Մաս առաջին.
Զարգացող երկրների տնտեսությունների ուսումնասիրման թեման մեզանում բավականին արդիական է՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեջ դրանց ունեցած դերը։ Չնայած, որ Հայաստանը ևս համարվում է զարգացող երկիր, այնուամենայնիվ հետաքրքիր է, թե ինչ դիրքեր է զբաղեցնում մեր հայրենիքն «իր նմանների շարքերում»։ Վերլուծության ընթացքում կփորձենք տալ այս հարցի պատասխանը։ Զարգացող երկրների հիմնական բնութագրիչները 20-րդ դարի 60-ական թվականներին աշխարհում փլուզվեց գաղութային համակարգը, նախկին գաղութները ձեռք բերեցին քաղաքական անկախություն` դառնալով ինքնավար պետություններ և միասին ձևավորելով զարգացող երկրների խումբը: Ներկայումս զարգացող երկրների խմբին են պատկանում մոտավորապես 150 երկիր, ուր բնակվում է աշխարհի բնակչության 80%-ը: Առաջին անգամ «զարգացող երկրներ» տերմինն օգտագործել է Համաշխարհային բանկի տնտեսագետ Անտուան վան Ագթմելը 1980-ական թվականներին: Երբեմն օգտագործվում են նաև ուրիշ տերմիններ` «քիչ զարգացած երկրներ», «տնտեսապես թույլ զարգացած երկրներ», «3-րդ աշխարհի երկրներ»: Պետք է նկատի ունենալ այն փաստը, որ թեև այս երկրները իրենց զարգացման մակարդակով պատկանում են միևնույն խմբին, սակայն նրանց զարգացման տնտեսական և սոցիալական պայմանները միմյանցից խիստ տարբերվում են: Այդ է պատճառը, որ զարգացող երկրներին բնորոշող միասնական սահմանում գոյություն չունի: Կան տարբեր մոտեցումներ, որոնք զարգացող երկրները դիտարկում են ըստ այս կամ այն հատկանիշի: Առաջարկում ենք ծանոթանալ այդ մոտեցումներից մի քանիսին: Ըստ մի մոտեցման` զարգացող են այն երկրները, որոնք չեն համարվում OECD-ի անդամ: Սակայն այս մոտեցումը հարաբերական է, քանի որ OECD-ի անդամ են համարվում նաև Թուրքիան և Մեքսիկան, որոնք ամենևին էլ զարգացած երկրներ չեն։ Մեկ այլ մոտեցմամբ էլ սրանք այն երկրներն են, ուր չեն լուծվել պարենային, առողջապահական, կրթական և սոցիալական մի շարք խնդիրներ: Այստեղ մարդիկ դեռևս մահանում են սովից, գտնվում են ծայրահեղ աղքատ վիճակում: Բնակչությունը անգրագետ է, ծնելիության աճի տեմպերը գերազանցում են ՀՆԱ-ի աճի տեմպերին, այդ պատճառով էլ պետությունը ստիպված օրենքներ է ընդունում բնական աճը նվազեցնելու համար: ՄԱԿ-ի վիճակագրական բաժինը, սակայն, նշում է, որ չկա հստակ սահմանում «զարգացած» և «զարգացող» երկրները բնորոշելու համար: Նշվում է, որ «զարգացած երկիր» և «զարգացող երկիր» հասկացությունները պարզապես օգտագործվում են մասնագիտական հարմարության համար և չեն նկարագրում տվյալ երկրի տնտեսական զարգացումը և նվաճումները: Ավելի ընդհանրական մոտեցում է այն, որ զարգացող երկրներ են այն երկրները, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի չափը քիչ է։ Ընդհանրացնելով վերը նշված մոտեցումները` կարող ենք ասել, որ զարգացող են այն երկրները, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի չափը փոքր է, բնակչության եկամուտները և կենսամակարդակը՝ ցածր, փոխարենը մեծ է հիվանդությունների և դրանց պատճառով մահացությունների թիվը, բնական աճը, աղքատության մակարդակը և կախվածությունը զարգացած երկրներից: Արդեն նշել էինք, որ թեև այս երկրները գտնվում են միևնույն խմբում, բայց իրենց զարգացման մակարդակով իրարից տարբերվում են: Օրինակ` զարգացող երկրների մի խումբը իր արտադրական որոշ ճյուղերով կարող է մրցել զարգացած երկրների հետ (Չինաստան, Հվ Կորեա), իսկ մեկ այլ խմբում տնտեսական և սոցիալական վիճակը բավականին ծանր է (Տանզանիա, Մադագասկար): Ըստ այդմ էլ Համաշխարհային բանկը զարգացող երկրները բաժանում է 3 խմբի` Բարձր եկամուտներով երկրներ – սրանք այն երկրներն են, որոնք, շնորհիվ իրենց նավթի հարուստ պաշարների, կարողացել են զարգացնել իրենց տնտեսությունը և որոշ չափով հասնել զարգացած երկրների մակարդակին: Սրանք են Պարսից ծոցի երկրները` Քուվեյթը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները: ՆԻԵ կամ միջին եկամուտներով երկրներ ” ՆԻԵ-ն թեև պատկանում է զարգացող երկրների խմբին, սակայն այն ավելի շուտ միջանկյալ դեր է գրավում զարգացած և զարգացող երկրների միջև: Այս երկրներն ինդուստրացման գործընթացում հասել են զգալի հաջողությունների, ստեղծել գիտատար արտադրություններ, ակտիվորեն ներգրավվել ԱՄԲ-ի (աշխատանքի միջազգային բաժանում) գործընթացներին, միջազգային առևտրում ընդլայնել են արտահանմանը՝ ուղղված ապրանքների և ծառայությունների արտադրությունը: 1970 թվականին ասիական 4 երկիր` Հարավային Կորեան, Հոնգկոնգը, Սինգապուրը և Թայվանը ձևավորեցին ՆԻԵ-ն: Այս 4 երկրները շուտով ունեցան տնտեսական մի շարք հաջողություններ և գրանցեցին այնպիսի տնտեսական թռիչք, որ դրանց սկսեցին անվանել «վիշապ» երկրներ: Այս երկրները վառ օրինակ և հույս են հանդիսանում զարգացող մյուս երկրների համար, քանի որ 50-ական թվականներին այս երկրները տնտեսապես իրենցից ոչինչ չէին ներկայացնում, իսկ այժմ գրեթե հավասարվել են զարգացած երկրներին: Ասիական այս 4 երկրները և Լատինական Ամերիկայի հետևյալ երկրները` Արգենտինան, Բրազիլիան, Մեքսիկան միասին կազմում են ՆԻԵ-ի առաջին սերունդը: Նրանցից հետո գալիս է ՆԻԵ-ի երկրորդ սերունդը` Մալազիա, Թաիլանդ, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա, Հնդկաստան, Չինաստան, Չիլի և երրորդ սերունդը, որը կազմում են Կիպրոսը, Թունիսը, Թուրքիան: Զարգացող երկրների մեջ կարևոր տեղ են գրավում նաև նավթ արտահանող երկրները, որոնք 1960 թվականին ձևավորեցին ՕՊԵԿ-ը: Այս երկրները 70-ականներին զգալի չափով մեծացրին իրենց եկամուտը: Ներկայումս այս երկրների թիվը կրճատվել է` 19-ից դառնալով 13: Այդ երկրներից են Իրաքը, Իրանը, Վենեսուելան, Ալժիրը և այլն: ՆԻԵ-ն և ՕՊԵԿ-ի անդամ երկրները իրենց տնտեսական զարգացմամբ մեծ ազդեցություն ունեն իրենց հարևան երկրների վրա։ Ցածր եկամուտներով երկրներ ” այս երկրների թիվը հասնում է մոտ 48-ի: Դրանց թվում են Աֆրիկայից՝ Մոզամբիկը, Տանզանիան, Ուգանդան, Չադը, Ռուանդան և այլն, Հարավային և Արևելյան Ասիայից` Բանգլադեշը, Նեպալը, Բութանը, Վիետնամը, Նյանման և այլն, ինչպես նաև Կարիբյան ավազանի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ: Պետք է նշել, որ այս երկրներից մի քանիսը, օգտագործելով արտասահմանյան օգնությունը և կազմակերպելով ճիշտ տնտեսական քաղաքականություն, կարողացան դուրս գալ ծայրահեղ աղքատությունից: Ներկայումս այս երկրների բնակչությունն ապրում է շատ ավելի լավ, քան նախկինում: Դրա վառ ապացույցն այն հանգամանքն է, որ որոշ երկրներ 80-90-ական թվականներին կարողացան տնտեսական թռիչք իրականացնել: Օրինակ՝ Բոթսվանան ՀՆԱ-ի մեկ շնչին բաժին ընկնող ծավալով (5580 $) 1995 թվականին կարողացավ առաջ անցնել Լեհաստանից, Բելառուսից և Բալթյան երկրներից1: Այսինքն` նույնիսկ քիչ զարգացած երկրները կարողանում են քիչ-քիչ հաղթահարել իրենց հետամնացությունը: Սակայն սա դեռ չի նշանակում, որ աշխարհը տնտեսական տեսանկյունից դառնում է ավելի միասնական, և բոլոր երկրները ապագայում կկարողանան ունենալ զարգացվածության միևնույն մակարդակը: Հավերժական սառույցների միջև առաջացած ջրերի բարակ շիթերը դեռևս չեն խոսում այն մասին, որ աղքատության, հետամնացության, անգրագիտության այդ սառույցը շուտով կհալչի` վերածվելով մի տաք օվկիանոսի, ուր գտնվում են զարգացած երկրները: Ցուցանիշների համեմատություն Զարգացող երկրները, լինելով միևնույն խմբում, պարտադիր չէ, որ ունենան տնտեսությունների զարգացման միևնույն ուղղությունները, չափորոշիչները, հեռանկարները։ Կան բնութագրիչներ, որոնցով այս երկրները նմանվում են միմյանց (հակառակ դեպքում սրանց միևնույն խմբում դասելն ուղղակի անիմաստ կլիներ): Այդ բնութագրիչներից են՝ ցածր կենսամակարդակը ցածր արտադրողականությունը բնական բարձր աճը կոռուպցիայի բարձր մակարդակը արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գնաճի բարձր մակարդակ գործազրկության և արտագաղթի բարձր ցուցանիշներ գյուղատնտեսության մեծ մասնաբաժինը ՀՆԱ-ում տնտեսական կախվածությունը զարգացած երկրներից Իսկ հիմա փորձենք համեմատել զարգացող որոշ երկրների և ՀՀ-ի սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ Ինչպես նշեցինք, զարգացող երկրներին բնորոշ է ցածր կենսամակարդակը, ինչը պայմանավորված է 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի, եկամուտների ցածր մակարդակով, կրթության, առողջապահության ոլորտների բացթողումներով։ Շատ զարգացող երկրներում բնակչության 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ընդամենը 950-1000 դոլլար է (Տանզանիա, Չադ), ինչը նորմայից 3 անգամ ցածր է, սակայն կան զարգացող երկրներ, որտեղ այդ ցուցանիշը հասնում է մինչև 17.500 (Արգենտինա): Մեր երկրում բնակչության 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2015 թ․-ին կազմել է 3534 դոլլար (ինչը 318 դոլլարով ցածր է 2014 թվականի ցուցանիշից), որը, ճիշտ է, այնքան էլ մեծ ցուցանիշ չէ և վկայում է ոչ այնքան ուժեղ տնտեսություն ունենալու մասին, սակայն նորմայի սահմաններում է և որպես զարգացող երկիր՝ ՀՀ-ն միջանկյալ դիրքերում է։ Ըստ ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ) տվյալների՝ մեր երկիրն այս ցուցանիշով 186 երկրների շարքում զբաղեցնում է 117-րդ տեղը։ Ասենք, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանում այս ցուցանիշը կազմել է 9054 դոլլար, Վրաստանում՝ 3788 դոլլար, Ադրբեջանում՝ 5739 դոլլար։ ԱՄՀ-ի տվյալներով՝ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ամենացածր մակարդակը զարգացող երկրներից գրանցվել է Բուրունդիում (ընդամենը 305 դոլլար)։ Այս ցուցանիշով մենք գրավում ենք միջին դիրքեր զարգացող երկրների շարքերում։ ՀՀ կառավարության ընդունած «2012-2025 թթ․ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով» նախատեսվում է մեր երկրի 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը հասցնել 10․000 դոլլարի։ Եկամուտներ Ինչ վերաբերում է 1 շնչին բաժին ընկնող եկամուտներին, ապա, ըստ Համաշխարհային բանկի կազմած վարկանիշային աղյուսակի, մեր երկիրն իր 4020 դոլլար ցուցանիշով զբաղեցնում է 112-րդ հորիզոնականը՝ համալրելով 1 շնչին բաժին ընկնող միջին եկամուտներ ունեցող երկրների շարքերը (1036 $-12615 $)2 Զարգացող երկրներից այս ցուցանիշով առաջատարն է Քաթարը (92.200), 11-րդ տեղում է Սինգապուրը (55.150), 54-րդ և 57-րդ տեղերում են համապատասխանաբար Արգենտինան (13.048) և Ռուսաստանը (13220), Չինաստանը (7400), 80-րդ տեղում է մեր հարևաններ Թուրքիան (10830) և Իրանը (7120)՝ համապատասխանաբար 65-րդ և 91-րդ հորիզոնականներում։ 1 շնչին բաժին ընկնող եկամուտների ցուցանիշով մեզնից 4 հորիզոնականով ետ է մնում մեր հյուսիսային հարևանը (3720)։ ՀՆԱ Անդրադառնանք նաև ՀՆԱ-ի ցուցանիշին։ Գաղտնիք չէ, որ այսօր շատ զարգացող երկրներ իրենց ցուցանիշներով կարող են մրցել զարգացածների հետ։ ՀՆԱ-ի ցուցանիշը բացառություն չէ։ Մասնավորապես, ըստ Համաշխարհային բանկի վարկանիշային աղյուսակի, զարգացող երկիր համարվող Չինաստանն իր ՀՆԱ-ի մակարդակով աշխարհում 2-րդն է ԱՄՆ-ից հետո։ Վարկանիշային աղյուսակում 7-րդ տեղում է Բրազիլիան, 9-րդում՝ Հնդկաստանը, 10-րդում՝ Ռուսաստանը, 13-րդ, 15-րդ և 16-րդ հորիզոնականներում էլ համապատասխանաբար բազմել են Հվ․ Կորեան, Մեքսիկան և Ինդոնեզիան։ Մեր հայրենիքը ՀՆԱ-ի իր մակարդակով զբաղեցրել է 135-րդ հորիզոնականը։ Համաշխարհային բանկն իր հետազոտությունն անելիս հաշվի է առել 193 երկրի տվյալ, ինչը նշանակում է, որ այս ցուցանիշով ևս մենք գտնվում ենք միջին մակարդակում։ Օբյեկտիվ լինելու համար հարկ ենք համարում նշել, որ ամեն դեպքում մեր երկրում եկամուտները բավականին ցածր են։ Ներկայիս գների պայմաններում բնակիչը, ով ստանում է նվազագույն աշխատավարձ (55,000 դրամ), չի կարող ապրել լիարժեք կյանքով և իրեն զգալ սոցիալապես ապահով: Թղթի հակառակ կողմում էլ բարձր եկամուտով մարդիկ են, ինչի արդյունքում դժվար է լինում ձևավորել միջին խավ, որը կնպաստի երկրի զարգացմանը: Եկամուտների նման բևեռացում կա բոլոր երկրներում, սակայն զարգացող երկրներում սա ավելի վառ է արտահայտված: Կրթություն Կրթության ոլորտը զարգացող երկրների մեծ մասի համար ցավոտ թեմա է։ Զարգացող երկրների մեծ մասում դպրոց գնացող երեխաների ավելի քան 1/5-ը գրել, կարդալ, հաշվել սովորելուց հետո թողնում է ուսումը։ Այս ամենի պատճառը այն է, որ զարգացող երկրներից շատերում երեխաները վաղ տարիքից սկսում են աշխատել ընտանիքի հոգսը թեթևացնելու համար, հետևաբար ուսումն էլ մղվում է 2-րդ, նույնիսկ 3-րդ պլան։ Կրթության վիճակը վատ է հատկապես Հվ․ Ասիայի և Աֆրիկայի երկրներում, ուր դպրոց հաճախող աշակերտների 67%-ն է միայն կարողանում ստանալ նախնական կրթություն։ Այդ պատճառով էլ աշխարհում ավելի քան 776 մլն հասուն մարդ (որից 2/3-ը կանայք են) և 300 մլն երեխա համարվում են անգրագետ (Բրազիլիայում անգրագետ է բնակչության 11%-ը, Նիգերիայում՝ 33%-ը, Հնդկաստանում՝ 39%-ը, Եգիպտոսում՝ 44%-ը): Համաշխարհային բանկի հրապարակած տվյալներն ուսումնասիրելիս աչք է զարնում այն հանգամանքը, որ հենց զարգացող երկրներն են իրենց ՀՆԱ-ի ավելի մեծ մասնաբաժինը ուղղում կրթության ֆինանսավորմանը, ի տարբերություն զարգացած երկրների։ Օրինակ՝ Կուբան իր ՀՆԱ-ի 12,9%-ն է ուղղում կրթության ֆինանսավորմանը, մինչդեռ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, կրթությանն են հատկացնում համապատասխանաբար ՀՆԱ-ի 5,9% և 5,6%-ը։ Ավելին՝ ԱՄՆ-ն իր կրթության ոլորտին աջակցում է ՀՆԱ-ի 5,4% չափով, ՀՆԱ-ի նույն մասնաբաժինն էլ կրթությանն է հատկացնում նաև Մոնղոլիան։ Առաջին հայացքից այս ամենը տարօրինակ է, սակայն, եթե համեմատենք զարգացած և զարգացող երկրների ՀՆԱ-ների չափերն, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Ուրախությամբ պետք է փաստենք, որ, ի տարբերություն զարգացող երկրներից շատերի, ուր չկա նույնիսկ դպրոցական ծրագիր, մեզ մոտ՝ ՀՀ-ում, կրթությունը գտնվում է միջինից բարձր մակարդակի վրա։ Դպրոցական կրթությունը պարտադիր է և անվճար, ինչի շնորհիվ երկրում անգրագետների քանակը քիչ է։ ՀՀ-ի տարածքում գործում է 1393 կրթական հաստատություն։ Շատ է բուհ ընդունվողների թիվը (2016 թ.-ին՝ 18000 մարդ)։ Պետությունը կրթության ոլորտի ֆինանսավորման համար ծախսում է ՀՆԱ-ի 2-3%- ը (ըստ 2016-18թթ. տվյալների՝ ՄԺԾԾ-ի կրթությանն է հատկացվել 2,63%)։ Բացի այդ, այստեղ նաև մեծ դեր է խաղում մեր ազգի սովորելու հակվածությունը, ինչի մասին վկայում է ՄԱԿ-ի կատարած հետազոտությունը, ըստ որի, մեր երկիրն իր կրթական ինդեքսով3 187 երկրների շարքում զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը, ինչն իսկապես ողջունելի է: Կոռուպցիա Զարգացող երկրների բնորոշ հատկանիշներից է նաև կաշառակերության բարձր մակարդակը, որն անհապաղ ազդում է երկրի տնտեսական զարգացվածության վրա՝ խանգարելով մի շարք ոլորտների (ճանապարհաշինություն, կրթություն, առողջապահություն, արդարադատություն) հատկացված պետական գումարների տեղ հասնելուն, ինչը վատացնում է տվյալ ծառայության որակը և բնակչության մեջ սերմանում անվստահություն պետության հանդեպ։ Հայտնի Transparency International ընկերությունը հետազոտել է և որոշել է Կոռուպցիայի ինդեքսը 168 երկրի համար։ Ըստ հետազոտության արդյունքների՝ զարգացող երկրներից ամենաքիչ կոռումպացվածը Սինգապուրն է, որը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։ Սինգապուրից հետո ամենաքիչ կոռումպացված զարգացող երկիրը Ուրուգվայն է, այնուհետև՝ Քաթարը, Չիլին, որոնց հաջորդում են ԱՄԷ-ն, Թայվանը, Իսրայելը։ Հայաստանն իր այս ցուցանիշով զբաղեցրել է 95-րդ հորիզոնականը (ԵՏՄ-ի մեր գործընկերներ Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը զբաղեցնում են համապատասխանաբար 107-րդ, 119-րդ և 123-րդ հորիզոնականները, սա՝ իմիջիայլոց): The Heritage Foundation-ն էլ, իր հերթին, հետազոտել է երկրներում տնտեսական ազատության ինդեքսը, որով մեր երկիրը գրանցում է բավականին լավ ցուցանիշներ` 178 երկրների շարքում գրավելով 54-րդ տեղը: Այսինքն` կարելի է ասել, որ մեր երկրի տնտեսությունը համարվում է չափավոր ազատ: Կազմակերպությունը նշում է, որ մեր երկրում խորը ինստիտուցիոնալ բարեփոխումներ են անհրաժեշտ դատական անկախության, կառավարության աշխատանքի թափանցիկության ոլորտներում, որոնց վատ վիճակը դառնում է կոռուպցիայի հիմնական պատճառներից մեկը: Թեև ըստ վերը նշված ցուցանիշների` մեր երկիրը գտնվում է բարվոք դիրքերում, սակայն չենք կարող չփաստել, որ մեր երկրում կա կաշառակերության բավականին բարձր մակարդակ, որի դեմ պայքարելու համար կառավարությունը ստեղծել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը։ Չնայած այս ամենի` մյուս կողմում էլ գործում են կառավարություն-գործարար շրջանակներ սերտ հարաբերությունները, որոնք էլ ավելի են նպաստում կոռուպցիայի խորացմանը մեր երկրում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն երկրներում, որտեղ ակտիվ պայքարում են կաշառակերության դեմ, ՓՄՁ-ները 3 անգամ ավելի արագ են զարգանում, պետական եկամուտներն էլ 4 անգամ շատանում են: Իրականում, ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցը հասարակության ներգրավվածության մեծացումն է այս խնդրի լուծման մեջ։ 1Авдокушин Е. Ф. “Международные экономические отношения” 2Ըստ Համաշխարհային բանկի դասակարգման` 1 շնչին բաժին ընկնող բարձր եկամուտներ ունեցող երկրներում այս ցուցանիշը 12.616 դոլլար և ավելի է, իսկ ցածր եկամուտներ ունեցող են համարվում 1036 դոլլար և ցածր եկամուտներ ունեցողները: 3Կրթական ինդեքսը ցույց է տալիս տվյալ երկրի բնակչության կրթվածության մակարդակը։ Այն օգտագործվում է երկրի մարդկային զարգացման ինդեքսի հաշվարկման համար:
Օգտագործած գրականության ցանկ
Авдокушин Е. Ф. “Международные экономические отношения” http://www.worldbank.org/ru/news/press-release/2016/06/07/world- bank-cuts- 2016-global-growth- forecast http://www.unmultimedia.org/radio/russian/archives/208565/#.V9vKBdSLTMo http://www.aravot.am/2016/07/11/713824/ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/127072 http://www.armstat.am/am/?nid=126&id=08010 http://arka.am/am/news/economy/_HayastanI_HNA_i_ajy_2016_t_in_/ https://www.imf.org/external/russian/pubs/ft/weo/2016/update/01/pdf/0116r.pdf…
Մաս երկրորդ.
Բնական աճ Զարգացող երկրներին բնորոշ է բնական բարձր աճը, որը միջինում կազմում է 2% (բացառությամբ Չինաստանի): Դա խնդիրներ է ստեղծում կառավարության համար, որն էլ միջոցառումներ է ձեռնարկում բնական աճը նվազեցնելու համար: Բարձր բնական աճը բերում է ժողովրդագրական խնդիրների, որոնք անմիջապես ազդում են երկրի տնտեսական զարգացման վրա։ Բնակչության աճը նախ լարվածություն է առաջացնում զանգվածային սպառման բոլոր օղակներում՝ ավելացնելով սպառողական պահանջարկը, ավելանում են նաև աշխատանքային ռեսուրսները։ Այս խնդիրները լուծելու նպատակով պետությունը պետք է ստեղծի նոր աշխատատեղեր, որոնք էլ պահանջում են լրացուցիչ ներդրումներ։ Այս և շատ ուրիշ պատճառներով զարգացող երկրներին բնական աճի բարձր ցուցանիշը ձեռնտու չէ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա բնական աճի ցուցանիշով մենք նման ենք զարգացած երկրներին։ Ի տարբերություն շատ զարգացող երկրների՝ մեր կառավարությունը խրախուսում է 2-ից ավել երեխաների ծնունդը բնական դրական աճը ապահովելու համար: Սակայն Հայաստանում բնական աճի ցուցանիշը տատանվում է 0,4-1%-ի միջև: Ինչպես փաստում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, մեր երկրում բնական աճը սկսել է զրոյանալ, և շուտով այն կդառնա բացասական, ինչպես եղավ Վրաստանում (-1,2)։ ՄԱԿ-ի կատարած հետազոտության համաձայն՝ մեր երկիրն իր բնական աճի 0,2% ցուցանիշով 195 երկրների շարքում զբաղեցնում է 172-րդ հորիզոնականը։ Բնակչության բնական աճի նման ցուցանիշը բացատրվում է արտագաղթի մեծ թվով, ծնելիության անկմամբ, որն էլ պայմանավորված է երկրի ցածր կենսամակարդակով։ Տնտեսության մեջ տիրող ներկայիս բարձր գները և ցածր աշխատավարձերը պատճառ են, որ քաղաքացիների մեծ մասը չի ցանկանում ունենալ 2-ից ավել երեխա։ Բնական աճի ցածր ցուցանիշի պատճառ են նաև երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, ինչի դեմ պետությունը պայքարում է։ Արտաքին պարտք Զարգացող երկրների համար (և ոչ միայն) խիստ կարևոր տնտեսական ցուցանիշ է համարվում արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը։ Յուրաքանչյուր երկիր պետք է հետևի իր արտաքին պարտքի մեծությանը, քանի որ, եթե արտաքին պարտքի չափը ՀՆԱ-ի նկատմամբ հասել է 60%-ի և, որ ավելի վատ է՝ հատել է այն, ապա երկիրը դասվում է առավել ծանր պարտք ունեցող երկրների շարքին։ Զարգացող երկրներից Չինաստանում արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 14,9%, Թուրքիայում՝ 36,3%, Չեխիայում՝ 45,5%, Բրազիլիայում՝ 57,3%, Մարոկկոյում՝ 57,8%, Հվ․Կորեայում՝ 27,8%: Հայաստանի արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 49.4% է։ Ճիշտ է, սա դեռևս ծայրահեղ ցուցանիշ չէ, սակայն մտահոգվելու տեղիք է տալիս, մանավանդ, որ կառավարությունը չի դադարում վարկավորվելու համար նոր աղբյուրներ փնտրել։ Վարկավորման հիմնական աղբյուրները միջազգային ֆինանսական ընկերություններն են (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ), որոնք այդ գումարը տրամադրում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակի առողջացման համար, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, վարկավորումը սովորաբար ունենում է հակառակ էֆեկտը (բնական է, որ սա պայմանավորված է միջոցների ոչ նպատակային օգտագործմամբ): Գնաճ Հաջորդ ցուցանիշը, որը, կարելի է ասել, խեղդում է զարգացող երկրների տնտեսությունները, գնաճն է, որը տպավորիչ թվերի է հասնում հենց զարգացող երկրներում։ Աֆրիկա