Հայաստանի տնտեսական զարգացումը գտնվում է այնպիսի փուլում, երբ հնարավոր թերացումները չեն կարող պատճառաբանվել տնտեսության անցումային բնույթով, իսկ հետագա առաջընթացը հնարավոր է միայն ճիշտ հիմնավորված տնտեսական քաղաքականության շնորհիվ: Նկատենք, որ համաշխարհային տնտեսության զարգացման արդի փուլում տնտեսական անհաջողությունները չեն կարող պատճառաբանվել նաև երկրի փոքր չափերով (ավելին, որոշ տեսաբանների կարծիքով փոքր երկրները նույնիսկ որոշակի առավելություններ ունեն` արտահանմանն ուղղված տնտեսության ձևավորման առումով) կամ բնական ռեսուրսների սակավությամբ. բազմաթիվ երկրների (Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Շվեյցարիայի) փորձն ապացուցել է, որ նման պատճառաբանություններն անհիմն են: Մինչդեռ, ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքի և հիմնական միտումների ուսումնասիրությունը, դրանց համադրումը տնտեսական աճի ցուցանիշների և այլ տնտեսական իրողությունների հետ, թույլ է տալիս եզրակացնել, որ աշխատանքի միջազգային բաժանմանը Հայաստանի մասնակցությունը հիմնավորված չէ տնտեսական արդյունավետության չափանիշներով և չի համապատասխանում երկրի տնտեսական հնարավորություններին: Նկատենք, որ ունենալով տնտեսության ազատականացման բարձր ցուցանիշ, զգալիորեն ցածր են արտահանման ծավալները:
Արտաքին տնտեսական զարգացումներում համապատասխան արձա- գանք են պահանջում նաև որոշակի տարիներին արձանագրված տնտեսական աճի բարձր ցուցանիշները, որոնց վրա հիմնված արտաքին առևտ- րի կառուցվածքի բարելավման ակնկալիքներն այդպես էլ չեն արդարացվում:
Այնինչ, Հայաստանի տնտեսական հնարավորություններն այնքան էլ սահմանափակ չեն: Ուստի, արդիական է դրանց բացահայտման և արդյունավետ օգտագործման նպատակադրումն` արտաքին առևտրի կառուցվածքի որոշակի կատարելագործման նկատառումներով:
Համաշխարհային բանկի տվյալներով գիտատար և բարձր տեխնոլո- գիաների արտահանումը Հայաստանից 2009-2015թթ. կազմել է ամբողջ արտահանվող արտադրանքի մոտ 3,7%-ը: Տարածքով համեմատելի այլ երկրների նույն ցուցանիշները կազմել են. Սինգապուր-49%, Իսրայել-23%, Լիբանան-7,2%, Դոմինիկյան Հանրապետություն-5,4%, Սլովակիա-5,3%, Սլովենիա-6,5%, Էստոնիա-10%1:
Անխոս, Հայաստանն ունի օբյեկտիվ մի շարք էական մրցակցային սահմանափակումներ (օրինակ` նավահանգիստների բացակայություն, փակ սահմաներ որոշ հարևան երկրների հետ, բարձր տրանսպորտային ծախսեր): Սակայն, առանձին դեպքերում, այդ սահմանափակումները կարելի է ծառայեցնել սեփական մրցունակության բարձրացմանը: Այստեղ հիմնական ռազմավարությունը, որին պետք է հետևել ապրանքների/ծա- ռայությունների բարձրարժեք արտադրությունն է: Մասնավորապես, սա վերաբերում է բարձր (գիտատար) տեխնոլոգիաների ոլորտի ապրանք/ծառայություններին, նորարարական լուծումներին:
Երկրի մրցակցային առավելությունների շարքում կարելի է նշել նաև հարմար աշխարհաքաղաքական դիրքը Ռուսաստանի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև, որակավորված աշխատանքային ռեսուրսների առկայությունը, ավանդական ուժեղ գիտական հիմքը:
Շատ կարևոր է թույլ չտալ բարձր տեխնոլոգիաների, արտադրութ- յունում գիտության և տեխնիկայի ձեռքբերումների ներդրման, ինովացիոն զարգացման, ինտելեկտուալ ներուժի բարձրացման ոլորտում Հայաստանի կրիտիկական չափով ետ ընկնելը: Կարևոր է պահպանել գոյություն ունեցող որակյալ ռեսուրսները, կրճատել այսպես կոչված
«ուղեղների արտահոսքը»` նոր բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծմամբ: Կարևոր է նաև կրթության և նոր կադրերի պատրաստման այն համակարգերի օպտիմալացումը, որոնք թերի են բավարարում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության պահանջները:
Այս խնդիրերի լուծման ամենաառանցքային կողմը բազմաթիվ երկր- ների հակաճգնաժամային ծրագրերում հանդիսանում է արտահանման ավելացումը, նորարարական տնտեսության ստեղծումը/պահպանումը, հե- ռանկարային ուղղություններում օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Այս տեսանկյունից հատուկ նշանակություն և կարևորություն ունեն Ազատ տնտեսական գոտիները:
Նարինե Շեկոյան