Սերժ Սարգսյան.  Հայաստանը հաջողությամբ համատեղում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ մասնակցությունը ԵՄ ռազմավարությանը

Հայաստանը որակվում է որպես մի երկիր, որը հաջողությամբ համատեղում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ մասնակցությունը ԵՄ հարեւանության ռազմավարությանը: Այդ մասին Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին եւ հարաբերությունների զարգացման դինամիկային, Հայաստանի համար ԵԺԿ եւ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովներում քննարկվող հարցերի կարեւորությանը, ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ինչպես նաեւ միջկուսակցական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքին: Նշելով, որ այս տարի լրանում է ԵԺԿ-ին ՀՀԿ անդամակցության 5-րդ տարեդարձը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին՝ համատեղ աշխատանքի շնորհիվ ՀՀԿ-ն լիարժեքորեն ինտեգրվեց եվրոպական այս ընտանիքին: ԵԺԿ-ի հետ ՀՀԿ համագործակցությունը, Նախագահի գնահատմամբ, Հայաստանի համար դարձել է նաեւ եվրոպական քաղաքականությանը ներգրավման կարեւորագույն հարթակներից մեկը:

Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ Եվրոպական խորհրդարանի ս.թ. նոյեմբերի 15-ի բանաձեւում Հայաստանը որակվում է որպես մի երկիր, որը հաջողությամբ համատեղում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ մասնակցությունը ԵՄ հարեւանության ռազմավարությանը: Նախագահը վստահեցրել է, որ ապագայում եւս Հայաստանը շարունակելու է առաջնորդվել համակեցության հենց այս բանաձեւով:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի վաղվա քննարկումներն արդյունավետ կլինեն, եւ կհաջողվի համատեղ ձեռնարկը դարձնել առավել նպատակային, իսկ արդյունքները՝ ավելի տեսանելի եւ շոշափելի հասարակությունների համար։