Մայոյի (ԱՄՆ) կլինիկայի գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնք օրական վեց ժամ ոտքի վրա են անցկացնում, ավելի հեշտությամբ են քաշը կորցնում, քան նրանք, ովքեր նստակյաց կենսաձեւ են վարում: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:
Մասնագետները վերլուծել են 1184 մարդու մասնակցությամբ 46 հետազոտությունների արդյունքները, մարդիկ, որոնց միջին տարիքը կազմել է 33, իսկ միջին քաշը՝ 65 կիլոգրամ: Պարզվել է, որ կանգնած դիրքում մեկ րոպում 0,15 կիլոկալորիա ավելի է այրվում, քան նստած դիրքում: Վեց ժամ էքստրապոլյացիայի ժամանակ առաջին դեպքում անհետանում է լրացուցիչ 54 կիլոկալորիան:
Հետազոտողների խոսքով՝ դա նշանակում է, որ չորս տարվա ընթացքում մարդը կարող է գցել տասը կիլոգրամ քաշ: Նստակյաց կենսաձեւը համարվում է ճարպակալման եւ ուղեկից հիվանդությունների զարգացման հիմնական գործոններից մեկը, ներառյալ շաքարախտը եւ սիրտանոթային համակարգի խանգարումները: Արեւմտյան երկրներում մարդիկ աթոռի վրա օրական անցկացնում են 7-12 ժամ, ինչն առանձին դեպքերում կապված չէ աշխատանքի հետ: Մինչդեռ սննդակարգն ավելի շատ է օգնում քաշը գցելուն, քան ֆիզիկական վարժությունները:
Այդ մասին Տեխասի համալսարանի սպորտային բժշկության պրոֆեսոր Ֆիլիպ Սթենֆորդը 2018 թվականի հունվարին հայտնել է Science Alert հրատարակությանը տված հարցազրույցում: Գիտնականն այն կարծիքին է, որ ֆիզիկական վարժությունները շատ ժամանակ ու ջանքեր են պահանջում մարմնի զանգվածն զգալիորեն նվազեցնելու համար: Միեւնույն ժամանակ կարելի է սննդաբաժնից բացառել բարձր կալորիականություն ունեցող մթերքները, որոնք հարուստ են ճարպերով եւ ածխաջրերով, ինչը թույլ կտա գոտկատեղի չափը նվազեցնել բավականին կարճ ժամանակում: