ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆԸ ԳՆԱՑ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ…

2018թ․ փետրվարի 4-ին իր մահկանացուն կնքեց հանրաճանաչ աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Էդուարդ Երեմի Խաչիկյանը։

Էդուարդ Խաչիկյանը պատկանում է XX դարում կազմավորված գիտնականների այն համաստեղությանը, որոնց կարելի էր կոչել ռոմանտիկներ… Հետպատերազմյան արգասաբեր մթնոլորտում մեծ արագությամբ ձևավորվում էր մեր ժողովրդի տաղանդավոր զավակների ապագա հաղթանակների այն բանակը, ովքեր ամենամոտ ապագայում իրենց ծանրակշիռ խոսքը պիտի ասեին գիտության, արվեստի, սպորտի բնագավառներում… Կանցնի մի քանի տարի ու աշխարհը կճանաչի Հայաստանը իր փառապանծ զավակներով… նրանց կազմում էին նաև Երևանի կոնյակի գործարանի տնօրեն Երեմ Խաչիկյանի երկու զավակները` Էդուարդն ու Սպարտակը: Երբ կրտսեր եղբայրը` ճարտարապետ Սպարտակ Խաչիկյանն` Արթուր Թարխանյանի ու Հրաչ Պողոսյանի հետ «գծում էր» Հայաստանի նկարագրի նոր քարտեզը, մեկը մյուսի ետևից ստեղծելով ճարտարապետական շեդևրներ, ավագ եղբայրը` Էդուարդը, լինելով աշխարհահռչակ Վիկտոր Համբարձումյանի սիրելի աշակերտը, Բյուրականի աստղադիտարանում, հետևողականորեն ու համբերատար հետազոտում էր գազափոշային և գիսավորաձև միգամածությունները, դրանց ճառագայթման բևեռացմումը, աստղասփյուռներն ու գերաստղասփյուռները… Ճանաչումն իրեն երկար սպասել չտվեց… գիտությունների դոկտորի աստիճանը և ակադեմիկոսի տիտղոսն ընդամենը նրա հաջողությունների իրավական արձանագրումն էր… Էդուարդ Խաչիկյանին էր վիճակված փոխարինելու Վիկտոր Համբարձումյանին Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում: Մինչև իր կյանքի վերջին օրերը, չնայած պատկառելի տարիքին, անվանի աստղաֆիզիկոսին, զեկուցումներ և դասախոսություններ կարդալու խնդրանքով հրավերքներ էին ուղարկում ԱՄՆ-ի Ռուսաստանի, այլ հզոր երկրների մեծ ճանաչում ունեցող գիտական կենտրոնները… ու նա այդպես էլ չսպառեց իրեն: Էդուարդ Խաչիկյանն աշխարհից հեռացավ 90 տարեկան հասակում` սակայն տակավին երիտասարդ ու եռանդով լի: Մեկն էլ պակասեց ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՑ, ու դարձավ պատմություն…

Էդուարդ Երեմի Խաչիկյան.

Ծնվել է 1928թ. դեկտեմբերի 16-ին, Երևանում։ 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Նա ֆիզմաթ գիտությունների դոկտոր էր (1975թ.), պրոֆեսոր (1982թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկսոս (1996թ.)։ 1960-1969թթ. եղել է Բյուրականի աստղադիտարանի գիտական քարտուղարը, 1970թ.-ից՝ սպեկտրադիտության լաբորատորիայի վարիչը, 1980-1985թթ.՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը։ 1988-1993թթ. և 1999-2003թթ. Էդուարդ Խաչիկյանը ղեկավարել է Բյուրականի աստղադիտարանը:

Էդուարդ Խաչիկյանն իր ուսումնասիրություններն իրականացրել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Գերմանիայի հայտնի աստղադիտակներով։ Տպագրել է 160-ից ավելի գիտական հոդվածներ և ակնարկներ։ Նա անդամակցել է Միջազգային աստղագիտական միությանը (1967թ.), եղել է ՄԱՄ թիվ 28 «Գալակտիկաներ» հանձնաժողովի նախագահը։ Պարգևատրվել է պետական և գիտական պարգևներով, մրցանակներով։

BUH.AM