22 Սեպտեմբերի 2020թ. 14:42

Գագիկ Մակարյան. Եկամտային հարկի հարցում մենք սխալ ենք գործում

Եկամտային հարկի հարցում մենք սխալ ենք գործում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով այս տարվա հունվարի 1-ին ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի փոփոխություններին, ըստ որի եկամտային հարկի նոր դրույքաչափեր են սահմանվում:

Նշենք, որ ըստ նոր Հարկային օրենսգրքի փոխվել է եկամտային հարկի սանդղակը։ Նախկինում ամսական մինչեւ 120 դրամ աշխատավարձ ստացողները վճարում էին 24,4 տոկոս եկամտային հարկ, իսկ այժմ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները կվճարեն 23 տոկոս եկամտային հարկ։ Փոխարենը բարձրացել է եկամտային հարկը 150 հազար դրամից մինչեւ 2 մլն դրամ աշխատավարձ ստացողների համար՝ 26 տոկոսից դառնալով 28 տոկոս։ Հատկանշական է, որ 2 մլն դրամից ավելի ստացողների համար եկամտային հարկի դրույքաչափը չի փոխվել, մնացել է 36 տոկոս։ Իշխանությունները դա բացատրում են նրանով, որ բարձր աշխատավարձերը պարզապես չեն հայտարարագրի, կթաքցնեն։

Գագիկ Մակարյանի խոսքով, Հայաստանում, ընդհանրապես աշխատավարձի քաղաքականությունը դեռ վերամշակման կարիք ունի. «Աշխատավարձի քաղաքականությունը մի քանի բաղադրիչներից է բաղկացած: Նախ, պետք է նայել, թե նվազագույն աշխատավարձը որքանով է արդարացված, նվազագույն աշխատավարձի շեմը ինչքանից պետք է սկսվի: Երկրորդր՝ եկամտային հարկի մեծությունն է, երրորդ, աշխատավարձի քաղաքականության մեջ հաշվի չեն առնվում աշխատողի հմտությունները, այսինքն որքանով են մարդու հմտությունները ներդաշնակ իր ստացած աշխատավարձին: Այս երեք գործակիցների պայմաններում պետք է եկամտային հարկի փոփոխությունները տեղի ունենան՝ հաշվի առնելով, թե ինչպես դրանք պետք է համապատասխանեն իրականությանը»,-ընդգծեց տնտեսագետը:

Նա հնարավոր համարեց, որ կարող է եկամտային հարկը սահմանվել նաեւ ըստ ոլորտների, օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այն կարող է տարբեր լինել, մեկ այլ ոլորտում, այլ լինել:

«Եկամտային հարկի դեպքում՝ մենք ինչ-որ բաներ սխալ ենք անում: Հիմա դժվար է ասել, թե ինչը, որովհետեւ պետք է նստել, հաշվարկել իմ նշած երեւույթների շղթայի մեջ: Իսկ ո՞վ որոշեց, որ հենց այդքան պետք է լինի եկամտային հարկը, կամ վերին շեմը պետք է լինի 2 մլն դրամը: Արդյոք հարցումներ արվե՞լ են»,-հարցադրում արեց Գագիկ Մակարյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի շեմը իջնում է 1,4 տոկոսով, իսկ դրանից բարձր ստացողների համար աճում 2 տոկոսով, Գագիկ Մակարյանն ասաց. «150 հազար դրամի շեմն էլ տրամաբանություն ունի, այսինքն նվազագույնի աշխատավարձից մինչեւ 150 հազար ստացողներին ուզում են քիչ հարկել: Այստեղ կարեւոր է նաեւ պարզել, թե աշխատողների մեծ մասը մինչե՞ւ 150 հազար դրամ ստացողներն են, թե՞ հակառակը: Եթե աշխատողների մեծ մասը մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում ու մենք նվազեցրել ենք եկամտահարկը, դրանով նվազեցրել ենք հարկերը, որ մարդիկ ավելի շատ փող ստանան: Կամ էլ հակառակը, կարող է քչերն են այդ փողը ստանում, ավելի մեծ թվով աշխատողներ  ընկնում են 150 հազարից 2 մլն դրամ աշխատավարձ ստացողների մեջ, այդ դեպքում նպատակը բյուջեն համալրելն է, այսինքն այնպես ենք արել, որ շատ հարկեր հավաքենք: Այ էս հաշվարկները պետք է արվեն, որից հետո կերեւա, թե սխալը որտեղ է: Բոլոր դեպքերում, ես վստահ եմ, որ մենք սխալ թույլ տվել ենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ «Ծառուկյան» խմբակցությունն ԱԺ-ում առաջարկել էր եկամտային հարկը մինչեւ 150 հազար դրամ ստացողների համար նվազեցնել 23-ից 21 տոկոսի, 150 հազար դրամից մինչեւ 300 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար 28 տոկոսը նվազեցնել 26 տոկոսի, ինչպես կար մինչեւ հունվարի 1-ը: Այս նախաձեռնությունը խորհրդարանում մերժվեց, ՀՀԿ-ն ձեռնպահ քվեարկեց, որի հտեւանքով օրինագիծը չանցավ:

Աղբյուրը` NEWS.am