24 Սեպտեմբերի 2020թ. 20:06

Ներկայացվել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի արդիականացման ծրագիրը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, «Տաշիր» խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանն այսօր ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի ոլորտում իրականացվելիք ներդրումային նոր ծրագրի մանրամասները։

«Տաշիր» խումբը նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ պատրաստվում է առաջիկա 10 տարիներին մոտ $1 մլրդ-ի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։

«Ծրագիրը ներառում է վեց հիմնական ուղղություն։ Նախատեսում ենք 6 (10)-0,4 կՎ լարման ցանցերում սարքավորումների արդիականացում, որը կկազմի  $267 մլն, եւ 35-110  կՎ լարման ցանցերում էլեկտրահաղորդման գծերի արդիականացում՝ $238 մլն։ Ցանցի ընդլայնումը կարժենա $115 մլն, վթարավերականգնողական եւ վերակառուցման աշխատանքները՝ $13 մլն, էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգը՝ $201 մլն եւ միջազգային ստանդարտների ներդրումը՝ $37 մլն»,- ասել է Կարեն Դարբինյանը։

Նա տեղեկացրել է, որ ներդրվող գումարի կեսը ձեւավորվելու է միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի, իսկ մյուս կեսը՝ «Տաշիր» խմբի սեփական միջոցների հաշվին։

«2021թ. էլէներգիայի կորուստը կկազմի 8%, 2025թ.՝ 7%, իսկ արդեն 2028թ.՝ 6,4%»,-ասել է Կարեն Դարբինյանը՝ համեմատության համար նշելով, որ այս տարի կորուստների չափը կազմել է 8,7%։
Նա ընդգծել է, որ ներդրվող գումարը սակագնային մարժայի վրա որեւէ ազդեցություն չի գործելու։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ մշակել ենք ռազմավարություն, որը մեզ թույլ է տալիս ներդրումներ կատարել այնպես, որ դա մարժայի վրա որեւէ ազդեցություն չունենա։ Խոսքն էլեկտրաէներգիայի սակագնի մասին չէ, այլ ՀԷՑ-ին տրամադրված մարժայի մասին։ Ընկերությունը չի կարող սակագնի համար որեւէ պատասխանատվություն կրել»,- պարզաբանել է ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահը։

ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն էլ նշել է, որ ներդրվող միջոցների արդյունքում «մենք կունենաք փոխադարձ վստահության բարձրացում»։

«Շատ հարցեր կստանան վերջնական լուծումներ։ Բաժանորդների հաշիվները ավտոմատ է գրանցվելու, եւ մարդկային միջամտության գործոնը հասցվելու է մինիմալի։ Ունենալու ենք մի շարք որակական բարելավումներ սպասարկման ոլորտում: Միաժամանակ, նախատեսվում է ծախսերի կրճատում»,- նկատել է ՀԷՑ տնօրենը:

Նա ընդգծել է, որ ժամանակակից սարքավորումների գործարկման արդյունքում սպասարկման ոլորտում կրճատումներ կլինեն, սակայն այդ աշխատակիցները, հնարավորության դեպքում, կներգրավվեն «Տաշիր» խմբի այլ նախագծերում։