումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ դրանց մեկնարկային մակարդակը նկատելիորեն բարձր է, ապա դա տնտեսական աճի վրա դրական ազդեցություն կունենա, իսկ եթե ռազմական ԳՀՓԿԱ ծախսերի մեկնարկային մակարդակը ցածր է, ապա ազդեցությունը բացասական կլինի։ Փաստորեն, գոյություն ունի ռազմական ԳՀՓԿԱ ծախսերի այնպիսի մակարդակ, որն առավելարկում է տնտեսական աճը՝ պայմանավորված, արտաքին դրական (spillovers) և spin-off էֆեկտներով, և միաժամանակ, ռազմական ԳՀՓԿԱ ծախսերի այնպիսի մակարդակ, որն առավելարկում է տնային տնտեսությունների բարեկեցության ֆունկցիան՝ անվտանգության էֆեկտի շնորհիվ [14]։

Ընդհանրացնելով գոյություն ունեցող հետազոտությունների արդյունքները՝ առանձնացնենք տնտեսության վրա ռազմական ԳՀՓԿԱ ազդեցության հիմնական ուղղությունները.

— Անվտանգության էֆեկտ (security effect), որը մի կողմից ապահովում է տնտեսական գործունեության համար անվտանգ ու վստահելի միջավայր՝ նպաստելով ներդրումների աճին և տնտեսական աշխուժացմանը, մյուս կողմից՝ ենթադրում է հասարակության օգտակարության ֆունկցիայի աճ, քանի որ նրանում ներառված կարևոր հասարակական բարիքներից մեկը՝ ազգային անվտանգությունը, տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ որակապես բարելավվում է;

— Համախառն պահանջարկի աճի էֆեկտ, որի ազդեցության մեխանիզմը միջնորդավորված է հասարակության բարեկեցության ֆունկցիայի փոփոխությամբ. երբ վերջինս աճում է, տնային տնտեսությունները մեծացնում են սպառողական ծախսերը;

— Համախառն առաջարկի աճի էֆեկտ, որը հնարավոր է տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում արտադրողականության աճի, արտադրական ծախքերի նվազման շնորհիվ;

— Դրական արտաքին էֆեկտներ (positive spillover effect), երբ ռազմական նշանակության տեխնոլոգիաները փոխանցվում են արտադրության այլ ոլորտներ և նպաստում տնտեսությունում ընդհանուր տեխնոլոգիական առաջընթացին։

Կարող ենք տարանջատել դրական էքստերնալների դրսևորման երեք տարբերակ.

— Spin-off էֆեկտ, երբ ռազմական ԳՀՓԿԱ արդյունքում մշակված տեխնոլոգիաները, առաջնահերթ բավարարելով ռազմական պահանջմունքները, որոշ ժամանակ անց փոխանցվում են (պատենտների և արտոնագրերի վաճառքի միջոցով) քաղաքացիական արտադրության ոլորտ;

— Spin-in էֆեկտ, երբ երկրում ԳՀՓԿԱ ծախսերն ուղղորդվում են հիմնականում քաղաքացիական նշանակության տեխնոլոգիաների մշակմանը՝ մասնավոր ընկերությունների կողմից, սակայն վերջիններս իրականացնում են նաև ռազմապաշտպանական պահանջմունքների համար պետական պատվերներ կամ իրենց նախաձեռնությամբ (բայց պետության կողմից ստացված արտոնագրերի հիման վրա) արտադրում են նաև ռազմական նշանակության արտադրանք, որի իրացումը կազմակերպում են կոմերցիոն պայմաններով;

— Spin-on էֆեկտ, որի դեպքում ռազմական նշանակության ԳՀՓԿԱ-ները հնարավորություն են տալիս մշակել նաև ընդհանուր նշանակության տեխնոլոգիաներ, այնպես, որ ռազմական արտադրանք թողարկող ձեռնարկությունները մշտապես հնարավորություն ունեն արտադրությունը փոխարկել քաղաքացիական արտադրության (կոնվերսիա);

— Արտամղման էֆեկտ (crowding-out effect), որի ազդեցությունը բացասական է՝ պայմանավորված քաղաքացիական արտադրություններից բարձրորակ կադրերի և ակտիվների ներգրավմամբ, ինչի արդյունքում վատթարանում են այդ ոլորտներում արտադրողականության և այլ տնտեսական ցուցանիշները;

— Բացասական արտաքին էֆեկտ (negative spillover effect), որը դրսևորվում է ռեսուրսների գերլցման ծախքերի տեսքով, քանի որ թողարկվող արտադրանքի պետականորեն երաշխավորված իրացման և պետական ֆինանսավորման զգալի ծավալների պայմաններում հիմնական բեռը կրում է հասարակությունը, որը միշտ չէ, որ հանդես է գալիս, որպես ԳՀՓԿԱ-ների շնորհիվ թողարկվող արտադրանքի սպառող։

Հայաստանում ռազմական ԳՀՓԿԱ-ներին և դրանց հնարավոր ներուժային օգուտներին անհրաժեշտ ուշադրություն չի հատկացվել։ Նախ նկատենք, որ պաշտպանության ընդհանուր ծախսերում հետազոտական ու նախագծային աշխատանքների ֆինանսավորման չափերը ՀՀ պետբյուջեի մասին օրենքներում առանձնացված կերպով սկսել են ներկայացվել 2008-ից10։ Մինչ այդ պաշտպանությանը հատկացվող միջոցները պետական բյուջեում ներկայացվել են երկու ենթախմբով՝ «ռազմական կարիքներ» և «պաշտպանության բնագավառի այլ կարիքներ»։ Հաշվի առնելով այն, որ 1995-2007թթ. երկրորդ ենթախմբի ծախսերը կազմել են ընդհանուր պաշտպանական ծախսերի 5-7%-ը, և հետևելով հետագա տարիներին ԳՀՓԿԱ ֆինանսավորման դինամիկային, որը տատանվել է ընդհանուր պաշտպանական ծախսերի 0.6-0.8%-ի սահմաններում, կարող ենք պնդել 1995-2016թթ. տվյալների անհամադրելիության մասին։ Միաժամանակ, հասանելի վիճակագրական տեղեկատվությունում եռամսյակային կամ կիսամյակային տվյալների բացակայությունն անարժանահավատ է դարձնում էկոնոմետրիկ վիճակագրական հետազոտությունների արդյունքները։ Բացի այդ, եթե վստահելու լինենք այն հետազոտություններին, որոնք պնդում են, որ բացարձակ ցուցանիշով ցածր ռազմական ԳՀՓԿԱ ծախսերը գրեթե զրոյական ազդեցություն են թողնում ընդհանուր տնտեսության զարգացման վրա [15, p. 327-339], ապա Հայաստանի տնտեսության վրա ռազմական ԳՀՓԿԱ ազդեցության իրողությունների որոնումը զգալիորեն բարդանում է։ Ուստի, փորձել ենք մեր գնահատականները կառուցել առավելապես տրամաբանական դատողությունների վրա։

Այսպես, ռազմական ԳՀՓԿԱ բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարելի է բացառել՝ պայմանավորված զգալի չիրացված արտադրական հնարավորությունների և ազատ արտադրական ռեսուրսների առկայությամբ։ Նման պայմաններում, արտամղման էֆեկտի դրսևորման համար պարզապես բավականաչափ ընդարձակ իրական հատված չկա։ Բավական փոքր են նաև քաղաքացիական նշանակության գիտահետազոտական աշխատանքների ծավալները (պետական ֆինանսավորումը ՀՆԱ 0.25%-ի շրջակայքում է), ընդ որում՝ արդյունքների առևտրայնացման բավական ցածր աստիճանով։ Հետևաբար, ռազմական ԳՀՓԿԱ-ները, որոնց անհրաժեշտությունը թելադրված է երկրի անվտանգության խնդիրների հրատապ լուծման պահանջով, կարող են երկրում տեխնոլոգիական առաջընթացի հաջող նախապայման հանդիսանալ՝ տեխնոլոգիական գործընթացներում ներառելով նաև տեխնոլոգիատար այլ ոլորտներ (քիմիական, մեքենաշինական, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլն)։ Միաժամանակ, անվտանգության էֆեկտի ապահովումը բավական կարևոր է Հայաստանի համար արդի աշխարհաքաղաքական պայմաններում։ Տարբեր գնահատումներով՝ տնտեսական շրջափակման հետևանքով Հայաստանը կորցնում է հնարավոր օտարերկրյա ներդրումների 30-40%-ը, և որ առավել խնդրահարույց է՝ իրական ոլորտում ներդրումներից խուսափում են նաև տեղական ներդրողները՝ հաճախ նախընտրելով ներդրում կատարել այլ երկրներում։ Անշուշտ, այս հանգամանքը որոշակի մասով պայմանավորված է նաև երկրի անվտանգության հիմնախնդիրներով։

