2017 թվականն արդեն կարելի է ամփոփել Նոբելյան մրցանակակիրների առումով: Դեկտեմբերի 10-ին՝ հեղինակավոր մրցանակաբաշխության հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցավ Նոբելյան մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը:
Խաղաղության Նոբելյան մրցանակըստացավ Միջուկային զենքի արգելման միջազգային արշավը, իսկ ավելի կոնկրետ՝ արշավի գործադիր տնօրեն, Շվեդիայի քաղաքացի Բեատրիս Ֆինը, ինչպես նաև 85-ամյա ճապոնուհի Սեցուկո Տերլոուն, ով ժամանակին վերապրել է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունը և հետագայում երկար տարիներ պայքարել է միջուկային զենքի արգելման համար։
Միջուկային զենքի արգելման միջազգային արշավի գլխավոր ուղերձն է. «Քանի դեռ միջուկային զենքը գոյություն ունի, աշխարհն անվտանգ չի լինի»։ Այդ ուղերձին արձագանքում են միլիոնավոր մարդիկ, որոնք զգում են, որ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը ներկայումս ավելի քան մեծ է:
Հոկտեմբերին հայտնի դարձավ Գրականության Նոբելյան մրցանակակիրը, ով ճապոնական ծագումով բրիտանացի գրող Կաձուո Իսիգուրոն է:
Նախորդ տարվա Նոբելյան գրական մրցանակի սկանդալային դեպքերից եւ բազմաթիվ դեբատներից հետո, երբ մրցանակը շնորհվել էր երաժիշտ Բոբ Դիլանին, այս տարի փաստորեն Նոբելյանի հանձնաժողովը նորից շրջադարձ կատարեց։
«Իր վեպերում աննկարագրելի էմոցիոնալ ուժով բացահայտում է մեր՝ աշխարհի շուրջ ունեցած պատրանքային պատկերացումները»։ Այս բառերով 63-ամյա Իսիգուրոյին հանձնեցին իր հեղինակավոր մրցանակը:
Ճապոնացի գրողի առավել հայտնի գործերն են՝ «Օրվա մնացորդը» (“The Remains of the Day”, 1989թ․),«Երբ մենք որբեր էինք» ( “When We Were Orphans”, 2000թ․), «Մի՛ լքիր ինձ» (“Never Let Me Go”, 2005թ․), «Թաղված հսկան» (“The Buried Giant”, 2015թ․)։ Իսիգուրոյի գրքերի հիման վրա Էկրանավորվել է երեք ֆիլմ։
Ջեֆրի Հոլը, Մայքլ Ռոսբաշն ու Միխայել Յանն արժանացել են ֆիզիոլոգիայի ու բժշկության ասպարեզում2017 թ․նոբելյան մրցանակին։ Ստոկհոլմում գիտնականներին մրցանակ են շնորհել «ցիրկադային ռիթմերը կառավարող մոլեկուլյար մեխանիզմների հայտնագործության» համար։
Ցիրկադային ռիթմեր են կոչում ցերեկվա ու գիշերվա հերթագայության հետ կապված զանազան կենսաբանական պրոցեսների ինտենսիվության ցիկլային տատանումները։ Այս մասին տեղեկացնում է Նոբելյան մրցանակաբաշխության Թվիթերը։
Որպես մոդելային օրգանիզմ օգտագործելով մրգերի ճանճերին՝ այս տարվա նոբելյան դափնեկիրները պարզել են, թե որ գեներն են կառավարում նորմալ ցիրկադային կենսաբանական ռիթմը։ Նրանք ցույց են տվել, որ այդ գենը կոդավորում է սպիտակուցը, որը կուտակվում է բջջի մեջ գիշերվա ընթացքում, իսկ հետո քայքայվում ցերեկվա ընթացքում։
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի կողմից քիմիայի ոլորտում այս տարի Նոբելյանմրցանակի են արժանացրել Ժակ Դյուբոշեն, Խոակիմ Ֆրանկը և Ռիչարդ Հենդերսոնը:
Գիտնականները հաղթել են կենսաբանական նմուշներն ուսումնասիրելու հնարավորություն տվող կրիոէլեկտրոնային միկրոսկոպիայի մշակման համար: Հայտնի է, որ կրիոէլեկտրոնային միկրոսկոպիան հնարավորություն է տալիս հետևել մոլեկուլներին՝ դրանք արագ սառեցնելով, բայց միևնույն ժամանակ բնական կառուցվածքը պահպանելով:
Ֆիզիկայի բնագավառում 2017 թվականին Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի հետազոտողներ Քիփ Թորնին, Ռայներ Վայսին եւ Հարրի Բերիշին: Այդ մասին հայտնել է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի Նոբելյան կոմիտեն:
Մրցանակակիր գիտնականները դեռ 2002-ին հիմնադրել են LIGO լազերային-ինտերֆերոչափական գրավիտացիոն-ալիքային դիտարանը, այնտեղ անցկացված բազմամյա ուսումնասիրությունների արդյունքում փորձարարական եղանակով հայտնաբերել են գրավիտացիոն ալիքները:
Եվ վերջապես, 2017 թվականի տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրն է ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերը:
Թալերը Նոբելյան մրցանակի է արժանացել «տնտեսական վարքի հետազոտության մեջ ավանդի» համար։
Ուշագրավ է, որ Ֆորմալ առումով այն չի կարող Նոբելյան համարվել, քանի որ Ալֆրեդ Նոբելի կտակում այդ ոլորտը բացակայում է։ Տնտեսագիտության ոլորտում մրցանակը սահմանվել էր 1968 թվականին Շվեդիայի բանկի կողմից։