29 Նոյեմբերի 2023թ. 2:30

ԻՋԵՎԱՆԻ ԴԵՆԴՐՈՊԱՐԿԸ

Տավուշի մարզի Իջևան քաղաքի դենդրոպարկը և Բերդ քաղաքի «Սորաններ» կոչվող դենդրոպարկը պակաս հայտնի են, քան Լոռու մարզի Ստեփանավանի դենդրոպարկը, թեև օրինակ Իջևանի դենդրոպարկն իր հատուկ ծառատեսակներով թերևս զիջում է միայն մայր Բուսաբանական այգուն:

Իջևան քաղաքի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանը Tert.am-ի հետ զրույցում բացատրում է, թե ինչու է այդպես: «Ավելի հայտնի է Ստեփանավանինը, նախ, որովհետև այն հիմնադրվել է 1938թ-ին` անտառագետ Էդմոնդ Լիապոլդովիչ Լիանովիչի կողմից, մերը 1962թ-ին է հիմնադրվել: Ստեփանավանի դենդրոպարկի կողքը ժամանակին հանգստանում էին Հայաստանի «տուզերը»: Այնտեղ «Սոճուտ» սանատորիան կար, հետո ամռանը Ստեփանավանը բավական զով է, դրանք առավելություն են և պահել են այգին»,-ասաց նա և հավելեց, թե ««տուզերը»  մեր իմացած օլիգարխները չեն»:

Մեխակ Սայադյանը հույս հայտնեց, որ Իջևանն էլ շուտով նման փառքի կհասնի` համենայն դեպս նախարարի բարյացակամ վերաբերմունքը տեսնում է:

Իջևանի մերձարևադարձային դենդրոլոգիական պարկի  հիմնադիրը եղել է Մեխակ Սայադյանի հայրը` Լյուդվիգ Սայադյանը, ով ծառայգին հիմնադրել է որդու ծննդյան տարին:

Տնօրենը նշեց, որ 600-ից ավելի ծառաթփատեսակներ ունեն, ընդհանուր տարածքը 15 հա է: «Ցուցակում 630-ն է,  բայց կան, որ չորացել են ընթացքում, փորձում ենք վերականգնել։ Բացի դրանից` նորից բերում, համալրում ենք: Մեկը նվիրում է, մի տեղից ձեռք ենք բերում, 650-ը հիմնականում պահում ենք ու փորձելու ենք 1000-ն անցնել»,-ասաց նա:

Մեխակ Սայադյանը լրագրողների հետ շրջում է ծառուղով և հատ-հատ ներկայացնում, որն ինչ բացառիկ ծառ է, քանի տարեկան է և շեշտում. «Այս ծառերն իմ քույրերն ու եղբայրներն են, ինձ հետ միասին են մեծացել»:

Տնօրենը ցուցադրում է` «այստեղ է գտնվում աշխարհում արջատխլենու միակ ծառուղին»:

Մեխակ Սայադյանը շարունակում է ցուցադրել` մատնացույց անելով «Հիմալայան Մայրին»: «Այս ծառն իրեն ցույց է տալիս բոլոր էլիտար ձևերով, էլիտան, հիշեք, ի դեպ, կենսաբանական տերմին է։ Չի կարելի ասել էլիտար տուն, պաշտոն: Էլիտան այն է, երբ կարողանում է կենսաբանորեն իրեն վերարտադրել, երբ երրորդ սերունդը կրկնում է առաջինին` նշանակում է, որ ունենք էլիտար սերունդ»,-բացատրեց նա:

Տնօրենը ծառուղով քայլում ու թվարկում է` Կարմիր գրքում գրանցված Կենի հատապտղային, ուրիշ Կենի, Սեքվոյա  դենդրոն, Մետա Սեքվոյա: «Մետա Սեքվոյան Չինաստանում, իմիջիայլոց, մնացել է ընդամենը 800 հա-ի վրա, բայց աշխարհի բոլոր բուսաբանական այգիներն ունեն այս ծառից, շատ արագաաճ, գեղեցիկ տեքստուրայով բնափայտ է ու թեթև»,-ասաց նա:

Տնօրենը նշեց, որ այգին համալրվում է ծառատեսակներով. հիմնականում  էկզոտիկ տեսակներ են բերվում, թեև պետք է լուրջ տեսակների հետ աշխատեն:

Ի դեպ` մուտքը բաց է, անվճար, շատ են այստեղ գալիս իջևանցիները զբոսնելու:

Տնօրենը այստեղ տաղավարներ է դրել և տրամադրում է անվճար: Առաջիկայում այստեղ տուրիստական հոսքեր ապահովելու համար նա նաև ձեռնարկատիրական աշխատանքներ կսկսի` խանութ կդնեն` հետևելով, իհարկե, որ չփչացնեն ագին և ստացված ֆինանսներով զարգացնեն այն: Բացի այդ, ըստ նրա, իրենք նաև տնկիներ են աճեցնում`հարուստ տնկանյութ ունեն, թեև վաճառքից գոհ չեն: Այս տարի նոր նախաձեռնություն են սկսել, այգու այցելուները կարող են իրենց ուզած տնկին գնել ու իրենց անունով ծառ տնկել`անվանական ցուցանակն անմիջապես կավելանա:

Աղբյուրը՝ tert.am