ՀՀ տնտեսության վրա ռազմական ԳՀՓԿԱ ծախսերի բացասական ազդեցության թերևս միակ ուղղությունը հասարակության համար հարկային բեռի աճն է, քանի որ, ի վերջո, պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացվում է հարկատուների հաշվին։ Սակայն եթե հաշվի առնենք երկարաժամկետ հեռանկարում ԳՀՓԿԱ ծախսերի շնորհիվ հնարավոր բոլոր ուղղակի և անուղղակի օգուտները, օրինակ, սպառազինությունների տեղական արտադրությունը՝ դրանց տեխնոլոգիական կենսացիկլի նախնական փուլում, տեխնոլոգիաների փոխանցման շնորհիվ քաղաքացիական նշանակության նորարարական արտադրանքի թողարկման հնարավորությունները և այլն, ապա պետական միջոցների նման օգտագործումն ավելի ընդունելի է ներկայանում, քան տեխնոլոգիական կենսացիկլի ավարտում գտնվող սպառազինությունների ներկրման ծախսերը։

Հիմնվելով կատարված հետազոտության, ինչպես նաև ռազմարդյունաբերության զարգացման հիմքով տնտեսական աճի ապահոված փոքր բաց տնտեսությամբ երկրների (Իսրայել, Սինգապուր, Հարավային Կորեա) փորձի վրա՝ առաջարկում ենք ռազմարդյունաբերության զարգացումը դիտարկել որպես ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում երկրի անվտանգության գերխնդրի լուծման միակ և տնտեսական զարգացման խնդրի լուծման առավել արդյունավետ եղանակ, և այդ համատեքստում իրականացնել հետևյալ միջոցառումները.

Գիտության ոլորտ

— Ապահովել ռազմական ԳՀՓԿԱ նպատակային ֆինանսավորման աճ՝ վերջինիս շարունակականության նախապայման համարելով ստացված արդյունքների կիրառական նշանակությունը, առևտրայնացման հնարավորությունները։ Ռազմական նշանակության հետազոտական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել հիմնավոր պահանջարկ ունեցող, հիմնարար ու կիրառական էական արդյունքի ձեռքբերմանն ուղղված հետազոտական նախագծերի մրցույթների անցակցման կարգով;

— Ռազմապաշտպանական նպատակներով գիտական ներուժի արդյունավետ օգտագործման նկատառումներով կիրառել ասպիրանտների այլընտրանքային ծառայության նոր մոտեցում, ըստ որի՝ պարտադիր ժամկետային ծառայությունից մրցութային կարգով կարող են ազատվել պաշտպանության նախարարության առաջարկած գիտական թեմաներով հետազոտական աշխատանք իրականացնող ասպիրանտները։ Դա նաև հնարավորություն կտա մեծացնել ինժեներատեխնիկական ու բնական գիտությունների գծով ասպիրանտների և գիտական հետազոտությունների թիվը։

Կրթության ոլորտ

— Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հիմնել միջգիտակարգային կրթության ուղղվածությամբ նոր ֆակուլտետ, և կենտրոնացնելով համալսարանի գիտական ու կադրային ներուժը (քիմիական և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ռադոտեխնիկայի և կապի համակարգի, կիրառական մաթեմատիկայի ու ֆիզիկայի բնագավառներում)՝ այն նպատակաուղղել ռազմական տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական արտադրանքի նախագծման ու մշակման համար համապատասխան մասնագետների կրթմանն ու պատրաստմանը;

— Բուհերում հիմնել գիտահետազոտական լաբորատորիաներ և կենտրոններ, որոնք կմասնագիտանան երկակի նշանակության տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ՝ այդ տեխնոլոգիաների առևտրայնացման գործառույթը վերապահելով պետությանը։

Արտաքին տնտեսական քաղաքականություն

— Մշակել և հետևողականորեն իրականացնել սպառազինությունների և ռազմապաշտպանական նպատակներով ներմուծվող այլ արտադրանքի ներմուծման աստիճանական փոխարինման քաղաքականություն՝ սկսելով սպառազինությունների արտադրության աստիճանակարգի (Կրաուզի աղյուսակ [16]) նախնական փուլերից մինչև երկարաժամկետ հեռանկարում սեփական նոր տեխնոլոգիական սպառազինությունների արտադրությունը;

— Ներմուծել առավելապես այնպիսի սպառազինություններ, որոնք գտնվում են տեխնոլոգիական կենսացիկլի սկզբնամասում։ Դա հնարավորություն կտա ժամանակի ընթացքում կրկնօրինակել արտադրական տեխնոլոգիաները և նախաձեռնել նման սպառազինությունների տեղական արտադրություն (Հնդկաստանի օրինակով);

— Հաշվի առնելով այն, որ սպառազինությունների համաշխարհային շուկա որպես արտադրող մուտք գործելը փոքր երկրների համար բավական դժվար է, այդ ուղղությամբ քաղաքականության հիմքում դնել համաշխարհային շուկայում արդեն որոշակի տեղ զբաղեցնող ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների հիմնումը, այս ոլորտում միջազգային (մասնավորապես ԵԱՏՄ գործընկեր երկրների) արտադրական արժեշղթաներում որոշակի մասնակցություն (առանձին բաղադրիչների արտադրություն, ներմուծված բաղադրիչների տեղում հավաքում, լիցենզիաների և թույլտվությունների հիման վրա որոշ սպառազինությունների տեղական արտադրություն) ունենալու պայմանագրերի ձեռքբերումը։

Արդյունաբերական քաղաքականություն

— Արդյունաբերական քաղաքականության հիմքում դնել կլաստերային զարգացման հայեցակարգը՝ երկրում նոր արժեշղթաների ձևավորման և դրանցում յուրաքանչյուր արտադրական ոլորտի (ձեռնարկության) որոշակիացված մասնակցության ռազմավարական մոտեցումների մշակման հիման վրա։ Նման առաջարկը հիմնավորված է ռազմարդյունաբերության ոլորտի ներուժով` արդյունավետ կերպով կենտրոնացնելու մի շարք փոխկապակցված արտադրական ոլորտների (մեքենաշինություն, մետաղամշակում, քիմիական արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրական ոլորտ) գործունեությունը և նպատակաուղղել երկրի գերակա (տնտեսական, քաղաքական և սոցիալական) խնդիրների լուծմանը;

— Օժանդակել ոլորտում մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը (վարկերի պետական սուբսիդավորման, հարկային արտոնությունների ճանապարհով), մասնավորապես փոքր գիտատար ընկերությունների հիմնադրմանը, որոնք կմասնագիտանան երկակի նշանակության ապրանքների արտադրությունում և կսպասարկեն ռազմարդյունաբերության ոլորտը, իսկ զարգացման որոշակի մակարդակի հասնելուց հետո կդադարեցվի պետական աջակցությունը։

Ֆինանսական ոլորտ

— Ռազմարդյունաբերության ոլորտում ներդրումների սակավության հիմնախնդիրը կարելի է լուծել, եթե ոլորտում գործող ձեռնարկություններին հնարավորություն ընձեռվի թողարկել սեփական պարտքային գործիքներ պետական երաշխավորությամբ, այդպիսով դրանք կարող են շրջանառվել նաև ֆինանսական երկրորդային շուկաներում՝ միաժամանակ նպաստելով երկրում ֆինանսական շուկայի զարգացմանը (Սինգապուրի օրինակ);

— Ռազմարդյունաբերության ոլորտում ներդրումներին կարելի է ուղղել նաև պարտադիր կուտակային համակարգով ձևավորված կենսաթոշակային հիմնադրամների միջոցները։ Ներդրումների նպատակայնությունը և ընդհանուր գործընթացի թափանցիկությունը զգալիորեն կբարձրացնեն հասարակության լայն շերտերի վստահությունն իրականացվող կենսաթոշակային քաղաքականության նկատմամբ՝ խթան հանդիսանալով կամավոր կենսաթոշակային վճարումների պատրաստակամության բարձրացման համար;

— Ձևավորել ռազմարդյունաբերության զարգացման հատուկ ֆոնդ (ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման ֆոնդի անալոգով), որտեղ կուտակվող միջոցները կուղղվեն ռազմավարական նշանակություն ունեցող արտադրական նախագծերի ֆինանսավորմանը։

1 Տնտեսական գործունեության ձևերի դասակարգչի համաձայն՝ «պաշտպանության գործունեությունը» (O84.22 կոդով) ներառվում է պետության կողմից հասարակությանը մատուցվող ծառայությունների մեջ։

2 Համեմատության համար նշենք, որ հարևան մյուս պետություններից Թուրքիան գտնվում է 8-րդ տեղում, Իրանը՝ 21-րդ, Վրաստանը՝ 80-րդ տեղում։ Աղբյուրը՝ http://www.globalfirepower.com/

3 «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքով երկակի նշանակության ապրանք է համարվում յուրաքանչյուր տեսակի գույք, որ կիրառվում է քաղաքացիական նպատակների համար և իր բնույթին ու հատկություններին համապատասխան` կարող է օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար, իսկ երկակի նշանակության տեղեկատվություն և մտավոր գործունեության արդյունք են համարվում ցանկացած տեղեկատվություն, մտավոր գործունեության արդյունք, համակարգչային ծրագրեր, որոնք կիրառվում են քաղաքացիական նպատակների համար և իրենց բնույթին համապատասխան` կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար:

