28 Սեպտեմբերի 2020թ. 9:15

Բացահայտվել են մարդու օրգանիզմի առավելագույն հնարավորությունները

Ֆրանսիացի գիտնականները պարզել են մարդու օրգանիզմի առավելագույն հնարավորությունները: Հետազոտությունը հրապարակված է Frontiers in Physiology հանդեսում, հաղորդում է Daily Mail-ը:

Մասնագետները վերլուծել են վերջին 120 տարում մարդու առավելագույն հնարավորությունների փոփոխման վերաբերյալ տեղեկատվությունը եւ հանգել են այն եզրակացության, որ դրանք արդեն ձեռք են բերված: Առանց արհեստական միջամտության Homo sapiens-ը չի գերազանցի ձեռք բերված ցուցանիշները, ինչպիսիք են կյանքի տեւողությունը, մարմնի հասակը եւ ֆիզիկական դիմացկունությունը:

«Վերջին տասը տարում Աֆրիկայի որոշ երկրներում մարդու հասակն իջել է. դա վկայում է, որ որոշ հասարակություններ այլեւս չեն կարողանում բավականաչափ սնունդ ապահովել իրենց երեխաների համար եւ պահպանել նրանց առողջությունը»,- գրում է հոդվածի համահեղինակ Ժան Ֆրանսուա Տուսենը Փարիզի համալսարանից:

Ներկայում մոլորակի վրա ամենաբարձրահասակ մարդիկ են համարվում նիդեռլանդացի տղամարդիկ, որոնց միջին հասակը կազմում է 185 սանտիմետր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կյանքի սպասելի տեւողության վարկանիշում առաջատարը Ճապոնիան է (86,8 տարի կանանց համար):

Աղբյուրը՝ 168.am