Համաշխարհային տնտեսական ֆորումի ներառական զարգացման ինդեքսում 2017 թվականին Հայաստանը զարգացող 77 երկրների շարքում զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը՝ 3,66 ցուցանիշով: Նշենք, որ լավագույն ցուցանիշը 7-ն է, իսկ վատագույնը՝ 1-ը: Սանդղակում Հայաստանի հարեւաններն են Գվատեմալան ու Հոնդուրասը: Հայաստանը վերջին 5 տարիների ընթացքում իր ցուցանիշը բարելավել է 0,62 կետով:
Նշենք, որ Ներառական զարգացման ինդեքսը (Inclusive Development Index (IDI) 103 երկրների տնտեսական ցուցանիշների ամենամյա գնահատականն է, որը 11 տնտեսական պարամետրերի ամբողջություն է (ի լրումն ՀՆԱ-ի ցուցանիշի) եւ ցույց է տալիս, թե երկրները ինչպիսի տնտեսական զարգացում են ապրում: Այդ 11 պարամետրերն իրենց հերթին բաժանվում են երեք խմբի՝ աճ եւ զարգացում, ներառականություն եւ 3-րդ՝ սերունդների միջեւ հավասարություն ու ֆինանսական ու բնական ռեսուրսների կայուն կառավարում:
Առաջին խմբում (աճ եւ զարգացում) Հայաստանը 5 տարիների ընթացքում (2016-ի դրությամբ) մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 3,1 տոկոս աճ է արձանագրել հասնելով 3925 դոլարի ցուցանիշի: Աշխատանքի արտադրողականության ցուցանիշով Հայաստանի աճը կազմել է 2,1 տոկոս՝ հասնելով 18877 դոլարի, ակնկալվող առողջ կյանքի տեւողությամբ Հայաստանը դիրքերը բարելավել է 2,6 տարով՝ հասնելով 66,9 տարեկանի, իսկ զբաղվածության ցուցանիշը Հայաստանում բարելավվել է ընդամենը մեկ տոկոսով, հասնելով 52,9 տոկոսի:
Ներառականության առումով Հայաստանի արդյունքները հետեւյալն են. Ջինի գործակիցը (ցույց է տալիս հասարակության շերտավորման մակարդակը) 5 տարում աճել է 0,5 տոկոսով եւ կազմել 36, աղքատությունը Հայաստանում նվազել է 7,6 տոկոսով՝ հասնելով 13,5 տոկոսի, հարստության բաշխման եւ հասարակության շերտավորման տեսանկյունից Հայաստանը բարելավել է իր դիրքերը 5,6 տոկոսով:
Երրորդ խումբ ցուցանիշների համաձայն, Հայաստանում 5 տարիների ընթացքում ճշգրտված զուտ խնայողությունները նվազել են 3,5 տոկոսով եւ կազմել 3,7 տոկոս: Բացի այդ, ՀՆԱ-ի յուրաքանչյուր դոլարում ածխաջրածնային ռեսուրսների ծավալների առումով Հայաստանում գրանցվել է 3 տոկոսի աճ: Երկրի պետական պարտքը 5 տարում աճել է 15,3 տոկոսով՝ հասնելով ՀՆԱ 51,8 տոկոսի, իսկ ժողովրդագրական բեռի գործակիցն աճել է 1,5 տոկոսով՝ հասնելով 44,9 տոկոսի:
Նշենք, որ նշված ներառական զարգացման ինդեքսի վարկանիշի զարգացող երկրների առաջին 5-յակում են Լիտվան, Հունգարիան, Ադրբեջանը, Լատվիան ու Լեհաստանը: Մեր հարեւաններից Թուրքիան զբաղեցնում է վարկանիշի 16-րդ հորիզոնականը, Ռուսաստանը՝ 19-րդ, Իրանը՝ 27-րդ, Վրաստանը՝ 32-րդ: ԱՊՀ երկրներից Ուկրաինան հետ է Հայաստանից եւ զբաղեցնում է վարկանիշի 49-րդ հորիզոնականը, Ղազախստանը՝ 15-րդ, Մոլդովան 31-րդ, Տաջիկստանը՝ 54-րդ հորիզոնականը:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Կամբոջան, Քենիան ու Մարոկկոն:
Ինչ վերաբերում է զարգացած երկրներին, ապա նրանց համար առանձին աղյուսակ է կազմված, որի առաջատարներն են Նորվեգիան, Իսլանդիան, Լյուքսեմբուրգը, Դանիան ու Շվեդիան:
Համեմատության համար նշենք, որ եթե Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 3925 դոլար, ապա Ադրբեջանում այն 5859 դոլար է, Վրաստանում՝ 4080, Ռուսաստանում՝ 11 099, Թուրքիայում՝ 14 071, Իրանում՝ 5758 դոլար:
Աղբյուրը` news.am