27 Սեպտեմբերի 2020թ. 11:18

Արևային էներգետիկան փոխում է մեր առօրյան թե՛ կենցաղում, թե՛ բիզնեսում, թե՛ հանրային հատվածում

Արևային էներգետիկայի լուծումները հասանելի դարձնել հայ ընտանիքներին. սա «Շտիգեն» ընկերության որդեգրած առաքելությունն է։ Իր գործունեությամբ «Շտիգենը» նպաստում է էներգետիկ անկախությանը և խթանում էկոլոգիապես մաքուր և անվտանգ տեխնոլոգիաների տարածումը Հայաստանում: Ընկերության հիմնադիր-տնօրեն ՀԱՅԿ ՇԵԿՅԱՆԻ հետ զրուցում ենք ընկերության և արևային էներգետիկայի հնարավորությունների մասին։

Պարոն Շեկյան, ներկայացրեք «Շտիգեն» ընկերությունը։
-Հիմնադրվել է 2011 թվականին և այդ պահից ներմուծել է արևային ջրատաքացուցիչներ, իրականացրել ցանկացած բարդության ջրատաքացուցիչների համակարգերի մոնտաժ։ 2016 թվականից, երբ ձևավորվեց օրենսդրական դաշտը, աշխատանքներ ենք ծավալում նաև արևային էլեկտրական հոսանքի ոլորտում, իրականացնում ենք արևային համակարգերի հետ կապված բոլոր աշխատանքները՝ նախագծում, վաճառք, տեղադրում, սպասարկում: Մենք փորձում ենք լինել բաց, թափանցիկ և սոցիալապես պատասխանատու։ Բավականին հաճախ բարեգործական ծրագրեր ենք իրականացնում, փորձում ենք մարզերում ակտիվացնել զարգացման գործընթացներ։ Մեր աշխատակիցներից շատերը հենց մարզերից են, շատերը խոպան չեն գնացել, քանի որ նրանց աշխատանք ենք առաջարկել։ Մի շարք միջազգային արտադրողների բացառիկ ներկայացուցիչն ենք տարածաշրջանում: Ընդամենը մի քանի օր առաջ ստացել ենք արևային ինվերտորներ (փոխակերպիչ) արտադրող միջազգային առաջատար ընկերություններից մեկի՝ ավստրիական Fronius-ի «սերվիս +» գործընկերոջ կարգավիճակ, ինչը մեզ տալիս է տարածաշրջանում այս արտադրանքի տեխնիկական սպասարկում իրականացնելու իրավունք:
Որքանո՞վ է Հայաստանում զարգացած արևային էներգետիկան։
-Այն բավականին լայն ոլորտ է։ Կիրառման առումով վերջին տարիներին մեր երկիրը մեծ առաջընթաց է ապրել։ Եթե մի քանի տարի առաջ մենք փորձում էինք բացատրել, թե ինչ են տալիս նոր տեխնոլոգիաները, պրոպագանդել դրանք որպես առաջադեմ, օգտակար և կիրառական մեր կյանքում, մարդիկ չէին ընկալում, չէին ընդունում, ապա այսօր հակառակ պատկերն է. մարդիկ իրենք են գալիս մեզ բացատրում, թե ինչքան լավ բան է արևային էներգետիկան։ Այդ տեսանկյունից մեծ ձեռքբերումներ ունենք, և ոլորտը Հայաստանում արագ աճ է արձանագրում։ Դրան նպաստել է մի քանի հանգամանք. խոսքը թե՛ մասնավոր հատվածի ընկերությունների, թե՛ պետության բավական ակտիվ գործունեության մասին է։ Եթե նախկինում՝ 90-ականների վերջից մինչև 2014-2015 թվականները, պետությունն ավելի շատ հայտարարում էր արեգակնային էներգետիկան որպես առաջնային ուղղություն և դա կապում էր էներգետիկ անկախության և ընդհանուր զարգացման հետ, ապա 2014 թվականից պետությունը սկսեց իրական քայլեր ձեռնարկել, կանոնակարգեց ոլորտը, որոշակի օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկավ, ինչը նպաստեց ոլորտում տնտեսավարող սուբյեկտների համար ավելի ընդլայնվող պահանջարկի դաշտ ստեղծելուն։ Մշակվեցին վարկային գործիքներ. ավելի մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրվեցին ոլորտի զարգացման նպատակով։ Եթե խոսենք արևային էներգետիկայի ոլորտի արտադրական գործունեության մասին, ապա այդ ուղղությամբ ևս քայլեր արվել են։ Կան ընկերություններ, որոնք արևային վահանակներ են արտադրում, սակայն, այդուհանդերձ, ես չեմ կարող ասել, թե Հայաստանն արևային տեխնոլոգիաների արտադրության իմաստով զարգացած երկիր է։ Որոշակի գործընթացներ են տեղի ունենում, որոնք մեկ-երկու տարի անց կարող են նման հիմքեր տալ։
Կա՞ն թվային տվյալներ արևային էներգետիկայի կիրառման հետ կապված։
-Եթե ընկերությունների թվի առումով դիտարկենք հարցը, ապա թռիչքաձև աճ է գրանցվել։ 2011-ից մինչև 2015 թվականն այս ոլորտում գործում էր ընդամենը 5-6 ընկերություն, որոնցից 2-3-ն էին ակտիվ։ Վերջին երկու տարվա ընթացքում կարելի է առանձնացնել ոլորտում աշխատող 15-20 ընկերություն։ Ոլորտի համախառն արդյունքի մասին խոսելիս նշենք, որ եթե նախկինում դա կես միլիոնից մինչև 1 միլիոն դոլարի սահմաններում էր, ապա 2016-2017 թթ. այդ թիվը առնվազն եռապատկվել է։ Իհարկե, կարելի է նաև խնդիրը տնային տնտեսությունների կտրվածքով դիտել, սակայն պետք է նկատել, որ ոլորտի ակտիվ շահառուներից են բիզնեսը և հանրային հատվածը։ Այսօր արևային ջրատաքացուցիչներ ունի մոտ 5 հազար տնային տնտեսություն, իսկ արևային էլեկտրաէներգիա արտադրող կայանների թիվն այս պահին մի քանի հարյուր է։ Էլեկտրական հոսանքի արտադրման մասով ծավալը համեստ է, քանի որ այդ ոլորտի զարգացումը սկսվել է համեմատաբար ուշ։ Եթե նախկինում արևային էներգետիկան դիտարկում էինք որպես մի բնագավառ, որն ի վիճակի է նպաստելու մեր էներգետիկ անվտանգության բարելավմանը, ռիսկերի նվազեցմանը, ապա այսօր այն ընկալվում է նաև որպես երկրի տնտեսության զարգացման կարևոր գործոններից մեկը՝ որպես գործատու, որպես ավելացած արժեք ստեղծող, բարեկեցություն բարձրացնող ոլորտ, քանի որ այստեղ ստեղծվում են համեմատաբար բարձր վարձատրվող կայուն աշխատատեղեր։
Դուք նշեցիք թվեր, դրանք մեր արևային էներգետիկայի իրական ներուժի քանի՞ տոկոսն են։
-Ներուժը հազարավոր անգամ ավելի մեծ է, քան այսօր օգտագործվում է։ Եվ դա բնական է։ Ոլորտը նոր է ձևավորվում։ Կա աճի որոշակի տեմպ, և այդ տեմպն աստիճանաբար արագանում է։ ՈՒնենք գյուղեր, որոնք հաճախ անվանում ենք արևային գյուղեր: Այստեղ արևայնացումը համատարած է՝ 70-100 արևային համակարգ մեկ համայնքում: 2011-ին, երբ նոր էինք հիմնադրել ընկերությունը, տեղադրումները անհամեմատ քիչ էին:

Այնուամենայնիվ, այն, ինչ մենք ունենք հիմա, մեր հնարավորությունների չնչին ծավալն է, և վստահ եմ` շատ շուտ, մոտ 3-4 տարվա ընթացքում ականատես կլինենք, թե ինչպես այդ ներուժը գոնե 70-80 տոկոսով կօգտագործվի։ Իրականում դա կփոխի մեր առօրյան թե՛ կենցաղում, թե՛ բիզնեսում, թե՛ հանրային հատվածում։
Ի՞նչ առավելություններ ունեն արևային ջրատաքացուցիչները, արևային էլեկտրակայանները։ Ինչո՞ւ պետք է սպառողը նախընտրի դրանք։
-Առավելությունները շատ են։ Նախ և առաջ, եթե դիտարկենք տնտեսական բաղադրիչը, ապա մարդու համար բարեկեցության ավելի բարձր աստիճան է. մեկ անգամ նման ներդրում անելով՝ արևային տաքացուցչի պարագայում 20 տարի (դա արտադրողի տված ժամկետն է, իրականում դրանք ավելի երկարակյաց են), իսկ արևային կայանների դեպքում 25 տարի անկախ է էլեկտրաէներգիայի, գազի, էներգակիրների գների տատանումներից։ Բացի այդ, ներդրումն արվում է մի քանի տասնյակ տարիների կտրվածքով։ Սարքը վարկով ձեռք բերելու դեպքում գրեթե նույն գումարը վճարվում է ոչ թե էլցանցին կամ «ՀայՌուսգազարդին», այլ բանկին, և որոշ ժամանակ անց սարքը մնում է սպառողին։ Այսինքն՝ ֆինանսական, տնտեսական տեսանկյունից սպառողը ոչ մի վնաս չի կրում։ Իսկ բնապահպանական առումով` այդ սարքերի արտադրած էլեկտրաէներգիայի չափով պակաս ծանրաբեռնվածություն են ունենում ավանդական ճանապարհով արտադրանք տվող էլեկտրակայանները, ինչը նշանակում է, որ համապատասխան չափով պակաս աղտոտում է տեղի ունենում։ Նոր համակարգերի տեղադրումը չի նշանակում տանը եղած համակարգերի ապամոնտաժում։ Պարզապես նոր համակարգերը գալիս, ինտեգրվում են եղածներին։ Եվ եթե մի փոքր գլոբալ, մակրո մակարդակով հարցը դիտարկենք, ապա կհասկանանք, որ նվազում են ներմուծումը, մեր ազգային պարտքը և այլն, գլոբալ իմաստով երկիրն օգտվում է։ Վերլուծելով արևային ջրատաքացուցիչներ կամ արևային կայաններ ձեռք բերելու անհատի դրդապատճառները՝ անկասկած գերակշռում են դրական՝ ձեռքբերման օգտին խոսող հանգամանքները։
Զրույցը` Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ. Գ.— Նշենք, որ դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Շտիգենի» 1 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայանի բացման արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կայանը բաղկացած է 3124 բազմաբյուրեղ արևային վահանակներից և 37 արևային փոխակերպիչներից, որոնք ձեռք են բերվել աշխարհում դրանց արտադրության ոլորտում մասնագիտացած առաջատար ընկերություններից: Նախատեսվում է, որ կայանը կկարողանա տարեկան արտադրել 1600 ՄՎտժ էլեկտրաէներգիա:

Աղբյուրը՝ www.irates.am