29 Նոյեմբերի 2023թ. 2:37

Ալ. Խաչատուրյան. Իշխանություն-բիզնես վստահության անջրպետն ամբողջությամբ հաղթահարված չէ, սակայն արդեն կա նորմալ երկխոսության հնարավորություն

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ նախնական հաշվարկներով 2030 թվականին ՀՆԱ-ն մոտավորապես երկու անգամ կրկնապատկվելու է, նույնիսկ կարող է մի քիչ ավելի, բայց դա աշխատանքային տարբերակ է, որը պետք է քննարկեն: Նա նշեց, որ արդյունք կերևա այն ժամանակ, երբ իրականում ժողովուրդը կսկսի զգալ, որ իր կյանքը որակապես փոխվել է, ինչը մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ: Ինչ վերաբերում է իրեն ուղղված վարչապետի`«հուպ տալու» կոչին, Ալեքսանդր Խաչատուրյանը նշեց. «Կարծում եմ, որ վարչապետը գոհ է մեր աշխատանքից:

Վերջերս Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում բացվեց  «Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը», հնարավոր չէ՞ր նույն աշխատանքը տանել առանց դրա, առավել ևս Հայաստանն առաջին երկիրն է, որ նման կենտրոն է բացվում, և ստացվում է մյուս երկրները զարգանում են առանց այդպիսի կենտրոնի:
-Կենտրոնը նույնիսկ իրավաբանական անձ չէ, քանի որ ֆիզիկապես ուղղակի տեղակայվում է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, մի մասը ֆինանսավորվում է մեր կողմից, մեծ մասը՝ դոնոր գործընկերների: Ֆորմալ առումով կենտրոնը, որպես գրանցված անձ, գոյություն չունի:  Կարող էր ռազմավարական կենտրոնն անել այդ աշխատանքները, սակայն այն պետք էր, քանի որ այդպես գործընկերների հետ համագործակցությունը պրակտիկ է դառնում: Բացի այդ, կենտրոնը որոշակի ծրագրեր է իրականացնելու, մշակելու, որոնք կօգնեն կայուն զարգացման նպատակներն իրականացնել: Այդ առումով ես չէի կենտրոնանա Ձեր ասածի վրա, քանի որ այն թիմի մի մասն է:
Թեև վարչապետը նշել է, որ ապահովելու են մինչև տարվա մեջ խոստացած 850 միլիոն դոլար ներդրումները, սակայն ներկայումս նույնիսկ մոտ չենք այդ թվին: Ինչպե՞ս եք այսօր գնահատում ներդրումների միջավայրը:
-Մենք փորձում ենք կառավարությանն օգնել որոշ ուղղություններով ռեֆորմներ իրականացնելու, որոնք այդ միջավայրն ավելի հետաքրքրական կդարձնեն ներդրողների համար: Եթե գլոբալ նայենք, ապա բազմաթիվ երկրներ կան, որոնք ներդրում են ցանկանում ներգրավել, և մենք մրցակցում ենք այդտեղ: Կարևոր կոմպոնենտ է նաև ռեգուլյատոր դաշտը` թե ինչպիսինն է բիզնես միջավայրը, որ մարդիկ գան սկսեն հետաքրքրվել քո շուկայով: Դրա համար Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը օգնեցինք, և մշակվեց հանրային գործընկերության քաղաքականությունը. հիմա աշխատում ենք օրենքի նախագծի վրա: Ես կարծում եմ, որ նախատեսված ներդրումների ցուցանիշին կհասնենք:
Վարչապետը մտահոգություն է հայտնել, որ բարեփոխումների մի մասը թղթի վրա են մնում, Դուք էլ եք տեսնո՞ւմ խնդիր,  որ բարեփոխումները հասցեատիրոջը չեն հասնում:
-Չեմ կարծում, որ այդպիսի խնդիր ունենք, խնդիր ունենք միգուցե ժամանակի մեջ, այսինքն` թե որքան արագ կարող ենք մենք դա ցույց տալ որպես արդյունք, բայց չեմ տեսնում որևէ դեպք, որ ենթադրենք` ռեֆորմը մնա սեղանին:
Ձեր կենտրոնը պետք է նաև տնտեսության զարգացման տեսլական ներկայացնի, տա պատասխանը հարցի, թե ուր ենք գնում, բացի այն, որ ռազմավարություն եք մշակում, կոնկրետ թիրախներ, նպատակներ կարո՞ղ եք ներկայացնել:
-Մենք նույնիսկ ստացել ենք մեր տնտեսական աճի նախնական կառուցվածքը, որի հիման վրա կառուցելու ենք մեր ռազմավարությունը, թե տեսականորեն ինչպիսի տնտեսական աճ, ինչպիսի ՀՆԱ ենք ունենալու 2030 թվականին: Մոտավորապես, շատ նախնական հաշվարկներով` 2030 թվականին ՀՆԱ-ն մոտ երկու անգամ կրկնապատկվելու է, նույնիսկ կարող է մի քիչ ավելի, բայց դա աշխատանքային տարբերակ է, որը պետք է քննարկենք:
Տնտեսության առողջացման միտումները նկատելի՞ են՝ հաշվի առնելով, որ վարչապետը իր պաշտոնավորման սկզբում տնտեսության վիճակը չափազանց ծանր էր գնահատել:
-Առողջացման միտումները այն թվերն են, որոնք հրապարակվում են: Ես հասկանում եմ, որ ակնկալվում է, որ միանգամից արդյունքը կերևա, և բոլորի կյանքի որակը ռադիկալ կփոխվի, սակայն չպետք է անտեսենք, որ այս թվերը դեռ մեկ տարվա աշխատանքի արդյունք են: Նույնիսկ ես դա չեմ համարում արդյունք, ես համարում եմ միտումներ: Արդյունք կլինի այն ժամանակ, երբ իրականում ժողովուրդը կսկսի զգալ, որ իր կյանքը որակապես փոխվել է, ինչը մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ, եթե չսկսենք փող բաժանել: Կարևորը սկզբունքներն ու թիրախներն են, հետևողական լինելը, ինչպես նաև չհիասթափվելն ու չհանձնվելը:
Կենտրոնը կարողացա՞վ մոտիվացիոն դեր ունենալ, քանի որ նաև կոչված է պետությունմասնավոր համագործակցությունը խորացնելու, ըստ Ձեզ հաղթահարե՞լ եք վստահության անջրպետը իշխանության և բիզնեսի միջև:
-Ես կարծում եմ, որ մենք շատ ճիշտ ուղղու վրա ենք: Ամբողջությամբ անջրպետը հաղթահարե՞լ ենք`ոչ, բայց ես լավ միտում եմ նկատում, որ արդեն հնարավոր է բիզնեսի հետ նորմալ երկխոսություն կառուցել, որը կլինի կոնստրուկտիվ: Հնարավո՞ր է դա անել բոլորի հետ` իհարկե ոչ: Անվստահության խնդիր այսօր այնքան չկա, որքան ժամանակին էր:  Ամենակարևոր վստահության կոմպոնենտը տնտեսական ցուցանիշներն են: Սուտ կլինի, որ ասեմ, թե ինստիտուտները այսօր կատարյալ են աշխատում, բայց ակնհայտ է, որ այս մեկ տարվա ընթացքում դրանց աշխատանքի մեջ էական որակական փոփոխություն կա:
Անդրադառնալով վարչապետի` Ձեզ ուղղված «հուպ տալու» կոչին` ի վերջո դուք համարո՞ւմ եք, որ «հուպ եք» տվել, և գո՞հ է վարչապետը Ձեր աշխատանքից:
-Կարծում եմ, որ վարչապետը գոհ է, այո հուպ ենք տվել, բայց էլի պետք է հուպ տանք: Իսկ ով ասաց, որ կատարելությանը վերջ կա, որքան աշխատում ես, այդքան ավելի աշխատանք է բացվում:

Լիանա Առաքելյան