Հարկային օրենսգրքի հիմնական էությունն այն է, որ խաղի կանոնները երկարաժամկետ կտրվածքով պետք է չփոխվեն: Էլ ինչի՞ համար է պետք Հարկային օրենսգիրքը, եթե այն երկարաժամկետ խաղի կանոններ չի սահմանում: Tert.am-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ Հարկային օրենսգիրքը ձեռնարկատերերի սահմանադրությունն է, այն սահմանում է խաղի կանոններ, բայց եթե 6 ամիսը մեկ, 8 ամիսը մեկ փոխում ես դրանք, գործարարը, ձեռնարկատերը իր աշխատանքի հետ կապված խնդիրներ է ունենում:
— Հարկային նոր օրենսգրքում ի՞նչ բացեր ու թերացումներ եք նկատել: Փոփոխված օրենսգիրքը հարկային քաղաքականությունը փոխելո՞ւ է:
— Հարկային օրենսգրքի առաջին ընթերցմամբ քվեարկությանը, տեղյակ եք, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկել: Հարկային նոր օրենսգիրքը գործելու է հունվարի 1-ից, իսկ մինչ այդ մենք օրենսդրական նախաձեռնություններ ենք դրել շրջանառության մեջ, օրինակ՝ շրջանառության հարկի շեմը 115-ից չիջեցնել, ինչպես նախատեսվում է: Մեր կարծիքով՝ այն կործանարար նշանակություն կունենա փոքր ու միջին բիզնեսի համար: Մեկ այլ օրինագծով, մենք առաջարկել ենք եկամտային հարկի 150 հազար դրամից 300 հազար դրամի համար 26 տոկոսը թողնել նույնը, ընդունվեց սահմանից ավելացված արժեքի 50 օրով հետաձգման հետ կապված հարցը և այլն: Հարկային օրենսգրքում դրույթներ կան, որոնք, մեղմ ասած, չեն բխում իրերի վիճակից: Դեռևս ուժի մեջ չմտած արմատական փոփոխություններ են կատարվում: Մեր հիշողությունը մեզ չի դավաճանում: Ուղիղ մեկ տարի առաջ բերվեց Հարկային օրենսգիրքը, մենք ասացինք, որ այս-այս թերությունները կան, նրանք ասացին, որ ո՛չ, ճիշտ հաշվարկված է: Հիմա պարզվում է, որ ուժի մեջ չմտած՝ փոխում են: Դիզվառելիքը՝ սալյարկան, ավելացված արժեքի հարկով գանձման են ենթարկելու: Իսկ սա նշանակում է, որ գյուղացիական տնտեսությունները, որոնք դիզվառելիքի ամենամեծ սպառողն են, չեն կարող հաշվեգրել դա, որ շահեկան վիճակում դուրս գան, սա առաջացնելու է խնդիր, դիզվառելիքի գինը թանկանալու է: Խնդիր կա սեղված գազի ակցիզի հետ կապված. 3 անգամ ակցիզը աճում է, և այն ազդելու է հասարակական տրանսպորտի գնի վրա: Եթե լցակայանները չթանկացնեն գինը, իսկ դա հնարավոր չէ, տրանսպորտը կթանկանա: Բազմաթիվ են խնդիրները: Հարկային օրենսգրքի հիմնական էությունն այն է, որ խաղի կանոնները երկարաժամկետ կտրվածքով պետք է չփոխվեն: Էլ ինչի՞ համար է պետք Հարկային օրենսգիրքը, եթե այն երկարաժամկետ խաղի կանոններ չի սահմանում, այդ դեպքում՝ առանց դրա յոլա կգնայինք: Սա ձեռնարկատերերի սահմանադրությունն է, այն սահմանում է խաղի կանոններ, բայց եթե 6 ամիսը մեկ, 8 ամիսը մեկ բերում, փոխում ես դրանք, գործարարը, ձեռնարկատերը էլ ո՞նց աշխատի:
