28 Նոյեմբերի 2023թ. 15:01

ՇԱՆ ՏԱՐՈՒՄ…

2018 թվականը Դեղին Շան տարի է:

Եկեք տեսնենք, թե Դեղին Շունն ի՛նչ հետք է թողել հայոց պատմության էջերում, արդյոք մի՞շտ էր խաղաղասեր:

Մ.թ.ա. 754 թ. — Սարդուրի Բ արքան հաղթանակ տարավ Ասորեստանի թագավոր Աշուրնիրարի Զ-ի նկատմամբ: Արարատյան թագավորությունը Մենուա, Արգիշտի Ա թագավորների կառավարման ժամանակաշրջանում հզորագույնն էր աշխարհում: Հայոց երկիրն իր առաջնությունը պահեց նաև Սարդուրի Բ-ի կառավարման առաջին շրջանում:

Մ.թ.ա. 550 թ. — Հայոց բանակի հարվածներից կործանվեց Մարաստանը: Այո՛, երբ հայն ապավինել է իր բազկին՝ պատմության իր փառահեղ էջերն է կերտել: Հայոց Տիգրան Երվանդյան արքան, բացահայտելով մարաց Աժդահակ արքայի դավաճանությունն ու նենգությունը, սպանեց նրան մենամարտում և Մարաստանի թագավորությունը կործանեց:

Մ.թ.ա. 538 թ. – Հայկական բանակը աքեմենյան արքա Կյուրոս Բ բանակի կազմում մասնակցեց Բաբելոնի նվաճմանը; Ցավոք, հաճախ ենք մեր զորությունը վատնել օտարի համար, արյուն հեղել հանուն օտարի շահի:

Մ.թ.ա. 190 թ. — Մագնեսիայի ճակատամարտը՝ կարևոր իրադարձություն հայ ժողովրդի պատմության մեջ: Ասիա ներխուժած հռոմեական բանակը ջախջախեց սելևկյան զորքերը: Առիթից օգտվելով՝ Արտաշեսը հռչակեց Մեծ Հայքի անկախություն, զորեղ թագավորության ու իր դինաստիայի հիմքը դրեց: Արտաշեսի զինակից ու ազգական Զարեհը անկախություն հռչակեց Ծոփքում:

Մ.թ.ա. 94 թ. — Տիգրան Մեծը գրավեց Ծոփքը: Հայոց գահ բարձրանալով՝ Տիգրան Մեծն իր առաջ խնդիր դրեց ստեղծել հզոր աշխարհակալություն: Եվ նա սկսեց այնտեղից, որտեղ կանգ էր առել իր պապը՝ Արտաշես Ա-ն, որ միավորեց հայոց բոլոր հողերը՝ բացառությամբ Ծոփքի թագավորության:

Մ.թ.ա. 94 թ. — Հայ-պոնտական դաշինքի կնքումը: Տեսնելով Տիգրան Մեծի համառությունն ու հասկանալով նրա հավակնությունները՝ հայոց հյուսիսային հարևանի՝ Պոնտոսի թագավորության տիրակալ Միհրդատ Զ Եվպատորը նրան դաշինք առաջարկեց: Կնքվեց հայ-պոնտական դաշինք, որն արդյունավետ էր երկու կողմերի համար և գործեց մինչև մ.թ.ա. 66 թվականը:

Մ.թ.ա. 34 թ. — Անտոնիոսի արշավանքը Հայաստան: Արտավազդ Բ հայոց արքայի գերեվարությունն ու մահը: Հայոց քաջ և առաքինի տիրակալը, որ իր նվիրումը հայրենիքին, քաջությունն ու դիվանագիտական նուրբ ընկալումը բազմիցս ապացուցել էր, սայթաքեց, ընկավ հռոմեացի նենգ ու դավաճան զորավար Մարկոս Անտոնիոսի լարած ծուղակը, կալանավորվեց ու սպանվեց: Բարեբախտաբար հայոց գահին նրան փոխարինեց քաջ ու զորեղ որդին՝ Արտաշես Բ-ն:

Մ.թ.ա. 34 թ. — Արտաշես Բ՝ հայոց այս քաջ գահակալը, զբաղեցնելով գահը, վրեժ լուծեց ոսոխից իր հոր սպանության համար՝ սրակոտոր անելով 30 հազար հռոմեացիների:

62 թ. — Հռոմեական զորքերի ծանր պարտությունը Հռանդեայում: Սա Հռոմի պատմության մեծագույն խայտառակությունն էր: Հռոմեական 80-հազարանոց զորքն անցավ անարգանքի լծի տակով: Տրդատ Ա Արշակունին հաղթահանդեսով մտավ Հռոմ, և Ներոն կայսրը ստիպված էր ճանաչել հայոց անկախությունը:

338 թ. — Մահացավ Խոսրով Կոտակը: Իր կարճատև թագավորության շրջանում նա հասցրեց հիմնադրել Դվին մայրաքաղաքն ու տնկել Խոսրովի անտառները՝ մեզ հասած աշխարհի հնագույն արգելոցը:

350 թ. — Արշակ Բ արքայի գահակալության սկիզբը: Նա ողջ կյանքում պայքար մղեց Հռոմի, Պարսկաստանի և Հայաստանը ներսից քայքայող եկեղեցու դեմ: Պարսիկները միայն դավադրաբար կարողացան նրան ձեռք գցել և Անհուշ բանտը նետել:

374 թ. — Պապ թագավորի սպանությունը: Հայոց պատմության թերևս ամենաամոթալի էջերից մեկը: Հայոց երիտասարդ ու քաջ արքայի սպանությունից հետո հայոց կաթողիկոսն ու նախարարները ժողով են գումարում և որոշում, որ պետք չէ վրեժ լուծել հռոմեացիներից, քանզի վայել չէ քրիստոնյա հային վրեժ լուծել քրիստոնյա հռոմեացուց, երբ նա սպանել է մի հեթանոս հայ արքայի:

374 թ. — Վարազդատ Արշակունու գահակալության սկիզբը: Նա մահապատժի ենթարկեց Պապի սպանության մեղավորներից մեկին՝ Մուշեղ Մամիկոնյանին: Ցանկացավ նաև անկախ քաղաքականություն վարել, սակայն նրա ընթացքը կասեցրեց Պարսկաստանից Հայաստան գործուղված Մանվել Մամիկոնյան զորավարը, որ ապստամբեց հայոց արքայի դեմ և նրան գահընկեց արեց:

422 թ. — Գահ բարձրացավ Արտաշես Դ Արշակունին՝ վերջին արքան Արշակունյաց հարստությունից: Նրա օրոք գրվեց հայոց պատմության ամենաամոթալի էջերից մեկը: Հայոց ազնվականները դիմեցին պարսից արքային՝ խնդրելով գահընկեց անել Արտաշեսին և պատրաստակամություն հայտնեցին հավատարմորեն ծառայել պարսից արքային:

482 թ. — Ներսեհապատի ճակատամարտը: Հայկական բանակը Գայլ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախեց պարսկական մեծաքանակ զորքերը:

482 թ. — Ճարմանայի ճակատամարտը: Վրացիների կազմակերպած դավադրությունը: Ճակատամարտի հենց սկզբից վրաց բանակը՝ Վախթանգ թագավորի հրամանատարությամբ, նահանջեց՝ հայոց բանակը թողնելով պարսկական մեծաքանակ զորքերի դեմ հանդիման: Հայոց զորքը ծանր պարտություն կրեց:

770 թ. — Սմբատ Բագրատունին ճանաչվեց հայոց իշխան: Բագրատունիները աստիճանաբար իրենց դիրքերն ամրապնդեցին հայոց երկրում և Արծրունիների, Սյունյաց տան հետ միասին ձեռնամուխ եղան Հայաստանի ազատագրմանն ու անկախ պետականության կերտմանը:

890 թ. — Սմբատ Ա-ի գահակալման սկիզբը: Հայոց այս արքան դժբախտ ճակատագիր ունեցավ: Արաբները նրան գերեցին, գլխատեցին, մարմինը խաչեցին:

914 թ. — Աշոտ Բ Երկաթի գահակալման սկիզբը: Բագրատունյաց տոհմի թերևս ամենաարժանապատիվ գահակալը: Նա ողջ կյանքում մարտնչեց արաբների դեմ, բազում հաղթական ճակատամարտերում իր փառքն ու պատիվը կերտեց: Ժողովուրդը նրան Երկաթ մականունով կնքեց՝ ի նշան երկաթյա կամքի:

1226 թ. — Հայոց գահին բազմեց Հեթում Ա արքան, որ մոնղոլների հետ բարենպաստ պայմանագիր կնքեց և Կիլիկիայի թագավորությունից վանեց վերահաս վտանգը:

1514 թ. — Օսմանյան թուրքերը գրավեցին Արևմտյան Հայաստանը: XVI դարում հայ քաղաքական միտքը վաղուց արդեն մարել էր: Հայոց ռազմիկները փառք էին որոնում օտար ափերում միայն:

1826 թ.- Սկիզբ առավ ռուս-պարսկական պատերազմը: Ռուսական զորքերը գրավեցին Արևելյան Հայաստանն ու կցեցին Ռուսաստանին:

1826 թ. հուլիս-սեպտեմբեր — Շուշիի բերդի պաշտպանությունը: Հայ կամավորներն ու ռուս զինվորները հերոսաբար պաշտպանեցին Շուշին պարսկական գրոհներից:

1838 թ. — Շուշիի թեմական դպրոցի բացումը: Այս դպրոցը հսկայական նշանակություն ունեցավ արևելահայության կրթական, մշակութային կյանքում:

1850 թ. — Երևանի առաջին թեմական դպրոցի բացումը:

1862 թ. — Զեյթունի ապստամբությունը: Զեյթունցիները հերոսաբար դիմադրեցին թուրքական գրոհներին: Նրանց կիսանկախ իշխանությունը գոյատևեց մինչև 1915 թվականը:

1874 թ. — Բացվեց Գևորգյան ճեմարանը, հոգևոր այս հաստատությունը գործում է մինչ օրս:

1898 թ. — ՌՍԴԲԿ առաջին համագումարը: Բոլշևիզմի ուրվականը գլուխ էր բարձրացնում՝ ստանալով ահագնացող չափեր:

1922 թ. — ՀԽՍՀ առաջին սահմանադրությունը: Խորհրդային Հայաստանը իրավական առումով անկախ պետություն էր: Բայց այդ անկախությունը սոսկ թղթի վրա էր:

1946 թ. — Խորհրդային Հայաստանի իշխանությունների կազմակերպած ներգաղթի շնորհիվ տասնյակ հազարավոր հայեր ներգաղթեցին և հաստատվեցին Հայաստանում:

1994 թ. — 1988 թվականին սկսված Արցախյան ազատամարտն Ադրբեջանի խնդրանքով ավարտվեց հայ-ադրբեջանական զինադադարով: Հայոց բանակը փառքով իր սուրը դրեց պատյան: