Դեկտեմբերի 3-ը ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է ։ Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին, Երևանում։ 1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986–87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։
1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ և նրա «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիր։ 1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ։ 1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է ։ 1989թ.–ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը։
1990թ. հունվարի 18-ին վիճակը կտրուկ սրվեց Արարատի շրջանի՝ Նախիջևանին սահմանամերձ գոտում, ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։ Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրեցին թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավեցին մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհեց բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվեցին, սակայն նա զոհվեց։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։
ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996)։ Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։