Հարկային օրենսգրքի սկզբում կան սկզբունքներ, որոնցից մեկն այն է, որ այն պետք է կայուն լինի, և Հարկային օրենսգրքում արձանագրած այս սկզբունքը հենց նոր Հարկային օրենսգրքով խախտվում է: Եթե գրել ես, որ հարկային օրենսգիրքը երկար ժամանակի համար խաղի կանոն է սահմանում, բայց մի քանի ամիս չանցած բերում, փոխում ես այն, ուրեմն խախտում ես այդ սկզբունքը: Նրանք պետք է ընդունեին, որ սխալվել են այն դրույթների հարցում, որոնք նոր օրենսգրքով փոխում են, սա քաղաքական բարեխղճության հարց է, պրոֆեսիոնալության հարց է: Կարելի էր չէ՞ նախօրոք գլխի ընկնել, որ խնդիրներ են լինելու: Հարց եմ տալիս՝ բա երկար չէիք մտածե՞լ, որ բերում եք, հետո մի ժամ հետո հանում եք:
— Այդ դեպքում ո՞րն է Հարկային նոր օրենսգիրք բերելու բուն դրդապատճառը:
— Եթե ցանկացած պաշտոնյա հրապարակային ընդունի, որ սխալվել է, դրանից հետո պատասխանատվության հարց կառաջանա: Դա հասկանալի է, բայց ճիշտը ընդունելն է: Կարծում եմ, որ այս փոփոխությունների հիմնական իմաստը պետական բյուջեն լցնելն է: Հարկային բեռը ռեալ ավելանալու է: Այնինչ, բյուջեն լցնելը չպետք է լինի սոցիալական բեռի հաշվին՝ հատկապես, երբ թոշակը, աշխատավարձը չի բարձրանում: Եթե հարկային քաղաքականության մեջ սոցիալական բեռի աճ կա, ուրեմն պետք է գնաճը զսպել, զսպել առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, ինչպես հացը, կարագը, կաթնամթերքը, որոնք վերջին շրջանում գիտեք, թե ինչքան են թանկացել: Խոշոր արտադրողը այս ամենին դիմանալու ռեսուրս ունի: Իսկ փոքրի համար շատ բարդ է լինելու: Այս ամենը հարվածում է՝ սպառողական զամբյուղի քաղաքացիներին, փոքր ու միջին ընկերություններին:
— Դուք կարծում եք, որ սա մտադրվա՞ծ քաղաքականություն է:
— Ոչ, սա պարտադրված քաղաքականություն է, այլընտրանք չունենալու քաղաքականություն է: Հաջորդ տարվա բյուջեով նախատեսված են ծախսեր, որոնք պետք է լինեն եկամուտների հիմքում: Պետք է կանխատեսել՝ գնագոյացման ու սոցիալական բեռի ավելացմամբ գնողունակությունն իջնելու է, մարդիկ հնարավորություն չեն ունենալու սպառել: Սա պետք է հաշվի առնել: Գինը մեծացրեցիր՝ գնողունակությունը իջավ: Այն, ինչ 2008-2009 թթ.-ից հետո եղավ, պետք է ադեկվատ, համարժեք քաղաքականությամբ պատասխան տրվեր, բայց եթե հենց սկզբից նման քաղաքականություն չեն վարում, պրոբլեմները կուտակվում են, նրանք քաշ ու գին ունեն: ՀՀ տնտեսությունն այնքան բարձր դիմադրողականություն չունի, որ պարտքը ՀՆԱ հարաբերակցությունը 60-70 տոկոսի հասցվի: Իհարկե, լուծումներ կան, որոնք պետք է աջակցություն ունենան մասնագիտական ու հանրային լսարանի կողմից: Բոլոր ռեֆորմները պետք է այն աստիճանի ցավոտ չլինեն, որ մտածենք, թե ինչպես մարել այդ մանր օջախները: Իսկ այս օրենսգրքով արված փոփոխությունները ցավոտ են լինելու: