ԵՌՅԱԿԸ…

Այսօր Արթուր Թարխանյանի ծննդյան օրն է: Այս առիթով ներկայացնում ենք հատվածներ  mediamax.am -ի հրապարակումից. «Երեւան. XX դար» նախագծում  ներկայացվում ենք մեր մայրաքաղաքի ոչնչացված խորհրդանիշներից մեկը` Երիտասարդության պալատը, որը քանդվեց 2006 թվականին: Շենքի կենդանության օրոք մեզանից շատերը այն ծաղրաբանելով «Կուկուռուզ» էին անվանում, սակայն երբ այն քանդվեց, հասկացանք, որ իրականում մեր կյանքից հեռացավ Երեւանի կարեւոր մասնիկներից մեկը: Ու մնում է միայն ափսոսալ, որ 6 տարի առաջ հասարակությունը դեռ չուներ պայքարի այն փորձը, որը ձեռք բերեց Կինո Մոսկվայի ամառային դահլիճի ու Մաշտոցի այգու պահպանության մղված պայքարում: Եթե այդ փորձը լիներ, միգուցե Երիտասարդության պալատը եւս կհաջողվեր փրկել..,

Ճարտարապետ Հրաչ Պողոսյան`շենքը համարվում էր սովետական մոդերնիզմի լավագույն օրինակներից մեկը: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ իշխանություններն որոշեցին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում Երիտասարդական պալատներ կառուցել: 1970 թթ. կեսերին Հայաստանի Կոմերիտմիության ղեկավարը Ստեփան Պողոսյանն էր: Նա դիմեց երեք ճարտարապետներիս ՝ ինձ, Արթուր Թարխանյանին եւ Սպարտակ Խաչիկյանին ՝ առաջարկելով զբաղվել այդ նախագծով:


Հրաչ Պողոսյանը,  Արթուր Թարխանյանը եւ Սպարտակ Խաչիկյանը:

Մինչ Երիտասարդական պալատի նախագծի վրա աշխատելը, մենք՝ երեք ճարտարապետներով, աշխատել էինք Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծի վրա եւ որոշակի համագործակցության փորձ արդեն ունեինք:  Երիտասարդական պալատի կառուցման համար շատ վայրեր փորձարկվեցին՝ Ազգային ժողովի ետնամասում գտնվող տարածքը, Պասկեւիչի բլուրը եւ այլն: Նախատեսվում էր, որ Երիտասարդական պալատը պիտի բարձրադիր, բոլորին երեւացող վայրում կառուցվի: Երկար փնտրտուքներից հետո կանգ առանք այն վայրի վրա, որտեղ եւ կառուցվեց  Երիտասարդական պալատը: Նախագծային աշխատանքները բավականին բարդ էին. պետք է կառուցվեր ոչ միայն հյուրանոց, այլեւ ակումբ, ռեստորան, հարսանյաց սրահ, լողավազան եւ սրճարան:

Սկզբից կառուցվեց հյուրանոցը, հետո ակումբային մասը, լողավազանը: Ավելի ուշ կառուցվեց նաեւ էստրադային դահլիճը՝ 1 000 նստատեղով:  Ակումբային մասում կառուցվեց մեկ այլ դահլիճ՝ նախատեսված 300 հոգու համար: Շինարարությունը բավականին երկար տեւեց` պալատը կառուցվում էր մաս-մաս: Շինարարության համար նախատեսված գումարները տրամադրվում էին Մոսկվայից, որտեղ մանրակրկիտ ուսումնասիրում էին մեր ուղարկած բոլոր նախահաշիվները: Լավ հիշում եմ, որ կառույցի վերջնական հաստատված գումարը 9.5 միլիոն ռուբլի էր: Ներկայիս փոխարժեքով դա կկազմեր մոտ 5 միլիոն դոլար, ինչը շատ փոքր գումար էր նման հսկայական կառույցի համար:


Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:

Շենքի ամենավերեւի հարկում կար սրճարան, որի հատակը պտտվում էր: Մեկ ժամվա ընթացքում սրճարանը պտտվում էր իր առանցքի շուրջ` հնարավորություն տալով վայելել քաղաքի տեսարանը: Մարդիկ նախօրոք էին տեղեր պատվիրում այդ սրճարան հաճախելու համար:

Հետո բացվեցին ակումբային հատվածը, լողավազանը, դահլիճը: 1980-ականների կեսերին համալիրն արդեն ամբողջությամբ պատրաստ էր: Կոմերիտականների մտահաղացումն այն էր, որպեսզի Երիտասարդական Պալատում հավաքվեն տարբեր հանրապետություններից, մարզերից ժամանած երիտասարդներ, շփվեն միմյանց հետ, սիմպոզիումներ, փառատոններ կազմակերպեն, սպորտով զբաղվեն, եւ ողջ այդ ընթացքում բնակվեն շենքի տարածքում գործող հյուրանոցում:
Հյուրանոցի սենյակները շատ մեծ չէին, փոքր լոգասենյակներ ունեին: Հետագայում Երիտասարդական պալատի գնորդը ՝ Էդուարդ Ավետիսյանը, որպես շենքի քանդման հիմնական պատճառաբանություն բերում էր այն, թե հյուրանոցի սենյակները շատ փոքր են, առաստաղը՝ ցածր, մինչդեռ ինքն ուզում է բարձրակարգ հյուրանոց կառուցել: Իսկ հետո կազմվեց մի փաստաթուղթ, որի համաձայն Երիտասարդական պալատը իբր վատթար վիճակում էր գտնվում, վերականգնման ենթակա չէր եւ անպայման պետք է քանդվեր:  Սակայն «Հայպետնախագիծ» ինստիտուտն ուսումնասիրել էր կառույցի վիճակը, եւ եզրակացության մեջ նշել էր, որ շենքը պետք է ամրացվի, այլ ոչ թե քանդվի: Որեւէ սեյսմիկ վտանգ այն չէր ներկայացնում: 2004 թ.-ին, երբ Երիտասարդական պալատը վաճառվեց, սեփականատիրոջ հետ աշխատանքի ընթացքում ես բազմաթիվ տարբերակներ առաջարկեցի, որոնք թույլ կտային պահպանել շենքը, վերականգնել այն, այլ ոչ թե հիմնովին քանդել: Մասնավորապես, առաջարկեցի շենքի ստորին հատվածում կառուցել բարձրակարգ հյուրանոցային համարներ, իսկ շենքի այլ հարկերում պահպանել էժան սենյակները:


Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Երբ սեփականատիրոջը ասացի, որ շենքը չի կարելի քանդել, քանի որ այն ճարտարապետական ու պատմական արժեք է ներկայացնում, նա ինձ ասաց, թե դիմել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով համաձայնություն է տվել քանդել շենքը՝ ավելի լավ շենք կառուցելու նպատակով:

Մինչդեռ դա ժողովրդի սեփականությունն էր: Երբ որեւէ շինություն քանդելու մտադրություն կա, սեփականատերը պետք է ներկայացնի, թե ի՞ն է առաջարկում կառուցել այդ շենքի փոխարեն: Երիտասարդական պալատի պարագայում նման բան չեղավ:

2005 թ.-ին Երեւանի քաղաքապետարանը շենքի քանդման որոշումն ընդունեց: Պնդում էի, որ անթույլատրելի է Երիտասարդական Պալատի քանդումը առանց նոր շենքի հաստատված նախագծի: Սեփականատերը պետք է երաշխիքներ տար, որ այդ տարածքում նոր, ավելի լավ շենք կկառուցվի: Սակայն սեփականատերը, կառույցը ձեռք բերելուց հետո երկու տարվա ընթացքում, քանդեց ամբողջ շենքը, իսկ հետո սկսեց ոչնչացնել շենքի մոտակայքում գտնվող 4 հա տարածությամբ բլուրը: Արդեն 7-8 տարի է, ինչ այդ տարածքը վերածվել է հսկայական շինհրապարակի:

2010 թ.-ին այդ տարածքում նոր շենք կառուցելու մրցույթ հայտարարվեց:  Ներկայացված աշխատանքներից ընտրվեց ճապոնացի ճարտարապետի ներկայացրած առաջարկը: Այն ներկայացվեց Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում եւ, որոշ դիտողություններով հանդերձ, հավանություն ստացավ: Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ նախագիծը չիրագործվեց:

Երիտասարդական պալատի նախագծի համար մենք՝ ճարտարապետներս, ստացանք Կոմերիտմիության համամիութենական մրցանակ, որը համարվում էր ԽՍՀՄ թվով  երրորդ պատվավոր մրցանակը: Անցյալ տարի Նյու-Յորքում լույս տեսավ «Սովետական Մոդերնիզմ» գիրքը, որտեղ տեղ են գտել խորհրդային շրջանի մոդերն ոճի շենքերը: Ի թիվս այլ կառույցների, գրքում տեղ է գտել նաեւ Երիտասարդական պալատի շենքը:


Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:


Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:


Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:


Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:


Լուսանկարը` Ա. Ասոյանի արխիվից:

Երիտասարդական պալատը ժողովրդի, մեր քաղաքի բնակիչների սեփականությունն էր, որը նման ճակատագրի չպետք է արժանանար:  Այն կառուցվել էր որպես ժողովրդավարական հանրության խորհրդանիշ, որում տեսնում էինք  նոր հորիզոններ, մտքի ազատություն: Ցավալի է, որ հետագայում, երբ Հայաստանն անկախացավ, հենց այդ հանրությունն էլ քանդեց այն, ինչ ստեղված էր իր համար:

Աղբյուրը` mediamax.am/am/news/yerevan-XX-century/5864/