24 Սեպտեմբերի 2020թ. 18:56

ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով նվազեցվելու են բիզնեսի այլընտրանքային ծախսերը

Եվրասիական տնտեսական միության նոր մաքսային օրենսգիրքը, որն ուժի մեջ կմտնի 2018 թվականից, էականորեն նվազեցնելու են բիզնեսի այլընտրանքային ծախսերը: Այս մասին հայտարարեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

«Դա արտահայտվում է նրանով, որ ժամանակային, հայտարարագրման գործընթացի և ապրանքների բացթողնման առումով ժամանակի էական կրճատում ենք ունենալու: Օրինակ, ապրանքների բացթողնման համար 1 աշխատանքային օրվա ժամկետը կրճատվում է մինչև 4 ժամվա, այսինքն` կարող ենք արձանագրել շուրջ վեց անգամ ժամանակի կրճատում»,- ասաց Միրումյանը:

Ինչ վերաբերում է ապրանքների հայտարարագրման գործընթացի բարելավմանը, ապա, եթե ներկայում մաքսային հայտարարագիրը ընդունվում կամ մերժվում է երկու ժամվա ընթացքում, մյուս տարվանից այն կրճատվելու է 1 ժամվա: «Ավելին` բոլոր այն դեպքերում, երբ տնտեսվարողի ներկայացրած հայտարարագիրը պարունակում է անճշտություններ, մաքսային մարմինը ոչ միայն մերժում է այն, այլև պարտավորվում է ծանուցել բոլոր անճշտությունների ու դրանց շտկման ուղիների վերաբերյալ»,-հավելեց Վախթանգ Միրումյանը:

Բացի այդ` կամավորության հիմունքով ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման գործընթացում կանխավճարային համակարգը: Ինչպես Միրումյանը նշեց, երբ ապրանքները ներմուծվում են գիշերային ժամերին ու հնարավոր չի լինում վճարումներ կատարել, այս համակարգի միջոցով կարելի է նախապես վճարել ու հայտարարագրումից անմիջապես հետո կանխավճարային հաշվից ավտոմատ կպակասեցվի այնքան գումար, որքան արտացոլված է մաքսային հայտարարագրում` ապահովելով ապրանքների բացթողումը:

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը բաղկացած է 9 բաժիններից (9-րդ բաժինը՝ անցումային դրույթներ), որոնցով սահմանված կարգավորումներն ուղղված են մաքսային օրենսդրության դրույթների կիրառման ընթացքում գործնականում ի հայտ եկած հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, հստակեցմանը, տնտեսավարող սուբյեկտների համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը՝ հիմքում ունենալով մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին Կիոտոյի կոնվենցիայի շրջանակային ստանդարտները:

Աղբյոեւրը՝ 168.am