Ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ) այն վայրն է, որտեղ գործարար և առևտրային օրենքները տարբեր են երկրի մնացած մասերից: ԱՏԳ-ները գտնվում են երկրի ազգային սահմաններում և դրանց նպատակներն են` առևտրի ավելացում, ներդրումների ավելացում, աշխատատեղերի ստեղծում և արդյունավետ կառավարում: Գոտում գործարարներին խրախուսելու համար ներդրվում է ֆինանսական քաղաքականություն: Այս քաղաքականությունը սովորաբար վերաբերում է ներդրումներին, հարկերին, առևտրին, քվոտաներին, մաքսային և աշխատանքային կանոնակարգերին: ԱՏԳ-ում բիզնես վարելը սովորաբար նշանակում է, որ ընկերությունը ստանում է հարկային խթաններ և ավելի ցածր սակագներ վճարելու հնարավորություն։ Ազատ տնտեսական գոտիների ստեղծումը հյուրընկալող երկրի կողմից կարող է հիմնավորվել արտասահմանյան ուղղակի ներդրումների ներգրավման ցանկությամբ։ Ազատ տնտեսական գոտում գտնվելու շնորհիվ կարելի է արտադրել և առևտուր անել ավելի ցածր գնով՝ նպատակ ունենալով պահպանել մրցունակությունը գլոբալ համատեքստում: Վերջին տարիներին ԱՏԳ-ները մեղադրվում են միջազգային արվեստի հանցագործություններ կատարելու մեջ` թույլ տալով, որ գողացված արվեստի գործերը տասնամյակներ շարունակ մնան պահեստավորված։ Ազատ գոտիները օգտագործվել են դարեր շարունակ ապրանքների անվճար պահպանման և փոխանակման համար: Ճիշտ է, համաշխարհային տնտեսության մեջ ԱՏԳ-ները համարվում են նոր երևույթ, սակայն նմանատիպ տարածքների ստեղծման գաղափարն առաջացել է դեռևս 15-16 դդ. և իր արտահայտությունն է ստացել «Ազատ նավահանգիստների» տեսքով: ԱՏԳ-ների պատմությունը սկսվում է դեռևս այն ժամանակվանից, երբ իսպանացի Վասկո Նունես դե Բալբոան խարիսխ գցեց Պանամական ծովափին և իր ընկերների հետ միասին երկու օվկիանոսները բաժանող այդ հատվածում հիմնեց «Առևտրային նավահանգիստներ»: ԱՏԳ-ներն իրենց զարգացման ընթացքում բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել և աստիճանաբար կատարելագործվել են: ԱՏԳ-ների զարգացմանը զուգընթաց դրանց տրամադրվող արտոնություններն աստիճանաբար ավելացել են՝ փոխելով նաև գոտիների տնտեսական բովանդակությունը: Եթե ԱՏԳ-ների ստեղծման սկզբնական շրջանում վերջիններս միայն ապրանքների պահպանման և առևտրային գործունեության վայր էին հանդիսանում, ապա զարգացման ընթացքում գործունեության շրջանակներն ընդլայնվել են՝ ընդգրկելով վերարտադրության բոլոր փուլերը: Ինչ վերաբերում է «Առևտրային նավահանգիստներին», ապա վերջիններս որևէ նավահանգստի տարածք էին, որոնք նախատեսված էին ապրանքների՝ առանց մաքսերի պահպանման համար և նպաստում էին ներքին շուկայի զարգացմանը, հետագայում նաև արտաքին շուկա դուրս գալուն: Առաջին «Ազատ նավահանգիստն» առաջացավ Ճենովայում՝ 1595թ.: Այնուհետև նման նավահանգիստներ ստեղծվեցին նաև Վենետիկում՝ 1661թ., Մարսելում՝ 1669թ., Օդեսսայում՝ 1817թ.: 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին ազատ նավահանգստային գոտիների ստեղծման միտքը լայն տարածում գտավ և այժմ աշխարհում գործում են ավելի քան 200 նավահանգստային գոտիներ: Վերջիններս նախատեսված են միջանցիկ փոխադրումների և բեռների պահեստավորման համար: ԱՏԳ-ներ սկսեցին ստեղծվել ծովային նավահանգիստների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների որոշ տարածքներում, իսկ հետագայում նաև դրանց հարող տարածքներում: Աշխարհին հայտնի առաջին ԱՏԳ-ներից մեկն Իտալիայի Լիվորնո քաղաքն էր, որը 1547թ. հայտարարվեց ազատ առևտրի քաղաք: Այստեղ վաշխառուներն իրավունք ստացան ազատ առևտուր իրականացնել՝ ազատվելով հարկային պատասխանատվությունից: Հետագայում այս օրինակին սկսեցին հետևել այլ երկրներ ևս: Օր.՝ իտալական Տրիեստ քաղաքում և Հարավսլավական Շիբենիկում ստեղծվեցին ազատ առևտրային գոտիներ, իսկ 1740 թ. ստեղծվեց Ջիբրալթարի ազատ առևտրային գոտին: Հետագայում տարբեր երկրներում նույնպես ստեղծվեցին նմանատիպ գոտիներ. 1819թ. Սինգապուրում ստեղծվեց ազատ առևտրային գոտի: Այդ գոտիներում ընդհանուրն այն էր, որ առանց մաքսավճարի առևտուր անելու արտոնյալ պայմաններ էին ստեղծվում վերջիններիս միջև, սակայն արդյունաբերական գործունեություն իրականացնելու պարագայում այդ արտոնությունները չէին գործում: Ինչ վերաբերում է ժամանակակից ԱՏԳ-ներին, ապա դրանք ստեղծվել են 1950-ականների վերջերին արդյունաբերական երկրներում: Առաջինը ստեղծվել է Իռլանդիայի Կլեր քաղաքում գտնվող Shannon օդանավակայանում 1959 թ., որի շնորհիվ Իռլանդիան մեծ ուշադրության արժանացավ: 1970-ականներից սկսած ԱՏԳ-ներ են ստեղծվել Լատինական Ամերիկայում և Արևելյան Ասիայում: 1979 թ. Դեն Սիաոպինգի կողմից Չինաստանում առաջինը ստեղծվեց «Շենժեն» ազատ տնտեսական գոտին, որը խրախուսում էր օտարերկրյա ներդրումները և, միաժամանակ, արագացված արդյունաբերականացումը տարածաշրջանում: Այս գոտիները գրավեցին բազմաթիվ կորպորացիաների և, չնայած ԱՏԳ-ները տարածված են ամբողջ աշխարհով, միևնույն է, Չինաստանն առաջատարն է, չէ՞ որ միայն Հեյնա կղզին ամբողջությամբ հայտարարված է ազատ տնտեսական գոտի: Իսկ Չինաստանի հետ համագործակցության միջոցով ԱՏԳ-ներ ստեղծվեցին նաև աֆրիկյան երկրներում: ԱՏԳ-ների զարգացման սկզբնական փուլում ազատ գոտիներում հիմնականում իրականացվում էր առևտրային գործունեություն, որը ներառում էր ապրանքների պահպանումը, փաթեթավորումը, տեսակավորումը և այլն: Սակայն հետագայում սկսեցին վերամշակում իրականացնել, ինչը ավելացնում էր ապրանքի ինքնարժեքը և որն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի ազատ գոտիների տնտեսական բովանդակութունը ենթարկվի էական փոփոխությունների: ԱՏԳ-ների հիմնադիրներն այն կարծիքին էին, որ ճգնաժամային իրավիճակներում պետության միջամտությունը չի կասեցնի արդյունաբերական կենտրոնների անկումը: Այդ նպատակով ձեռնարկատերերին տրվեցին հարկային և այլ արտոնություններ, որոշակի գործարքներ իրականացնելու իրավունք, ինչն անթույլատրելի էր տեղական օրենսդրությամբ: Հարկ է նշել, որ ԱՏԳ-ների զարգացման սկզբնական շրջանն էապես տարբերվում է ներկայիս վիճակից: Եթե սկզբնական շրջանում ազատ գոտիները տարածում էին ստացել հիմնականում զարգացած երկրներում, ապա ներկայումս ԱՏԳ-ներ գոյություն ունեն զարգացման տարբեր մակարդակ ունեցող երկրներում, և մեծ տարբերություն է նկատվում հատկապես զարգացող երկրներում: Այսպես՝ եթե 1960 թ. զարգացող երկրների խմբում գործում էին ընդամենը 2 ԱՏԳ, 1975թ.՝ 79, 1981թ.՝ 96, 1985թ.՝ 264, ապա 1990-ականների վերջին այս երկրներում արդեն գոյություն ունեին 900-ից ավելի ԱՏԳ-ներ: ԱՏԳ-ների զարգացման վրա մեծ ազդեցություն են ունենում համաշխարհային տնտեսության զարգացման միտումները՝ գիտատեխնիկական առաջընթացը, միջազգային ֆիրմաների մրցակցությունը, արժութային փոխարժեքների կուրսերը, և վերջիններս համապատասխան մոտեցում են պահանջում այդ փոփոխությունների նկատմամբ: Ըստ ուսումնասիրությունների՝ համաշխարհային տնտեսությունում կուտակվել է ԱՏԳ-ների ստեղծման և գործունեության բավականին մեծ դրական փորձ: Օր.՝ 2000 թ. սկզբին աշխարհում գործում էին մոտ 1350-1450 տարբեր տեսակի ԱՏԳ-ներ, որից միայն արտադրության արտահանման ուղղվածություն ունեցող գոտիներում զբաղվածների թիվը կազմում էր մոտ 4 մլն մարդ: 2001 թ. տարբեր տեսակի ԱՏԳ-ների միջոցով իրականացվում էր համաշխարհային ապրանքաշրջանառության 30%-ը: ԱՏԳ-ները, ընդհանուր առմամբ, որպես բարենպաստ տարածքներ են դիտվում միջազգային կորպորացիաների կողմից, որոնք արտոնյալ պայմաններ են փնտրում իրենց գործունեության այնպիսի ընդլայնման համար, որտեղից կարելի է ստանալ մեծ շահույթներ: Իսկ ահա հզոր վերազգային կորպորացիաները ԱՏԳ-ներում արտադրության կազմակերպումը համարում են իրենց էքսպանսիայի (կապիտալիստական տերության կամ մենաշնորհային խմբավորման ազդեցության ոլորտի ընդարձակում՝ տնտեսական-քաղաքական կամ այլ միջոցներով, նոր տարածությունների տիրանալու քաղաքականություն) կարևորագույն ուղղություններից մեկը: «Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին» միջազգային կոնվենցիայի (Կիոտո, մայիսի 18, 1973 թ.) ստորագրումից հետո ԱՏԳ-ները լայն տարածում ստացան տարբեր երկրներում, և ներկայումս համաշխարհային տնտեսությունում գործում են ավելի քան 30 տեսակի ԱՏԳ-ներ: Ըստ Կիոտոյի կոնվենցիայի՝ ԱՏԳ-ները որևէ երկրի տարածքի մի մասն են, որտեղ գտնվող ապրանքները համարվում են մաքսային տարածքից դուրս, այդ իսկ պատճառով չեն ենթարկվում սովորական մաքսային հսկողության և հարկման: Չնայած ԱՏԳ-ներն ազգային տնտեսական տարածքի մի մասն են կազմում, որտեղ օգտագործվում է արտոնությունների և խթանների հատուկ համակարգ, որը չի կիրառվում երկրի այլ մասերում, սակայն այս գոտիներից շատերում կիրառվող տնտեսական կանոնները, խթանները, հատուկ վարչական օրենքները երբեք էլ չեն ազատում նրանց որոշակի իրավական-տնտեսական ռեժիմից, այլ պարզապես թեթևացնում են դրանք և տրամադրում արտոնություններ, որոնք խթանում են ձեռներեցությունը: Այս գոտիներում պետությունը կրճատում է տնտեսական գործընթացներում իր միջամտության աստիճանը: Եվ հենց այս բացատրությունն էլ ստիպում է տարբերել իրական ԱՏԳ-ները գիտական հրատարակություններում և միջազգային հաշվետվություններում տարբեր տեսակի գոտիները բնութագրելու համար օգտագործած «ազատ տնտեսական գոտի» հասկացությունից: Կախված ԱՏԳ-ների տեսակներից՝ գոյություն ունեն յուրաքանչյուրին բնորոշ առանձնահատկություններ, սակայն, միևնույն ժամանակ, կան շատ բնութագրիչներ, որոնք բնորոշ են ԱՏԳ-ների բոլոր տեսակներին, որոնք բացահայտվում են ԱՏԳ-ները տարբեր տեսանկյուններից ուսումնասիրելիս: Եթե ԱՏԳ-ների ուսումնասիրումը դիտարկենք արտադրական ռեսուրսների բաշխման տեսանկյունից, ապա հարկ է նշել, որ պետությունը որևէ ազատ գոտում արտադրություն զարգացնելու նպատակով օգտագործում է այդ տարածքում գտնվող արտադրական գործոնները, իսկ եթե վերջիններս չեն բավարարում, ապա դրանք ներգրավում է իր երկրի այլ տարածքներից (օր.՝ աշխատուժը) կամ այլ երկրներից (կապիտալ, տեխնոլոգիա և այլն): ԱՏԳ-ներին բնորոշ գիծ է նաև դրանց ընդլայնվելու հնարավորությունները տարբեր տնտեսական ոլորտների և տարածքների վրա: Քանի որ ԱՏԳ-ները հատուկ առանձնացված վայրեր են և կազմում են ազգային տնտեսության անբաժանելի մասը, ուստի նրանց զարգացումն անպայման իր ազդեցությունն է թողնում ամբողջ ազգային տնտեսության վրա: Մյուս կարևոր բնորոշիչը ԱՏԳ-ների ստեղծման նպատակայնությունն է: Քանի որ ԱՏԳ-ները երկրի տնտեսական համալիրի մի մասն են կազմում և ունեն բազում արտոնություններ, հետևաբար պարզ է դառնում, որ դրանք հեռանկարային բնույթ են կրում և ուղղված են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար որոշակի նպատակների և խնդիրների լուծմանը: Առավել հաճախ որպես այդպիսի նպատակ է համարվում երկրի տնտեսության ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը: Այս դեպքում հաշվի չեն առնվում ԱՏԳ-ների առջև պետության կողմից դրված այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արտահանման մեծացումը, կապիտալի ներհոսքի ավելացումը, բարձր տեխնոլոգիաների ներմուծումը, կադրերի պատրաստումը և այլն։ Կախված երկրների զարգացվածության աստիճանից՝ ԱՏԳ-ների նպատակներն էապես տարբերվում են միմյանցից: Օրինակ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Անգլիայի նման զարգացած երկրներում ԱՏԳ-ները ստեղծվում են արտաքին տնտեսական կապերի ակտիվացման, ճգնաժամային իրավիճակներում ՓՄՁ-ների աշխուժացմանն ուղղված տարածքային քաղաքականության իրականացման, տարածաշրջանների միջև տարբերությունների համահարթեցման համար: Եվ հենց այդ նպատակներով էլ գործարարներին տրամադրվում են գործունեության ազատություն և ավելի մեծ չափով ֆինանսական արտոնություններ, քան