4 Հոկտեմբերի 2023թ. 21:07

ԵՄ «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո գործող «Գրանցված արտահանողների համակարգում» կատարվել է առաջին գրանցումը

2018 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր` «Գրանցված արտահանողների համակարգը» (REX), հաղորդում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը։

Արտադրողները և արտահանողները տեղական ծագման ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով կարող են գրանցվել REX էլեկտրոնային համակարգում: Համակարգում գրանցումը հնարավորություն է տալիս «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ արտահանումներն իրականացնել առանց ծագման երկրի Ա ձևի հավաստագրի՝ յուրաքանչյուր արտահանման դեպքում ներկայացնելով միայն ծագման հավաստման հայտարարություն: Միաժամանակ, REX համակարգի կիրառմանը զուգահեռ՝ 12-ամսյա անցումային ժամանակահատվածում, ծագման երկրի Ա ձևի հավաստագիր կարող է տրամադրվել նաև այն արտահանողներին, ովքեր դեռ չեն գրանցվել REX համակարգում:

Ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) գրանցումն իրականացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից: Գրանցումը կատարվում է անվճար:

«GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) արդեն իսկ իրականացվել է առաջին գրանցումը, և գրանցված կազմակերպությանը տրամադրվել է գրանցումը հավաստող համապատասխան փաստաթուղթը:

Աղբյուրը` armenpress.am/arm/news/921685/