22 Սեպտեմբերի 2023թ. 6:08

Հայաստանի նման փոքր տնտեսության պարագայում անթույլատրելի է ունենալ մոտ 20 հարկատեսակ

Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին հարցազրույցում հնչեցված մտքերին, նշեց, որ  6-7 տոկոսանոց աճը, որով տարին կամփոփվի, չի կարող ապահովել ո՛չ տնտեսության էական բարեփոխումներ, ոչ էլ քաղաքացիների բարեկեցություն: «Այս ցուցանիշների կողքին կարող եմ ներկայացնել այլ ցուցանիշ, որ 2017-ին արտագաղթի ցուցանիշը չի նվազում. հետևաբար, կարելի է արձանագրել, որ տնտեսության մեջ այն փոփոխությունները, որ տեղի ունեցան, դեռևս բավարար չեն, որ հասարակությունն իրեն լիարժեք զգա՝ ապրելով Հայաստանում»,-ասաց նա։

Պարո՛ն Առաքելյան, վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ «168 Ժամ»ի հետ զրույցում արձագանքելով դիտարկմանը, թե որն էր թիմի կատարած աշխատանքը, որքանով է բավարարված, ասել էր, թե ինչ ի սկզբանե պլանավորել էին, ինչ թվեր ասել էին, կատարվել են, թեև կան թերություններ: Նաև տարեսկզբին Հայաստան 850 միլիոն դոլարի ներդրումներ բերելու իր հայտարարություններին մասին նա ասել էր, որ չի ասել՝ մաքուր փողի տեսքով, ասել է՝ ներդրումային ծրագրեր:
-Հարցը բաժանենք երկու մասի։ Տնտեսական ակտիվության ցուցանիշները, այո, նախորդ տարվա համեմատ ավելի լավն են, որոշակի ակտիվություն նկատվում է, բայց պետք է հաշվի առնենք, որ եթե 2017-ը համեմատում ենք 2016-ի հետ, աճը կանխատեսելի էր, քանի որ 2016-ը, կարելի է ասել, վերջին 10-15 տարվա մեջ Հայաստանի համար վատագույն տարին էր՝ ապրիլյան պատերազմ, Սասնա ծռերի դեպքերը տեղի ունեցան, որից հետո նախընտրական իրավիճակ: Այսինքն՝ այդ ամեն ինչը վատ անդրադարձավ տնտեսության վրա, հետևաբար, 17 թվականի մի փոքր աշխատանքը բերելու էր ակտիվության: Սակայն 6-7 տոկոսանոց աճը, որով տարին կամփոփվի, չի կարող ապահովել ո՛չ տնտեսության էական բարեփոխումներ, ոչ էլ քաղաքացիների բարեկեցություն: Այս ցուցանիշների կողքին կարող եմ ներկայացնել այլ ցուցանիշ, որ 2017-ին արտագաղթի ցուցանիշը չի նվազում. հետևաբար, կարելի է արձանագրել, որ տնտեսության մեջ այն փոփոխությունները, որ տեղի ունեցան, դեռևս բավարար չեն, որ հասարակությունն իրեն լիարժեք զգա՝ ապրելով Հայաստանում:
Ներդրումների մասով:
-850 միլիոնը ներդրումային ծրագրերի մասով հնչած թիվ է, և 400-500 միլիոնի սահմաններում կատարվածն իրոք որոշակի աշխուժություն ապահովել է: Ծրագրերի մի մասը երկարաժամկետ են, դեռ բիզնես գործունեության սկզբնական փուլում են, դրանց ազդեցությունը գնահատելը դեռևս վաղ է: Այսինքն՝ կան ընկերություններ, որոնք կատարում են ներդրումներ, սակայն գործունեություն դեռևս չեն ծավալում, չեն ապահովում աշխատատեղեր, չեն վճարում, դեռևս, հարկեր, չեն իրականացնում արտահանում: Այսինքն՝ դրանց ազդեցությունը տնտեսության վրա շատ քիչ է. մեծ ծավալի ներդրումների ազդեցության համար դեռևս 3-4 տարի անհրաժեշտ է, որ ընկալելի լինի տնտեսության և հասարակության վրա: Եվ այս տեսանկյունից առաջիկա տարիներին՝ ամենաքիչը գոնե 3-4 տարի նման տեմպերը պետք է պահպանվեն, որ կարողանանք էական ձեռքբերումներ ունենալ ներդրումային ոլորտում: Որովհետև, եթե միայն այս տարի կառավարությունն իր ջանքերով ապահովվի ասենք կես միլիարդ դոլարի ներդրում, և հաջորդ տարի նորից շարունակենք ունենալ 10-200 միլիոն դոլարի ներդրում, երկարաժամկետ հատվածում փոփոխություն չենք արձանագրելու:
Վարչապետը, խոսելով արտաքին ներդրումների մասին, ասաց, որ մեր առջև խնդիր դնենք՝ ոգևորենք ներքին ներդրողին, որ նորմալ աշխատի, քանի որ չկա երկիր, որի ներդրողը պասիվ է, այնտեղ արտաքին ներդրողներ գան: Եվ որպես օրինակ վարչապետն ասաց, որ տնտեսվարողների համար պայմանները փորձել են հեշտացնել: Սակայն նոր ընդունված Հարկային օրենսգիրքը, շատերի կարծիքով, ոչ թե ոգևորում է, այլ հակառակը՝ արտադրողին դրդում է բիզնեսից հրաժարվել:
-Հարկային օրենսգրքի մասով, միանշանակ, համաձայն եմ, քանի որ օրենսգիրքը, այո, ներդրողի, տնտեսվարողի գլխավոր գործիքն է՝ գործունեություն ծավալելու, ներդրումներ կատարելու: Եվ մինչ այդ ունենալով մի քանի տասնյակ հարկային օրենքներ, մենք, ցավոք, ունեցանք դրանց միավորում մի փաստաթղթի ներքո և այսօր էլ ունենք մոտ 2 տասնյակ հարկեր: Համեմատության համար. Վրաստանն իր հարկային օրենսգիրքը պարզեցրեց, այնտեղ 5-6 հարկատեսակ է գործում, ինչի շնորհիվ այս երկիրը կարողացավ մեծ ներդրումներ դնել: Իսկ մեր ՀՕ-ն՝ որպես փաստաթուղթ, հավատացած եղեք, տնտեսագիտական լուրջ կրթություն ունեցող մարդկանց է հազիվ հասու: Որ կարողանան մեկնաբանել օրենսգիրքը, էլ ուր մնաց ներդրողներին, հատկապես, փոքր բիզնեսի: Միևնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ նախորդ տարի ընդունված Հարկային օրենսգիրքը, որը ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից, վերջերս ունեցավ մոտ 150 փոփոխություն: Սա անընդունելի է, քանի որ Հարկային օրենսգիրքը պետք է ապահովի կայունություն, այն պարզ պատճառով, որ ներդրումները մի քանի ամսում իրականացվելու համար չեն. ներդրողը պետք է ունենա վստահություն, որ միջավայրը, որում ինքը կատարում է ներդրումները, պետք է 5-10 տարի պահպանվի՝ վստահ լինելու համար: Սակայն մեզ մոտ կան մարդիկ, որոնք անում են ներդրում, իսկ մի քանի ամիս հետո ունենում ենք օրենսգրքի փոփոխություն: Սա մարդկանց բիզնես հաշվարկներում լուրջ տարբերության պատճառ կարող է դառնալ: Այնպես որ, Հայաստանի նման փոքր տնտեսության պարագայում ունենալ մոտ 20 հարկատեսակ, անթույլատրելի է, և փոքր բիզնեսից մինչև խոշոր տնտեսություն, կրակն են ընկնում այդ օրենսգրքի մեկնաբանությունների ձեռքը: Այն պետք է պարզ լինի այնքան, որ ցանկացած ոք, ով ուզում է ներդրում անել, ստիպված չլինի տնտեսագետի գիտելիքներ ունենալ՝ կանխատեսելու համար հարկային ռիսկերը:
Վարչապետն ասաց նաև, որ արտահանմաններմուծման 1.7% հարաբերակցությունը վատ չէ, և տպավորիչ է 2 միլիարդի արտահանման ցուցանիշը: Դուք է՞լ եք տպավորված։
-Արտահանման ցուցանիշը, այո, եղել է մեր վատագույն մակրոտնտեսական ցուցանիշներից մեկը: Եթե նայում ենք մեր տնտեսության ներգրավվածությանը արտահանման մեջ, պայմանական 1 շնչին ընկնող արտահանման ցուցանշով մենք աշխարհում վատագույններից ենք, այսինքն նրանով, որ մեր երկրի ստեղծածը աշխարհին պետք չէ: Եվ, այո, իրոք, արտահանման աճի ապահովումը շատ կարևոր է, քանի որ ներմուծման և արտահանման նման մեծ տարբերության հետևանքով մենք ունենում ենք գումարների արտահոսք. շատ ապրանք են ներմուծում, և դրա դիմաց գումարներ դուրս տալիս: Բայց բացի արտահանման աճից, շատ կարևոր է նաև արտահանման կառուցվածքը, քանի որ արտահանման կառուցվածքում կենտրոնացումը բավականին մեծ է, և կան ոլորտներ, որոնք ապահովում են մեր արտահանման հիմնական մասը՝ հանքարդյունաբերությունը։ Հաշվի առնելով, որ վերջին շրջանում արձանագրվեց մետաղների գնի աճ, հետևաբար նույն ծավալների մետաղների արտահանումն ավելի մեծ գումար է արձանագրում, ինչն էլ անդրադառնում է արտահանման ընդհանուր ծավալների վրա: Եվ փաստորեն, արտահանման ծավալների մի մասը, ցավոք, պայմանավորված չէ մեր տնտեսությունում կատարվող բարեփոխումներով: Այսինքն՝ ընդամենը միջազգային գներն անդրադառնում են մեր արտահանման ծավալների վրա:
Աղքատության այս մակարդակն ունեցող երկրում վարչապետն ասաց, որ թոշակների նվազագույն չափը չբարձրացնելը դեռ չի նշանակում, որ միջին աշխատավարձը կամ բնակչության եկամուտները չեն աճում, և որ մենք ունենք միջին աշխատավարձի 2.5 տոկոսանոց աճ: Կառավարությունում ի՞նչ մեթոդաբանությամբ են հաշվում, որ համարում են, որ կա նման աճ, և արդյո՞ք այն համարժեք է գնաճին:
-Աշխատավարձի 2 բաժանում կա՝ պետական և մասնավոր, այսինքն՝ երկրում ընդհանուր աշխատավարձի բարձրացում և պետական համակարգի: Մասնավոր ոլորտում աշխատավարձի աճը մասնավոր ոլորտի գործունեության արդյունքում է ձևավորվում, և պետական բյուջեն որևէ ազդեցություն չունի: Եվ պետական բյուջեով աշխատավարձերի փոփոխություն չի նախատեսվում: Սակայն, հաշվի առնելով, թե որքան մարդ է ներգրավված պետական հատվածում՝ այդ թվում նաև ուսուցիչներ, 100 հազար չափ մարդ կամ կես միլիոն ընտանիք պետական բյուջեից ստացվող աշխատավարձերով է հոգում իր ծախսերը, և, այո, նույնիսկ փոքր գնաճի պայմաններում, եկամուտների վատթարացում է ունենալու: Մինչդեռ, եկամուտների մի փոքր աճը դեռևս բավարար չէ աղքատության էական կրճատման համար: Եթե գլոբալ նայենք՝ ունենք 30 տոկոսանոց աղքատություն, և դրա մի փոքր կրճատումը չի կարելի համարել ձեռքբերում, որովհետև 25 տոկոսանոց աղքատության պայմաններում սա նշանակում է գրեթե 1 միլիոնի հասնող բնակչություն: Ինչը անթույլատրելի է, և այս առումով կառավարությունն էական քայլեր անելու անհրաժեշտություն ունի: Եվ, միևնույն ժամանակ, որքան էլ բյուջեի եկամուտները չեն աճում, համոզված եմ, որ բյուջետային ծախսերում անարդյունավետ ծախսերի բավականին կրճատումների տեղ կա, ինչը լիովին բավարար է թոշակներն ու պետական աշխատավարձերը էականորեն բարձրացնելու համար: Սա չարվեց, և եթե նայում ենք բյուջեի կառուցվածքը, պետական համակարգին ուղղված ծախսերը շարունակում են մնալ նույն մակարդակի վրա։ Ունենք որոշակի նվազում կրթության և առողջապահության ոլորտում, և պետական պարտքի նման աճի պայմաններում բյուջեի կառուցվածքում առաջնային ծախսերից են համարվում պետական պարտքի սպասարկման ծախսերը, որոնք այսօր և՛ կրթության, և ՛ առողջապահության ծախսերից ավելին են: Դա նշանակում է, որ բյուջեի եկամուտների միևնույն մակարդակի պահպանման պարագայում պետական պարտքի սպասարկումն ավելանում է, և այն սպասարկվում է մնացած ծախսերի կրճատման հաշվին:
Վարչապետը համայնքներ այցելելիս համայնքապետերին կոչ է անում երազանք ունենալ։ Հարցին, թե որպես վարչապետ, ի՞նչ երազանք ունի, ասել էր՝ տրամաբանական, զարգացող, պոպուլիզմից հեռու, իլյուզիաներով չապրող երկիր ունենալը: Իսկ հարցին էլ, թե դա ի՞նչ թվային տեսք կունենա, ասել էր՝ թվային տեսքը կգա ավելի ուշ՝ որպես ածանցյալ: Հաշվի առնելով, որ ինքը 2016-ից պաշտոնավարում է, կարելի՞ է ասել, որ ինքը հասել է իր երազած երկրի համար անհրաժեշտ մակրոտնտեսական չափանիշներին:
-Կառավարության փոփոխությունը չփոխեց համակարգը, քանի որ նույն քաղաքական թիմի մաս է կազմում այս կաբինետը, և ի սկզբանե չկային լուրջ պատրանքներ, որ կառավարությունը կարող է լուրջ ձեռքբերումների հասնել: Հետևաբար, այս կառավարության այդ 1,5 տարվա գործունեությունը կարելի է ընդամենը գնահատել բավարար: Սակայն, եթե խոսենք երազանքից, կարծում եմ՝ ցանկացած կառավարության ու իշխանության գործունեության հիմքը պետք է լինի ՀՀ քաղաքացին, և եթե այս երազանքը վերածենք թվային ցուցանիշի, իմ կարծիքով՝ իշխանության համար թիվ 1 ցուցանիշը պետք է լինի այն, որ ՀՀ քաղաքացին իր և երեխաների ապագան չփորձի գտնել այլ երկրներում և շարունակի ապրել Հայաստանում: Հակառակ պարագայում, ցանկացած մակրոտնտեսական ցուցանիշ տնտեսական ցուցանիշներ, ընդամենը մնում են հաշվետվությունների մակարդակում:

Անուշ Դաշտենց

Աղբյուրը` tert.am