Դավոս-2018. Ինչի՞ մասին են խոսել երկրների ղեկավարները Դավոսում

Համաշխարհային տնտեսական համաժողովը Դավոսում ավարտվում է: Համաժողովի ընթացքում ելույթ են ունեցել առաջատար արեւմտյան երկրների բոլոր առաջնորդները: Նրանք նախանշել են իրենց ռազմավարությունն ու ապագայի տեսլականը: Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները բացահայտ հայտարարել են Եվրոպայի՝ որպես անկախ խաղացողի ամրապնդման անհրաժեշտությունը, որն ավելի ու ավելի է նայում Միացյալ Նահանգներին: ԱՄՆ-ն իր հերթին քննադատության է ենթարկել համաշխարհային առեւտրի համակարգը եւ հիշեցրել, որ այսուհետ յուրաքանչյուրն ինքը պետք է վճարի իր սեփական անվտանգության համար: Թրամփի ելույթում արտացոլվել է ֆորումի հիմնական խնդիրներից մեկը.

Այն աստիճանաբար վերածվում է տեղի, ուր յուրաքանչյուրը բերում է իր սեփական օրակարգը սեփական խնդիրները լուծելու համար, ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, «լավ գործարք կնքելու համար»:

Ինչպես է փոխվել համաժողովի ձեւաչափը
Դավոսյան համաժողովը, որը նախկինում ինքն էր ձեւավորում գլոբալ քաղաքական եւ տնտեսական մտքի ուղղությունը, այժմ ավելի հաճախ է հետեւում համաշխարհային միտումներին: Ֆորումի բաց հատվածը, որտեղ քաղաքական եւ գործարար էլիտայի ներկայացուցիչները եւս մեկ անգամ խոստացան պայքարել անհավասարության եւ գլոբալ տաքացման դեմ, հեռացնել բյուրոկրատներին եւ պոպուլիստներին եւ այլ աստվածահաճո գործեր անել, «փորձագիտական մտքի տապալման», բարձրաստիճան փորձագետների եւ էլիտայի՝ որպես կառույցի հանդեպ վստահության ճգնաժամի ամենավառ բացատրություններից մեկն է: Հենց այդ ճգնաժամն էլ, ինչպես կարծում են մի շարք վերլուծաբաններ, հանգեցրել է պոպուլիստական եւ մեկուսացված տրամադրությունների աճին, որոնց դեմ Դավոսում այժմ կոչ են անում պայքարել:
Անգելա Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ազգային հովանավորականությունը «չի կարող պատասխան լինել համաշխարհային ճգնաժամերին»: Նա կոչ է արել Եվրամիությանն ապահովել արտաքին քաղաքականության միասնությունը խոշոր միջազգային խաղացողների միջեւ տարաձայնությունների պայմաններում, ինչպիսիք են Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ռուսաստանը: Բացի այդ, Կանցլերը կոչ արել համագործակցել հարեւանների հետ, այլ ոչ թե ինքնամեկուսացվել: Քաղաքական գործիչը նաեւ հավելել է, որ Եվրոպան պատասխանատու է «այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Իրաքում, Լիբիայում»: Մերկելը նաեւ հիշեցրել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու մասին: Լոնդոնի հետ «բրեքսիտից» հետո Եվրոպան բաց է ցանկացած տեսակի համագործակցության համար, հայտարարել է կանցլերը:
Էմանուել Մակրոն
Մակրոնը համաժողովին խոսել է Եվրոպայի ռազմավարության վերանայման անհրաժեշտության մասին, քանի որ գլոբալացման գործընթացը ճգնաժամ է ապրում: Նրա խոսքով՝ փոփոխությունները պետք է անդրադառնան տնտեսության, սոցիալական հարցերի, գիտության եւ քաղաքականության վրա: Նախագահը պատմել է Ֆրանսիայի բարեփոխումների հինգ սյուների մասին, որոնք, նրա կարծիքով, Ֆրանսիային կվերադարձնեն առաջնորդությունը ԵՄ-ում: Նրա խոսքով՝ դրանք մարդկանց կրթվածությունն է, ներդրումների ու կապիտալի ավելացումը, բիզնեսում տեմպի աճը եւ ճկունությունը, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը, Ֆրանսիայի ներքին մշակույթի փոփոխությունը:
Թերեզա Մեյ 
Մեծ Բրիտանիայի վարչապետն իր ելույթում մեծ ուշադրություն է դարձրել ժամանակակից աշխարհում նորարարական տեխնոլոգիաների դերին։ Մասնավորապես նա հիշատակել է  այն դեպքի մասին, երբ դրոնը ծովում փրկել է երկու տղաների՝ նրանց նետելով փչովի ներքնակ։ Նաև նշել է, որ տեխնոլոգիաների շնոհիվ կարելի է մեկ երրորդով նվազեցնել կաթնագեղձի քաղցկեղով հիվանդացությունը։ Ընդ որում Թերեզա Մեյը թվարկել է ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի առավելությունները, այլև դրանց սպառնալիքները։ Նրա կարծիքով՝ հնարավոր մարտահրավերների դեմ պայքարի համար պատասխանատվությունը պետք է կիսեն տեխնոլոգիական ընկերություններն ու ներդրողները։ Մեյի խոսքով՝ Մեծ Բրիտանիան արդեն մշակում է թվային խարտիա, որի հիմքում սկզբունքների հավաքածու է լինելու։ «Բրեքսիթին» Մեյը հպանցիկ է անդրադարձել։
Ջասթին Թրյուդո 
Կանադայի վարչապետ, էքստրավագանտ գուլպաների սիրահար Ջասթին Թրյուդոն իր ելույթի ժամանակ հայտնել է, որ Խաղաղօվկիանոսյան գործընկերության 11 անդամ երկրները պայմանավորվել են շարունակել աշխատանքները համաձայնագրի փոփոխված տարբերակը մշակելու ուղղությամբ։ Այս համաձայնագիրը նախատեսում է ստեղծել աշխարհի խոշորագույն ազատ առևտրի գոտի՝ մոտ 800 մլն բնակչությամբ։ Այն 2015-ի հոկտեմբերին ստորագրել էին 12 պետություններ՝ այդ թվում ԱՄՆ-ն։ Նոր համաձայնագրին ԱՄՆ-ն չի մասնակցելու։ Նոր համաձայնագրին մասնակցող 11 երկրներն են Ավստրալիան, Բրունեյը, Կանադան, Չիլին, Ճապոնիան, Մալայզիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Պերուն, Սինգապուրն ու Վիետնամը։ Բացի դրանից, Կանադայի վարչապետը խոսել է այն մասին, որ սրընթաց տեխնոլոգիական զարգացումը սպառնում է մեծացնել խզումը հարուստների ու աղքատների միջև ու սոցիալական անհավասարությունը, նաև գործազուրկ դարձնել հազարավոր մարդկանց։
ԵՄն Թրամփին անվանել է սպառնալիք համաշխարհային տնտեսության համար 
Թրամփը, եթե անգամ նեղվել է նման ընդունելությունից, բայցևայնպես ցույց չի տվել։ Համաժողովի ժամանակ նրա բավականին կարճ ուղերձի հիմնական թեզիսը հանգում էր նրան, որ Ամերիկայի հետ կարելի է ու պետք է գործ ունենալ, այն բաց է բիզնեսի ու առևտրի համար, սակայն առևտուրը պետք է ազնիվ լինի։ «ԱՄՆ-ն այլևս չի հանդուրժելու տնտեսության մեջ անազնիվ հնարքները» ՝ խոստացել է ԱՄՆ նախագահն ու հավելել, որ «Ամերիկան՝ ամենից վեր է» կարգախոսը չի նշանակում, որ «Ամերիկան մեկուսացած է» ու  ԱՄՆ բարեկեցության աճը դրական է անդրադառնում աշխարհի մնացած երկրների վրա:
Դոնալդ Թրամփ
Յոթ ուղղաթիռների ուղեկցությամբ Դավոս ժամանած ԱՄՆ նախագահը իր ելույթի սկզբում ուշադրություն է հրավիրել «ճահճացման երկար տարիներից հետո» 2017-ին ԱՄՆ տնտեսության գրանցած հաջողությունների վրա։ Նրա խոսքով՝ աֆրոամերիկացիների ու լատինոամերիկացիների շրջանում գործազրկությունը ԱՄՆ-ում նվազել է մինչև ռեկորդային նվազագույն մակարդակ, Թամփի ընտրվելուց հետո երկրում ստեղծվել է 2․4 մլն նոր աշխատատեղ, իսկ փոքր բիզնեսի լավատեսության գործակիցը ռեկորդային բարձունքների է հասել։ Նախագահը հավելել է, որ հարկերի նվազեցումը հանգեցրել է ամերիկյան տնային տնտեսությունների միջին եկամուտի ավելացմանը՝ 4 հազար դոլարով։ Նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ-ն դեմ չէ Խաղաղօվկիանոսյան գործընկերության անդամ երկրների հետ ազատ առևտրի մասին առանձին պայմանագրեր կնքելուն՝ չնայած ԱՄՆ-ն 2017-ին դուր է եկել այդ համաձայնագրից։ Նա նաև անդրադարձել է միջազգային անվտանգության ֆինանսավորման թեմային՝ հիշատակելով Սիրիայում ու Իրաքում արմատական ահաբեկիչների դեմ պայքարում գրանցված հաջողությունները, նաև Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափմանն ուղղված միջազգային ջանքերը: «Մեր ներգաղթային համակարգը սպառել է իրեն»,- ասել է Թրամփը, հավելելով, որ ուզում է ներկա իմիգրացիոն համակարգը փոխարինել պոտենցիալ ներգաղթականի արժանիքների վրա հիմնված համակարգով։ Թրամփն իր ելույթը ավարտել է երկրների բոլոր առաջնորդներին ու բիզնես հսկաներին ուղղված առաջարկությամբ։ «Մենք ուժեղանում ենք, երբ ազատ, ինքնիշխան ազգերը համագործակցում են հանուն ընդհանուր նպատակների ու ընդհանուր երազանքի»,- ասել է Թրամփը։
Կարեն Կարապետյան 
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պատմել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովին իր մասնակցության արդյունքների մասին․ «Կարծում եմ, որ Դավոսի տնտեսական ֆորումը կարևոր է, քանի որ այստեղ կան բազմաթիվ հարթակներ, որտեղ խոսվում է մարդկության, պետությունների ու տնտեսությունների առաջ ծառացած մարտահրավերների մասին։ Սա հրաշալի հարթակ է, որտեղ կարելի է տեսակետներ փոխանակել, առաջարկել գաղափարներ ու լսել մնացածին։ Սա բխում է մեր նպատակից՝ վերացնել բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են բիզնեսի զարգացմանը»,- նշել է Կարապետյանը։

Աղբյուրը`  NEWS.am