Nielsen միջազգային վերլուծական կենտրոնի անցկացրած գլոբալ հարցման արդյունքում պարզվել է, թե ինչ են մարդիկ որոշում սկսել նոր տարվա սկզբից։
37 տոկոսը մտադիր է առողջ կենսակերպով ապրել։ Նրանք բառացիորեն երդվում են, որ հաջորդ տարին առողջության տարի կլինի, առնվազն երեք անգամ մարզասրահ կգնան, ավելորդ քաշ գցեն։ Գուշակեք, թե ինչ է ստացվում։ Մտադրություններն այդպես էլ մնում են մտադրություններ։
32 տոկոսը որոշում է նիհարել։ Ժամանակակից այդ խնդիրը, չնայած լուծման համար նպաստավոր պայմանների առկայությանը, այդպես էլ խնդիր է մնում։ Իսկ լուծումը պարզ է՝ քաշի նվազման ծրագրերի վրա ծախսելու փոխարեն ծախսել «ճիշտ» սննդի վրա։
28 տոկոսը որոշում է ապրել լիակատար կյանքով։ Սակայն այդ պատկերացումը յուրաքանչյուրի մոտ տարբեր է։
25 տոկոսը պատրաստվում է տնտեսել, վարկեր չվերցնել։ Սակայն, ցավոք, ոչ միշտ է հաջողվում։
19 տոկոսը խոստանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի եւ ընկերների հետ։ Արդիական որեւէ բարիք չի կարող փոխարինել մերձավորների հետ ջերմ շփմանը։ Բայց տվյալ ցանկությունը բախվում է բազում պայմանների՝ բնակության վայրի, արտաժամյա աշխատանքի եւ ժամանակակից այլ հոգսերի։
Թերեւս դուք էլ ունեք այդ որոշումներից որեւէ մեկը նոր տարում անելու ցանկություն, թեեւ հարցվածների 16 տոկոսը նոր տարվա հետ կապված որեւէ որոշում չի հայտնել։
Աղբյուրը` news.am