ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հիդրոսերվիս» ընկերության տնօրեն Վալերի Հարությունյանն ասել է, որ մոտ 6 ամսից ոռոգման համակարգն ամբողջովին փոխված կլինի ՝ անխափան ջրամատակարարում ապահովելով շրջակա հողատարածքների համար։
«Ոռոգման ժամանակակից համակարգի ստեղծումը նոր որակ է հաղորդելու Արցախի պարենային անվտանգության ապահովմանը և գյուղատնտեսության զարգացմանը: Այն նպաստելու է նաև գյուղական բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը՝ մշտական ու երաշխավորված աշխատատեղեր ապահովելով շրջաններում»,- նշել է Վ. Հարությունյանը:
Անդրադառնալով ծրագրին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Մարտիրոսյանն էլ ասել է, որ այս պահին հորատման աշխատանքներ են սկսվել Արցախի ևս 6 համայնքներում, մասնավորապես՝ Ասկերանի շրջանի Աստղաշեն, Խնապատ համայնքներում և Մարտունի քաղաքի Քաջավան 5, Մոխանք 1, Քաղաքամերձ 2, Ճանշինի հարակից տեղանքներում. աստիճանաբար ծրագրում կներառվեն նաև այլ բնակավայրեր։
«Նախատեսված է, որ յուրաքանչյուր խորքային հորի միջոցով ոռոգվելու է 15-25 հա հողատարածք: Ջրի խնդրի պատճառով այժմ Արցախում օգտագործվում է գյուղատնտեսական նշանակության հողերի ընդամենը 7 տոկոսը»,-ասել է Ա. Մարտիրոսյանը:
Իրականացվող ծրագիր նախագծա-նախահաշվային փաստաթղթերը մշակվել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանում:
Լուսանկարները՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի
Աղբյուրը՝ Artsakhpress.am