27 Սեպտեմբերի 2020թ. 17:58

Վահե Անդոնյանս. Բիթքոինը ավելի շատ փող է, քան մյուս արժույթները

SCDM ընկերության հիմնադիր տնօրեն Վահե Անդոնյանսն ասել է, որ բլոկչեյնն ու արհեստական ինտելեկտը հեղափոխություն կմտցնեն ապագայի մեր կյանքում:

Այս մասին Վահե Անդոնյանսը նշել է Banks.am-ին տված հարցազրույցում:
«Արհեստական բանականության տեխնոլոգիան, որը ներկայում մեքենայական ուսուցման փուլում է, ընդհանուր առմամբ, կբարձրացնի ֆինանսական հատվածի արդյունավետությունը: Եթե պարզ ներկայացնենք, ֆինանսական համակարգը միջոցների ավելցուկ ունեցողներից գումարը տեղափոխում է դրա կարիքն ունեցողներին, ծառայություն, որը միջինում չի գերազանցում արդյունաբերական երկրների ՀՆԱ-ի 10%-ը: Արհեստական բանականությունը կարող է օգտակար լինել մի շարք բնագավառներում՝ սկսած փաստաթղթաշրջանառության թվայնացումից մինչեւ ռոբոտ-խորհրդատուներ»,- ասել է SCDM-ի տնօրենը:

Անդրադառնալվ բլոկչեյն տեխնոլոգիային՝ Վահե Անդոնյանսը նկատել է, որ այն ֆինանսական ոլորտը հեղափոխելու ներուժ ունի:

«Կրիպտոարժույթների հաջողված գոյությունը ցույց է տալիս, որ փողի շրջանառության համար մեզ բոլորովին էլ անհրաժեշտ չէ կենտրոնացված համակարգ, հետեւաբար, հարց է ծագում՝ պե՞տք է արդյոք երկրին սեփական արժույթ: Անձամբ ես կարծում եմ, որ բիթքոինը ավելի շատ փող է, քան իմ իմացած արժույթի 30 տեսակները:

Դրամաշրջանառության ապակենտրոնացված համակարգի դեպքում միջոցների վերաբաշխում հարկահավաքման միջոցով չի լինելու, այլ դրանք ստեղծվելու են տնտեսության ավելի ցածր մակարդակում եւ տնտեսական գործունեության շնորհիվ բարձրանալու են վերեւ: Հայաստանի նման երկրում, որտեղ առկա են միջոցների վերաբաշխման հետ կապված խնդիրներ եւ «առողջ» միջին դասի բացակայություն, սա կարող է դիտարկվել որպես եւս մեկ հնարավորություն»,- հայտարարել է SCDM-ի տնօրենը:

Նա ընդգծել է, որ ներկայում խոշոր բանկերն ուսումնասիրում են բլոկչեյն տեխնոլոգիան՝ որպես ֆինանսական գործառնությունների գծով հաշվարկների պարզեցման մեխանիզմ: