Գիտնականները պատմել են, թե ինչով է վտանգավոր քնելուց առաջ ուտելը

Երեկոյան ուտելը ոչ միայն հանգեցնում է ավելորդ քաշի, այլեւ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ շաքարախտի զարգացման վտանգները: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Experimental Physiology հանդեսում։

Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են վնասակար ճարպերի՝ տրիգլիցերիդների մակարդակն այն առնետների արյան մեջ, որոնց կերակրել են օրվա տարբեր ժամերի: Առաջին խմբի կենդանիները կերն ստացել են սովորական ռեժիմով, իսկ մյուսներին լրացուցիչ բաժին են տվել քնից առաջ: Գիտափորձի ընթացքում պարզվել է, որ երկրորդ խմբի կրծողների մոտ արյան մեջ ճարպերի քանակն զգալիորեն բարձր է եղել: Հետազոտողները նշում են, որ այդ ցուցանիշներն էականորեն մեծացնում են շաքարախտի եւ սրտի հետ կապված խնդիրների վտանգը:

Գիտնականների տվյալներով՝ առնետների վերաբերյալ ստացված տվյալները կիրառելի են նաեւ մարդու համար: Մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել կենսաբանական ժամացույցը եւ օրգանիզմը սննդով չծանրաբեռնել այն պահին, երբ նրան ժամանակ է անհրաժեշտ հանգստանալու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Աղբյուրը` 168.am