4 Գծապատկերը կառուցվել է հեղինակի կողմից:

5 Ռազմարդյունաբերության և ազգային տնտեսության փոխկախվածությունների մասին առավել մանրամասն տե՛ս. Գ.Հարությունյան, «Ռազմարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության զարգացման ընդհանուր համակարգում», Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում (Գիտական հոդվածների ժողովածու, 2017), էջ 240-246։

6 Տե՛ս, օրինակ, Военный бюджет государства. Методы обоснования и анализа (под ред. Г.С. Олейника), М., Воениздат, 2000, 180 с.; Хрусталев Е.Ю., Экономические проблемы военной безопасности, М., Наука, 2005.

7 Աղբյուրը՝ https://www.sipri.org/databases/milex.

8 Աղբյուրը` http://www.armstat.am/am/?nid=586

9 Նշված վիճակագրական վերլուծության համար անհրաժեշտ բոլոր հաշվարկներն իրականացվել են հեղինակի կողմից, տրվել են համապատասխան գնահատականներ, հոդվածում ներկայացված են միայն կատարված եզրակացությունները:

10 Այս և հաջորդիվ բերված թվային տվյալների աղբյուրը՝ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքներ 2008-2016: http://www.parliament.am/legislation.php?sel=alpha<ype=3&lang=arm

Հուլիս, 2017թ.

Աղբյուրներ և գրականություն

  1. J.Brauer, The Arms Industry in Developing Nations: History and Post-Cold War Assessment. Paper presented at the conference on Military Expenditures in Developing and Emerging Nations, Middlesex University, London, 1998.
  2. G.d’Agostino, J.P. Dunne and L.Pieroni, Assessing the Effects of Military Expenditure on Growth. Oxford Handbook of the Economics of Peace and Conflict’. Oxford University Press, 2010.
  3. Лавринов Г.А., “О влиянии военных расходов на развитие экономики стран”, Военная мысль, 2007, №12.
  4. Чернавский Д.С., Малков С.Ю., Старков Н.И., Коссе Ю.В., Оборонно-промышленный комплекс и развитие экономики России // Стратегическая стабильность, 2004, №1, с. 37-47.
  5. Малков С.Ю., Чернавский Д.С., Ковалев В.И., Коссе Ю.В., Старков Н.И., Экономика России и обеспечение военно-стратегической стабильности // Стратегическая стабильность, 2005, №1, c.67-74.
  6. Малков С.Ю., Ковалев В.И., Коссе Ю.В., К вопросу об определении оптимальной величины оборонных расходов государства // Стратегическая стабильность, 2007, №2, с.72-76.
  7. Оборонная компонента российской экономики. С.М. Меньшиков, ЭКААР-РОССИЯ. Информ-бюллетень. Июль 2001 г. Выпуск 5, часть 1.
  8. William N. Leonard, “Research and Development in Industrial Growth,” Journal of Political Economy 79, no. 2 (Mar. — Apr., 1971), DOI: 10.1086/259741.
  9. Guellec, D. and B. Pottelsberghe de la Potterie (2001). R&D Productivity Growth: Panel Data Analysis of 16 OECD Countries. OECD Economic Studies, no. 33.
  10. Buck, D., K. Hartley and N. Hooper (1993). Defence Research and Development, Crowding Out and the Peace Dividend. Defence and Peace Economics, vol. 4, Issue 2, April.
  11. Hartley, Keith. 2006. Defence R&D: Data issues. Defence and Peace Economics 17.
  12. Chakrabarti, Alok K., and C. Lenard Anyanwu. 1993. Defense R&D, technology, and economic performance: A longitudinal analysis of the US experience. IEEE Transactions on Engineering Management 40.
  13. Dan Peled. 2001. Defense R&D and Economic Growth in Israel: A Research Agenda.
  14. Angus C. Chu, Ching-Chong Lai. Defense R&D: Effects on Economic Growth and Social Welfare. MPRA Paper No. 16325.
  15. Pieroni, Luca, 2009. Military Expenditure and Economic Growth, Defence and Peace Economics.
  16. Krause, Keith. Arms and the State: Patterns of Military Production and Trade. Cambridge: Cambridge University Press, 1992.

 

Գայանե Հարությունյան
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան ՏԻ ավագ գիտաշխատող

«21-րդ ԴԱՐ» N 5, 2017