26 Սեպտեմբերի 2020թ. 3:45

Արթուր Ջավադյան. Նախկինում գների կայունությունն էր, հիմա նախագծով ներմուծվում է նաև ֆինանսական կայունությունը

ՀՀ Կենտրոնական բանկը կդառնա նաև երկրում ֆինանսական կայունության երաշխավորը: Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում զեկուցեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` ներկայացնելով «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

«Նախկինում գների կայունությունն էր, հիմա նախագծով ներմուծվում է նաև ֆինանսական կայունությունը»,- ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ ԱԺ-ն պետք է ներկայացնի ԿԲ ղեկավար մարմնի անդամներին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը մտահոգություն հայտնեց, որ ԿԲ-ն շատ ոլորտներում մենաշնորհային դիրք է ստանում, իսկ մենաշնորհի հարցը Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի իրավասության ներքո է: Նա նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ԱԺ-ին ներկայացվող ԿԲ հաշվետվությունը վերափոխվել հաղորդման, և արդյոք դրանով չի՞ նվազում ԿԲ հաշվետվողականությունը:

Ի պատասխան՝ Ա.Ջավադյանը նշեց, որ ԿԲ-ն նախկինում էլ ունեցել է և ունի գերիշխող դիրքի չարաշահման հարցերով ստորաբաժանում, բայց որպեսզի 2 մարմին նույն գործով չզբաղվեն, համաձայնություն կար, որ ՏՄՊՊՀ-ն է ուսումնասիրություն իրականացնելու, իսկ այժմ հուշագիր պետք է ստորագրեն` համատեղ գործելու համար: Նա որպես օրինակ նշեց, որ, եթե երկու խոշոր հայկական բանկում ճգնաժամ լինի, շտապ որոշման անհրաժեշտության լինի, մինչև դիմեն ՏՄՊՊՀ-ին, մինչև հավաքվեն, որոշում կայացնեն, շատ ժամանակ կանցնի:

«Մեր լիազորությունները տարածվում են միայն ֆինանսական շուկայի վրա»,- ասաց Ա.Ջավադյանը:

Ըստ նրա` նախկինում հաշվետվությունն ընդունվում էր ի գիտություն, այն չէր հաստատվում, և դա ԿԲ անկախության մասն է, այժմ ընդամենը տերմինն է փոխվել:

Գայանե Խաչատրյան