Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում այսօր ընթերցողների դատին հանձնվեց Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակը՝ հայերեն թարգմանությամբ:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած գրքի առանձնահատկությունն այն է, որ Էքզյուպերի ստեղծագործությունն առաջին անգամ հենց բնագրից է թարգմանվել հայերեն:
Նախորդ դեպքերում թարգմանությունը ռուսերենից էր եւ ոչ ամբողջական: Գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատել է՝ «Գիշերային թռիչք»-ը լույս է տեսել 1931թ.-ին եւ նույն տարում մեծ ճանաչում բերել հեղինակին, որն արժանացել է «Ֆեմինա» գրական հեղինակավոր մրցանակին:
«Էքզյուպերի ստեղծագործություններն առանձնահատուկ են նրանով, որ դրանց հիմքում հեղինակի անձնական փորձն է: Այդ փաստն ինձ օգնեց վերաարժևորել այս ստեղծագործությունը,- ասել է Շուշանիկ Թամրազյանը: Նրա խոսքով՝ «Գիշերային թռիչք»-ն ընթերցողի համար շատ ուղերձներ ունի, բայց կարեւորը գլխավոր հերոսի ճակատագիրն է՝ պայքարը հանուն հույսի:
«Նա փորձում է անթափանց խավարից աստղեր կորզել: Դա մարդու ներաշխարհի ճանապարհն է»,-համոզմունք էհայտնել Շուշանիկ Թամրազյանն, ով թարգմանում է նաեւ Էքզյուպերիի «Ռազմական օդաչու», «Նամակ պատանդին» եւ «Միջնաբերդը» գրքերը, որոնք լույս կտեսնեն հաջորդիվ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2018/01/20/932325/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook