Բուհերը կդասակարգվեն, ուսանողներն ու դասախոսները ավելի շարժունակ կդառնան. Լեւոն Մկրտչյան

Մեր կարեւոր քայլերից մեկը  բուհերի դասակարգումն է, որը  նպաստելու է բուհերի կառավարման արդյունավետության եւ հաշվետվողականության բարձրացմանը: Այս մասին, բարձրագույն կրթության բարեփոխումներին աջակցող փորձագիտական խմբի աշխատաժողովի ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ  ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն իր խոսքում ընդգծել է, որ բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանը բարեփոխումների շատ կարեւոր փուլ է թեւակոխել: Նա նշել է, որ մշակված «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարության կողմից ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը: Օգտվելով առիթից՝ Լեւոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ փորձագետներին՝ մասնագիտական արդյունավետ աշխատանքի համար. «Օրենքի ընդունումից հետո մենք նոր, առավել արդյունավետ համակարգ ձեւավորելու ակնկալիք ունենք եւ դրան հասնելու համար լուրջ աշխատանքներ պետք է կատարենք:

Մեր կարեւոր քայլերից մեկը  բուհերի դասակարգումն է, որը  նպաստելու է բուհերի կառավարման արդյունավետության եւ հաշվետվողականության բարձրացմանը:

Հաջորդը ներքին շարժունության հնարավորությունների ստեղծումն է ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի համար: Խնդիր է նաեւ գիտություն-բարձրագույն կրթություն կապը՝ կրեդիտային համակարգի ներդրման համատեքստում: Օրինակ, եթե ուսանողն ուսումնառության ընթացքում պետք է 240 կրեդիտ հավաքի, ապա   պետք է հավասարակշռել՝ որքանը բուհերում, որքանը գիտական ինստիտուտներում:

Կարեւոր է նաեւ ֆինանսավորման եւ ուսման վարձավճարների գանձման արդյունավետ համակարգի ներդրումը: Այս բոլոր խնդիրների լուծման  համար առաջարկներ մշակելու որոշակի ժամանակ եւ մասնագիտական վերապատրաստումներ են անհրաժեշտ»,- նշել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն իր խոսքում ընդգծել է, որ համաշխարհային զարգացման տեսլականում առաջնային է դիտվում մարդկային կապիտալի ծրագիրը. «Կրթության վրա ծախսվող գումարները ոչ թե ծախսեր, այլ ներդրումներ են դիտվում: Այսօր արդեն ակնհայտ է, որ գոյություն ունեցող աշխատատեղերի 65 տոկոսն ապագայում փոխվելու է, հետեւաբար գլոբալ զարգացումները պայմանավորվելու են  մարդկային կապիտալի զարգացմամբ»,-նշել է նա:

Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետ Քրիստիան Թորնը ներկայացրել է բուհերի դասակարգման Դանիայի փորձի վրա մշակված մոդելը՝ շեշտելով հատկապես բուհերի հաշվետվողականության բարձրացումը` որպես կառավարման արդյունավետության հիմնական պայման:

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է եղել բարձրագույն կրթության բարեփոխման քաղաքականության մշակման այլ խնդիրների:

Նշենք, որ աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, միջազգային փորձագետներ Քրիստիան Թորնը, Արհուսի համալսարանի փոխտնօրեն Ֆրանցիսկո Մարմոլեյոն, ՀԲ բարձրագույն կրթության գլխավոր մասնագետ Դենիս Նիկոլաեւը, ՀՀ ԿԳՆ եւ բուհերի ներկայացուցիչներ:

Աղբյուրը` news.am