24 Սեպտեմբերի 2020թ. 18:44

Եվրոպան ահազանգում է՝ բիթքոինը կարգավորման կարիք ունի

Եվրոպական երկրների կառավարությունները մտադիր են քայլեր ձեռնարկել բիթքոինի գլոբալ կարգավորման ուղղությամբ՝ ահազանգելով, որ աշխարհի ամենատարածված վիրտուալ արժույթը կարող է «փող լվացողների», թմրավաճառների եւ ահաբեկիչների ձեռքին գործիք դառնալ:

Ինչպես գրում է Bloomberg-ը, Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը պատրաստվում է դիմել G20 երկրներին՝ բիթքոինի համատեղ կարգավորման համար, Գերմանիայի ֆինանսների նախարարն էլ ողջունել է իր գործընկերոջ նախաձեռնությունը:
Բիթքոինի հետ կապված անհանգստությունները կիսում է նաեւ Իտալիայի կառավարությունը, որը եւս քննարկումների պատրաստակամություն է հայտնել:
«Անհրաժեշտ է քննարկել վիրտուալ արժույթների հետ կապված սպեկուլյատիվ ռիսկերն ու միջազգային մակարդակում նրանց ազդեցությունը ֆինանսական համակարգի վրա»,- նշել է Գերմանիայի ֆինանսների նախարարը:
Նրա խոսքով՝ G20 երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի նախագահների հաջորդ հանդիպումը հարմար առիթ է այս քննարկումն անցկացնելու համար:
«Ինձ դուր չի գալիս բիթքոինը: Այն կարող է թաքցնել այնպիսի անօրինական գործունեություններ, ինչպիսիք են թմրադեղերի վաճառքն ու ահաբեկչությունը: Սպեկուլյացիայի ակնհայտ ռիսկ կա, եւ մենք պետք է առերեսվենք դրան»,- ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարը:
Bloomberg-ը գրում է, որ Նոբելյան երկու մրցանակակիրներ եւս քննադատորեն են մոտեցել բիթքոինին: Ջոզեֆ Ստիգլիցը նշել է, որ այն «հասարակության համար օգտակար որեւէ գործառույթ չի կատարում», իսկ Ռոբերտ Շիլլերն ասել է, որ բիթքոինը գրավում է այն մարդկանց, որոնք ինչ որ կերպ փորձում են մոլորեցնել համակարգը: