Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում ակտիվորեն քննարկվել է երկրների տնտեսական զարգացման մակարդակը գնահատելու այլընտրանքային համակարգը։ Ներկայումս երկրների համեմատության գլխավոր ցուցանիշը համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ)։ Նոր ցուցանիշը հեղինակները համարում են ՀՆԱ-ի ավելի ժամանակակից անալոգ։
Ինչ է նոր համակարգը
Այն կոչվում է ներառական* զարգացման համարաթիվ կամ վարկանիշ (Inclusive Development Index): Հեղինակների մտահաղացմամբ, այն պետք է «տեղեկացնի հասարակությանը և նպաստի կայուն ու ներառական տնտեսական զարգացմանը»։
* Ներառական տերմինը նշանակում է, որ պրոցեսի մեջ ներգրավված են բոլոր հնարավոր մասնակիցները։ Օրինակ՝ հաշվի են առնվում բնակչության բոլոր շերտերի շահերը։
Ավելի պարզ ասած, ՆԶՀ-ն մի ցուցանիշ է, որը հաշվի է առնում ոչ միայն ՀՆԱ-ն, այլ նաև ևս 11 պարամետրեր։ Իսկ սա նշանակում է, որ այս ցուցանիշը ավելի լիարժեք է արտացոլում իրական վիճակը երկրում, և ոչ թե միայն տեղեկություն տալիս արտադրական հզորությունների մասին։ Համարանիշը կազմվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ։
Ինչպես է հաշվարկվում ՆԶՀ—ն
Այն պարունակում է 12 ցուցանիշներ, որոնք բաժանված են 3 խմբի.
Աճ և զարգացում
– Մեկ շնչին ընկնող ՀՆԱ (ԱՄՆ դոլար՝ 2000 թվականի արժեքով)
– Աշխատանքի արտադրողականություն (ՀՆԱ՝ 1 աշխատողի հաշվով)
– Առողջ կյանքի սպասվող տևողություն (տարիներ)
– Բնակչության զբաղվածության մակարդակը (տոկոս)
Ներառականություն
– Հասարակության եկամուտների բևեռացվածության գործակիցը (եթե բևեռացում չկա, արժեքը՝ 100)
– Աղքատության մակարդակը (տոկոս)
– Հասարակության բևեռացվածության գործակիցը՝ ըստ հարստության (եթե բևեռացում չկա, արժեքը՝ 100)
– Մեդիանային եկամուտ** (ԱՄՆ դոլար)
** – Մեդիանային եկամուտը չպետք է շփոթել միջին եկամտի հետ։ Մեդիանային եկամուտը պայմանականորեն երկու մասի է բաժանում բնակչությունը՝ մարդիկ, ովքեր ստանում են դրանից բարձր և ցածր։ Օրինակ, եթե բնակչությունը 2 մլն է, ապա 100 հազար դրամ մեդիանային եկամուտը նշանակում է, որ 1 մլն մարդ 100 հազար դրամից քիչ է ստանում, 1 մլն մարդ՝ դրանից շատ։
Սերունդների անընդհատությունը և զարգացման կայունությունը
– Ճշգրտված զուտ խնայողությունները (ՀՆԱ-ի տոկոս)
– ՀՆԱ-ի ջերմոցային ինտենսիվություն (CO₂ արտանետումները՝ 1 դոլարի հաշվով, կգ)
– Պետական պարտք (ՀՆԱ-ի տոկոս)
– Ժողովրդագրական ծանրաբեռնվածության գործակից*** (տոկոս)
*** – Սոցիալապես կախյալ մարդկանց (մինչև 15 տարեկան երեխաներ և 64 տարեկանիցբարձր մարդիկ) և աշխատունակ բնակչության հարաբերակցությունը։
Այս ցուցանիշների հիման վրա կազմվում են նախ խմբային համարաթվերը (ինդեքսները), որոնց թվաբանական միջինից էլ ստացվում է վերջնական համարաթիվը։
ՆԶՀ–ի գծով առաջատարները
Համաշխարհային տնտեսական ֆորումը 30 երկրների վարկանիշ է կազմել։ Ներառական զարգացման մակարդակով առաջատարներն են Նորվեգիան, Լյուքսեմբուրգը և Շվեյցարիան։
Իսլանդիան, որը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 12-րդն է, այստեղ 4-րդն է։
Իսկ, օրինակ, ԱՄՆ-ի նման հզոր տնտեսությունը ներառական զարգացման ինդեքսում 23-րդն է։ Սա պայմանավորված է կյանքի կարճ տևողությամբ, աղքատության բարձր մակարդակով և անհավասարության բարձր աստիճանով։
Հայաստանը այս 30 երկրների մեջ ներառված չէ։
Նշենք, որ կառավարությունը վերջին շրջանում մշտապես շեշտում է տնտեսական աճի՝ ներառական լինելու անհրաժեշտությունը։ Այսինքն, պետք է լինի այնպիսի աճ, որի բարիքներից օգտվեն հասարակության լայն շերտերը։
Հիշեցնենք նաև, որ դեռևս Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ խոսվում էր, որ պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել ոչ թե տնտեսական աճի մեխանիկական ցուցանիշին, այլ տնտեսական զարգացմանը։ Սակայն մինչև օր ամենակարևոր ցուցանիշը շարունակում է մնալ ՀՆԱ աճը։
Աղբյուրը` B4B.am