ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում դասախոսություններով հանդես եկած՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանին և ԵՊՀ տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանին:
Իր խոսքում Ա. Հարությունյանը բարձր է գնահատել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ նրանց համագործակցությունը՝ նշելով, որ այն կարևոր պայման է որակյալ կրթության ապահովման համար: «Արհեստավարժ մասնագետների պատրաստման և տնտեսության մեջ երաշխավորված արդյունքների համար շատ կարևոր է, որ ուսանողները հնարավորություն ունենան շփվելու այնպիսի անվանի գիտնականների հետ, ինչպիսիք դուք եք: Արցախի տնտեսության շարունակական զարգացման գործում մեծ հույսեր ենք կապում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ և այս հարցում ակնկալում ենք նաև ձեր ծանրակշիռ ներդրումը»,- ասել է Ա. Հարությունյանը:
Հյուրերը պետնախարարին ներկայացրել են ուսանողների հետ հանդիպումից ստացած իրենց տպավորությունները: Նրանք կարևորել են տեխնոլոգիական ուղղվածության համալսարանի ստեղծումը Արցախում և նշել, որ արդի տնտեսության հիմնական միտումները մեծապես պայմանավորված են տեխնոլոգիաների զարգացմամբ:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: