Կարապետյանի մաթեմատիկան. երեք կետ, որոնց վրա լողում է հայկական տնտեսությունը

Այն թվերը, որոնք իր հետ Դավոս էր տարել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, կարող են ոգեշնչել պոտենցիալ տնտեսական գործընկերներին։ Մնում է սպասել, որ այդ թվերն աշխատեն և դրական ազդեցություն ունենան Հայաստանի ներքին «սոցիալական» վիճակի վրա: Իսկ դրա համար ժամանակ է պետք:

Այնպես է ստացվել, որ միջազգային քաղաքական դաշտում առկա դժվարությունները կարող են Հայաստանի տնտեսության վրա որոշակի դրական ազդեցություն ունենալ։ Համենայնդեպս, այս էր ակնարկում վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում տնտեսական ֆորումի շրջանակում ելույթ ունենալիս։

Նա ասում էր, որ երկիրը գտնվում է ոչ միայն Արևելքը Արևմուտքի, այլև Հյուսիսը Հարավի հետ կապող առևտրային ուղիների բավականին գայթակղիչ խաչմերուկում։ Այսօր, երբ միջազգային ասպարեզում քաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված է, այս հանգամանքը կարող է որոշիչ գործոն հանդիսանալ տարանցման ուղիներն ընտրելու հարցում։

Հայաստանի կառավարության ղեկավարը Դավոս էր ժամանել մի քանի հաղթաթուղթ ունենալով, որոնք հերթով սեղանին էր դնում բիզնես-ֆորումի բազմաթիվ միջոցառումների ժամանակ։ Ընդ որում` խաղում էր` քաջ գիտակցելով, որ գործ ունի գործարարների և տնտեսագետների հետ, որոնք կարող են շեղվել համաշխարհային տնտեսության մեջ առկա քաղաքականությունից։

Ժամանակակից տնտեսությունը ստիպված է հաշվի նստել բիզնես-կառույցների վզին փաթաթվող քաղաքական գործոնների հետ։ Առաջին հերթին խոսքն իրենց շահերը պաշտպանող գերտերությունների մասին է։ Սակայն ինչպես արտադրությունը, այնպես էլ առևտուրը, ժամանակակից աշխարհի այնպիսի բաղկացուցիչներ են, որոնց հետ քաղաքական դաշտում ստիպված են հաշվի նստել ամենաուժեղ և ազդեցիկ քաղաքական խաղացողները։

Կարծես թե, շահերի և ազդեցության հենց այս սահմանագծի վրա է մտադիր խաղալ Հայաստանն իր, ինչպես պարզվում է, երկրի տնտեսությունը վերականգնելու ոչ անհույս փորձում։ Եվ սա անկախ նրանից, որ երկիրը զրկված է սեփական էներգակիրներից (ի տարբերություն հարևանների) և ելք չունի դեպի ծով։ Երևանի «ակտիվը» ոչ բարեկամական երկրների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարևանությունն է, որոնք արդեն 30 տարի է` Հայաստանին տրանսպորտային խստագույն շրջափակման մեջ են պահում։ Բացի այդ, այդ տարիների ընթացքում նպատակաուղղված քայքայում էին երկրի տնտեսությունը։

Հասկանալի է, որ պետք էր գոյատևման այլընտրանքներ փնտրել ու գտնել։ 90-ականների վերջից ի վեր հենց դրանով էլ զբաղված են Հայաստանի բոլոր կառավարությունները։

Ինչ-որ բան ստացվում էր, ինչ-որ բան` ոչ, բայց ներտնտեսական ծանր իրավիճակը ոչ մի կերպ չէր թեթևանում։ Իսկ լուրջ, իրատեսական հեռանկարներ սկսեցին ի հայտ գալ միայն այն ժամանակ, երբ հորիզոնում երևաց մի քանի վճռական գործոնների միաժամանակյա համադրության հեռանկարը։

Հայկական քաղաքականության «բազմավեկտորությունը» սկզբում կարող է անդրադառնալ տնտեսության վրա

Մասնավորապես, խոսքը ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին է։ Միևնույն ժամանակ պետք չէ անտեսել ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը։ Երրորդ գործոնը, թող որ մասամբ, բայց միջազգային քաղաքական և տնտեսական պատժամիջոցների չեղարկումն է հարևան Իրանում, որի հետ Հայաստանը բավականին ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունի։

Երկիրը կառուցում է իր տնտեսական և արտաքին առևտրային քաղաքականությունը` ելնելով հենց այս գործոններից, որոնք կառավարությունն ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում է պահում։

Դավոսում իր գործընկերներին նա առաջարկում էր հետևյալը։ Եվրոպացիներին` հարաբերական ազատ ելք դեպի ԵԱՏՄ խոշոր սպառողական շուկա (180 մլն), ինչպես նաև տարանցման և հարկային արտոնություններ խոշորագույն տարածաշրջանային շուկաներից մեկում` իրանականում (80 մլն մարդ) ներկա լինելու համար։ Բոնուս էլ կար` պոտենցիալ ելք Իրանից դեպի Հնդկաստան և Չինաստան։

Այս ամենն առաջարկվում է անել պարզեցված հարկման ռեժիմով, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ և լիարժեք անդամ է, ինչպես նաև Իրանի հետ սահմանին ազատ առևտրատնտեսական գոտի ունի (Մեղրի)։

Դե իսկ ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանը կարող է ուղիղ ելք առաջարկել արևմտյան, ամենագայթակղիչ և վճարունակ սպառողական շուկա դուրս գալու համար ԵԱՏՄ անդամ երկրներին և Իրանին (բացի այդ, նաև բոլոր մյուս «ոչ եվրոպական» երկրներին)։

Չէ՞ որ հենց Հայաստանն է ընդգրկված այն երկրների տասնյակում, որոնց Արևմուտքն առաջարկում է GSP+ մաքսային արտոնությունները։ Իսկ դա թույլ է տալիս եվրոպական երկրներ արտահանել շուրջ 6.5 հազար սեփական արտադրության ապրանքներ։ Սրան գումարած առևտրային արտոնյալ ռեժիմը, որը գործում է ԱՄՆ-ի, Կանադայի և Ճապոնիայի հետ փոխհարաբերություններում։

Որպեսզի այս ամբողջը, ինչպես ասում են, «հասցեատիրոջը հասնի», երևի որոշ ժամանակ է պետք։ Բայց եթե վերոնշյալ բոլոր գործոններից գոնե ինչ-որ մասը սկսի «գործել», երբ պարզ դառնա, որ Հայաստանում արտադրված, օրինակ, գյուղատնտեսական տեխնիկան իրանական շուկայում ավելի էժան կլինի, քան Ռուսաստանում հավաքածը, ապա ներդրումներ նույնպես կլինեն, որոնց կարիքն այդքան ունի երկրի տնտեսությունը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Read more: https://armeniasputnik.am/analytics/20180125/10294637/karen-karapetyan-davos.html