Մահացել է հանրաճանաչ ինժեներ, հասարակական-քաղաքական գործիչ Ռոբերտ Ներսեսի Ենգոյանը: Մեծ է կորստյան վիշտը. մեզանից հեռանում է հանրապետության ամենամեծ արտադրական կառույցներից մեկի՝ Կանազի երկարամյա տնօրենը, ում օրոք գործարանը հասել է աննախադեպ հաջողությունների: Մեզանից հեռանում է Հայրենիքին անմնացորդ նվիրված քաղաքացին, հզոր ու պարկեշտ անհատականությունը…
Ռոբերտ Ենգոյանը ծնվել է 1932թ.հունիսի 15-ին Լենինականում (Գյումրի)։
1955թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ինժեներ-մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։ ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972թ.), Ժողովուրդների բարեկամության շքանշանակիր (1981թ.), պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով (2000թ.)։
1955-1957թթ. Վլեդիմիրի (ՌԴ) ռադիոգործարանում աշխատել է ավագ ինժեներ, 1957-1960թթ. Երեւանի փոքր հիդրոտուրբինների գործարանում, 1960-1962թթ. Երեւանի ֆրեզերային հաստոցների գործարանում՝ արտադրամասի պետ։ 1962-1975թթ. եղել է «Հայհաստոց» ԳԱՄ-ի փորձնական գործարանի տնօրեն, 1975-1982թթ.՝ Երեւանի հաստոցաշինական ԱՄ-ի գլխավոր տնօրեն, 1982-ից՝ Քանաքեռի ալյումինի գործարանի գլխավոր տնօրեն, «Կանազ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ։
1994թ. Հովհաննես Թոքմաջյանի, Ֆադեյ Սարգսյանի, Մհեր Մարկոսյանի և այլ ճանաչված անձանց հետ հիմնադրում է “Մտավորական Հայաստան” կուսակցությունը, որի փոխնախագահն է հանդիսանում մինչև 1999 թվականը:
1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 25 ընտրատարածք` առաջադրվել է “Մտավորական Հայաստան” կուսակցության կողմից)։
1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով (ՀԺԿ)։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։