Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ (այժմ՝ Գյուզնութ) գյուղում։
Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում՝ ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև մեկնել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ թողնում ուսումը և ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ 1906 թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադառնում է Հարավային Կովկաս։
1907 թվականին մտնում է ՀՅԴ շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ մեկնում է Բուլղարիա։
Երբ 1912 թվականին սկսվեց Առաջին Բալկանյան պատերազմը, և հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։
Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լինելով զորավար Դրոյի օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։
Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Վանաձորի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Վանաձորում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է Նժդեհը) արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո 1918 թ. վերջին Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թ. օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։
Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, և, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։ Ըստ 1920 թվականի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից։ Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի դեմ մինչև 1921 թվականը, նա միայն լքում է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո, ըստ որի Սյունիքը մնալու էր Հայաստանի կազմում։ 1921 թվականին Նժդեհն իր զինակիցներով անցնում է Պարսկաստան։ Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռանում է Բուլղարիա։
Նժդեհն իր մասնակցությունն է բերում 1942 թ-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչև 1943 թ-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան, «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան)։
1944 թ-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա։
Գիտեմ թե ինչ է սպասվում ինձ, բայց և այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա։ Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները («Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը»)։ Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ… Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին…» — գրում էր Նժդեհը 1944 թվականի սեպտեմբերին, ձերբակալությունից քիչ առաջ:
Կասկածելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ, 1944 թ-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է։ Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946 թ-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948 թ-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944 թ-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին)։
Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը և զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը։
1947 թ-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։ Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործունեության ձևերին, կառուցվածքին և այլն։ Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։
1948-1952 թթ-ին Նժդեհը գտնվում է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչև 1953 թվականի ամառը՝ Երևանի բանտում։ Նժդեհին երկրորդ անգամ Երևան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դևեջյանը, պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության և խորհրդային իշխանության միջև հասկացողություն և գործակցություն ստեղծելու համար։ Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953 թվականին, Նժդեհն ու Դևեջյանը Երևանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին՝ հակաթուրքական հողի վրա։ Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել և այն մնաց որպես միայն փաստաթուղթ։
Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955 թվականիի դեկտեմբերի 21-ին։
Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։ Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)։
Իր մահից տասնամյակներ անց՝ 1992 թ-ի մարտի 30-ին, Նժդեհը անկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից արդարացվեց,որի կարիքը երբեք չէր զգացել։