երկրի մյուս հատվածներում: Իսկ ահա զարգացող երկրներում ԱՏԳ-ներ ստեղծելիս հիմնական ուշադրությունը դարձվում է օտարերկրյա կապիտալի, տեխնոլոգիաների ներգրավման, արտադրության նորացման, կադրերի որակավորման բարձրացման վրա: Բացի նշված նպատակներից ԱՏԳ-ների ստեղծումը պայմանավորված է 3 հիմնական նպատակներով: Դրանք են՝ 1. արդյունաբերական արտահանման խթանում և դրա հաշվին արժութային միջոցների ստացում, 2. զբաղվածության աճ, 3. գոտիների վերածումը տնտեսվարման նոր մեթոդների կիրառման համար անհրաժեշտ փորձադաշտի, ազգային տնտեսության աճի կենտրոնի: ԱՏԳ-ները դիտարկվում են որպես տնտեսության բացությունը ներկայացնող կարևորագույն ցուցանիշ, քանի որ դրանց գործունեությունը կապվում է արտաքին տնտեսական գործունեության ազատականացման և ակտիվացման հետ, քանի որ որքան բարձր է երկրի բացության մակարդակը, այնքան երկիրը մեծ հնարավորություն ունի հաստատել արտաքին կապեր: ԱՏԳ-ների ստեղծման նպատակը հետևյալն է. երկիրը, չցանկանալով ամբողջությամբ բացել իր տնտեսությունն արտասահմանյան կապիտալի հոսքի առջև, մասամբ է օգտագործում այդ հնարավորությունը՝ ԱՏԳ-ներ ստեղծելով: Եթե ուշադրություն դարձնենք ԱՏԳ-ների նպատակներին, ապա սրանք բավականին խելամիտ են: Օրինակ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում, արտահանման մակարդակի բարձրացում (մասնավորապես՝ ոչ ավանդական արտահանման), աշխատատեղերի ստեղծում և կենսամակարդակի բարձրացում, նոր հմտությունների փոխանցում և դրանց փորձարկում ներքին մարդկային ռեսուրսների վրա, տնտեսության խթանում, «փորձնական ոլորտներում» բարեփոխումների իրականացում: ԱՏԳ-ները որոշ չափով ուսումնասիրելիս հարց է առաջանում. իսկ ի՞նչ բացասական հետևանքներ են թողնում դրանք տնտեսության վրա։ Թվում է, թե կատարյալ միջոց է տնտեսությունն առաջ տանելու համար, սակայն ինչպես ցանկացած բան, ԱՏԳ-ները նույնպես ունեն բացասական հետևանքներ՝ ԱՏԳ-ի ստեղծման համար հող է պահանջվում, որի ձեռքբերումը հանգեցնում է գույքի և կենսապահովման ոչ բավարար փոխհատուցման։ ԱՏԳ-ն պատասխանատվություն չի կրում ազգային աշխատանքային օրենսդրության առաջ։ Ազգային կարգավորող մարմինները չեն կարող կարգավորել աշխատանքային պայմանները: Աշխատողներին չի վճարվում նվազագույն աշխատավարձ: ԱՏԳ-ում աշխատանքային տևողությունը երկար է: Աշխատողները կարող են աշխատանքից ազատվել առանց արդարացման կամ փոխհատուցման: ԱՏԳ-ները չեն վճարում հարկեր: Նրանք չեն նպաստում ենթակառուցվածքների հետագա աշխատանքին: Քանի որ ԱՏԳ-ները սեփականաշնորհված «քաղաքներ» են, կա գաղտնիություն և վերջինիս հետ կապված թափանցիկության պակաս։ ԱՏԳ-ները թույլ են տվել, որ կորպորացիաները զավթեն մեծ տարածքներ։ Դա հանգեցնում է տեղական տնտեսությունների մահվան։ ԱՏԳ-ներն առաջացնում են եկամտի անհավասարություն։ Դրանք ստեղծում են ոչ թե կայունություն, այլ հարստության համակենտրոնացում։ Դրանք խաթարում են տեղական տնտեսությունները՝ առաջինը վնասելով այն մարդկանց, ովքեր անկառավարելի են աղքատության նկատմամբ։ Նրանք պարտավորություն չունեն պահպանել շրջակա միջավայրի ազգային կանոնակարգերը։ ԱՏԳ-ի երկրպագուները կարող են մատնանշել մի քանի հաջողված պատմություններ, որոնցից ոչ մեկը մեծ չէ, և դրանք որևէ արժեք չեն ներկայացնում: Ներդրողների ներգրավման առաջարկվող խթանները ենթադրում են հարկային եկամուտներ (առնվազն կարճ ժամանակահատվածում): Գոտիներն ավելի շատ փողերի լվացման համար ապաստարան են ծառայում, օրինակ, արտահանման խեղաթյուրման միջոցով: Կառավարությունները պետք է սովորեն թերություններից, որ այդ ծախսերը փոխհատուցվեն աշխատատեղերի և ներդրումների հաշվին։ Բյուջետային խթանները կարող են օգնել ստեղծել գոտի, բայց դա երկարատև ծրագիր չէ: Առավել հաջողված գոտիները ներխուժում են հայրենական տնտեսություն: Օրինակ՝ Հվ. Կորեային հաջողվել է կապ հաստատել տեղական մատակարարների հետ։ Գոտիները պետք է միանան համաշխարհային շուկաներին: Այս նպատակով ենթակառուցվածքի բարելավումն ավելի մեծ ազդեցություն ունի գոտիների հաջողությունների վրա, քան հարկային ընդմիջումները: Սա հաճախ պահանջում է հանրային ծախսեր՝ ճանապարհները, երկաթուղին և նավահանգիստները բարելավելու համար լրացուցիչ բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով: Նման ներդրումների բացակայությունը Աֆրիկայում շատ ԱՏԳ-ների անկման պատճառ է հանդիսացել։ Ճիշտ հավասարակշռությունը պետք է բխի պատշաճ քաղաքական վերահսկողության և իշխանության բյուրոկրատիայի ազատությունից: Կան լեգիտիմ մտավախություններ, որ Ճապոնիայի նոր գոտիներն անկում են ապրելու, քանի որ կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչները մերժում են միջամտել ԱՏԳ-ների գործերին։ Անհատական ստեղծարարների ներգրավումը կարող է օգնել գոտիները գործարկելիս, որը լավ ազդեցություն է ունեցել Ֆիլիպիններում: Այնուամենայնիվ, զարգացած քաղաքների շուրջ կառուցված գոտիները հայտնի են իրենց օրենքները սահմանելու իշխանությամբ, և շատ մասնագետների կարծիքով չի բացառվում, որ կստեղծեն պետություններ պետությունների ներսում։ Եթե ԱՏԳ-ներ կառուցվեն տնտեսությունից զուրկ հատվածներում, ապա այդ դեպքում վերջիններս դրական ազդեցություն կարող են ունենալ։ Շատ մասնագետների կարծիքով այն երկրները, որոնք ընդհանրապես գոտիներ չունեն, իսկապես ազատ են: Այնուամենայնիվ, ռիսկն առկա է, որ երկրներն այս համակարգը կչարաշահեն և կօգտագործեն այն որպես արգելքները պահպանելու արդարացում` հարկերի և վճարների տեսքով: ԱՏԳ-ները նույնպես ստեղծում են չափից ավելի բյուրոկրատիա, որով գումարները հեռացնում են համակարգից: Լրիվ ազատությունը կստեղծի քաոս, ուստի՝ տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ է պետության փոքրիկ միջամտություն։
Լիլիթ Մարալյան
Աղբյուրը`
http://civilngo.com/free-economic-zones-positive-negativeeffects/