ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)՝ որպես երկրի տնտեսական հզորության գնահատման հիմնական մակրոտնտեսական ցուցանիշի, մեծությունը ծախսային մեթոդով հաշվարկվում է հետևյալ բանաձևով. ՀՆԱ=սպառում+ներդրումներ+պետական գնումներ+զուտ արտահանում:

Բանաձևից հետևում է, որ զուտ արտահանման մեծությունը (որը ներկայացնում է արտահանման և ներմուծման տարբերությունը) ուղղակիորեն ազդում է ՀՆԱ մեծության վրա, այսինքն, եթե այդ տարբերությունը դրական է, ապա ՀՆԱ մեծությունն ավելանում է, և ընդհակառակը: Ուստի, ցանկացած երկրի համար կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի զուտ արտահանումն ունենա դրական մեծություն, թեև, ինչպես ցույց է տալիս աշխարհի առանձին երկրների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշների վերլուծությունը, միշտ չէ, որ հաջողվում է ապահովել արտահանման գերազանցումը

ներմուծման նկատմամբ: Ավելին, աշխարհում անհամեմատ քիչ են այն երկրները, որոնց զուտ արտահանման ցուցանիշը դրական մեծություն է:

Ազգային տնտեսությունների գործունեության արդյունքների համաշխարհայնացման աստիճանի որոշման համար միջազգային տնտեսական հարաբերությունների պրակտիկայում կիրառում են հատուկ ցուցանիշ՝ արտադրության արտահանման քվոտան (չափաբաժինը): Այս ցուցանիշը ցույց է տալիս արտահանման նպատակով թողարկված արտադրանքի բաժինն ամբողջ արտադրանքի մեջ: Ըստ որում, կապված տնտեսական ինտեգրման խորացման հետ՝ այդ ցուցանիշը ժամանակի ընթացքում ունի աճման միտում: Այսպես, շուկայական տնտեսությամբ պետությունների գումարային արտահանման քվոտան վերջին տասնամյակում աճել է ավելի քան 1.5 անգամ: Ընդ որում, արդյունաբերապես զարգացած երկրների խմբում այն աճել է 1.3 անգամ, իսկ աշխարհի մյուս երկրներում՝ 1.8 անգամ:

Յուրաքանչյուր երկիր, որն ընդունում է ազատ շուկայական տնտեսաձևը, առաջին հերթին պարտավոր է որոշել, թե ինչ ապրանքներով և ծառայություններով կարող է մտնել համաշխարհային շուկա և ընդլայնել իր մասնակցությունն աշխատանքի միջազգային բաժանման գործում, այսինքն՝ առանձնացնել իր տնտեսական հնարավորությունները և արտահանման գերակայությունները: Տարբեր երկրներում արտաքին առևտրի վիճակը բնավ նույնը չէ, սակայն այն երկրներում, որտեղ աշխատանքի միջազգային բաժանմանը մասնակցելու հնարավորություններն օգտագործվում են ավելի ակտիվորեն, որպես կանոն, բարձր են նաև տնտեսական աճի տեմպերը: Պատահական չէ, որ Արևմտյան Եվրոպայի երկրներում արտահանման քվոտայի առավել զգալի աճ նկատվել է Գերմանիայում, իսկ արևելյան երկրներից՝ Ճապոնիայում, Չինաստանում և, այսպես կոչված, նոր արդյունաբերական երկրների քառյակում (Հոնկոնգ, Սինգապուր, Թայվան և Հարավային Կորեա), որոնք տնտեսական աճի տեմպերով դասվում են աշխարհի առաջատարների թվին: Այն պետություններում, որոնք չկարողացան ամրապնդել իրենց դիրքերը համաշխարհային շուկայում, ընդհակառակը, նկատվել է տնտեսական աճի դանդաղում կամ անկում: Դա հատկապես ակնառու կերպով նկատվել է Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում:


Աշոտ Մարկոսյան,  
Էլյանորա Մաթևոսյան
«21-ՐԴ ԴԱՐ» N 6, 2017