մայրցամաքի երկրներից ամենաբարձր գնաճը եղել է Նիգերիայում՝ 10%։ Թեպետ պետք է նշել, որ վերջին տարիներին զարգացող երկրներից շատերում գրանցվել է գնաճի չափավոր մակարդակ։ Օրինակ՝ Չինաստանում 2015 թվականին գրանցվել է 1,19% գնաճ, Բրազիլիայում՝ 4,7%, որը զգալի բարելավում է, քանի որ այս երկիրը 2010 թվականին հայտարարել էր 5,9% գնաճի մասին, Ինդոնեզիայում՝ 4,6%, որը ևս բարելավում է, քանի որ նույն 2010 թվականին Ինդոնեզիայում գնաճը կազմեց 7%, այսինքն՝ անցել էր նպատակային գնաճի սահմանները՝ 4-6%- ը։ Մեր երկրում, պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարի արձանագրված գնաճը կազմում է 3%։ Սա նորմայի սահմաններում է, քանի որ ԿԲ-ն գնաճի նպատակային մակարդակ է սահմանել 4%±1,5% գնաճը։ Հայաստանի ԱՎԾ–ի տվյալներով` 2016 թվականի հունվարից մարտ ամիսներին գրանցվել է 1,4 տոկոսանոց գնանկում։ Միաժամանակ Հայաստանում սպառողական գները 2016 թվականի մարտին, 2015 թվականի մարտի համեմատ, նվազել են 2%-ով։ Պարենային ապրանքների գնաճը զարգացող երկրների համար, ուր մարդկանց եկամուտները հազիվ են բավականացնում առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար, կարող է ունենալ կատաստրոֆիկ նշանակություն: Այդ պատճառով պետությունը խստագույնս հետևում է գների աճի միտումներին։ Հայաստանում ևս գների աճի վերահսկումը առաջնային բնույթ ունի, որի վկայություն է գնաճի զսպմանն ուղղված՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վարած քաղաքականությունը։ Գործազրկություն և արտագաղթ Ինչպես նշվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տարածած զեկույցի մեջ 2015 թվականին աշխարհում գործազուրկ է եղել 191,7 մլն մարդ, 2016 թվականին այդ ցուցանիշը կավելանա ևս 2,3 մլն-ով։ ԱՄԿ-ի հետազոտությունների բաժնի ղեկավարի խոսքերով՝ զարգացող երկրների անկայուն տնտեսական վիճակը պայմանավորված է ֆինանսական շուկաների անկայունությամբ, էներգակիրների գների կտրուկ նվազմամբ, որը հատկապես ազդում է դրանք արտահանող զարգացող երկրների վրա, համաշխարհային պահանջարկի նվազմամբ, որոնք անմիջականորեն ազդում են ձեռնարկությունների գործունեության վրա․ վերջիններս էլ չեն շտապում ստեղծել նոր աշխատատեղեր, դեռ ավելին՝ կրճատում են։ Բացի այս ամենը մեծ ուշադրություն է պետք դարձնել զարգացող երկրներում մեծ չափերի հասած թաքնված զբաղվածության վրա։ Այս երկրներում շատ մարդիկ ստիպված են լինում չնչին աշխատավարձի դիմաց կատարել ծանրագույն աշխատանք։ Զեկույցի մեջ նշվում է, որ զարգացող երկրների համար առաջնային խնդիրներից է նաև զբաղվածության ոլորտի կանոնակարգումը, գործազրկության մակարդակի կրճատումը, թաքնված զբաղվածության վերացումը։ ԱՄԿ-ի փորձագետները փաստում են, որ աշխարհի զբաղվածների ընդհանուր թվի 46%-ը կազմում են ոչ պաշտպանված զբաղվածները (աշխատանքային վատ պայմաններ, նվազագույնից ցածր աշխատավարձ, հավելյալ աշխատաժամեր, շահագործում), որոնք հիմնականում զարգացող երկրներից են, ուր անպաշտպան զբաղվածների ընդհանուր թվաքանակը կազմում է այդ երկրների աշխատողների ¾-ը։ Այս ցուցանիշը հասել է իր բարձրակետին Հվ․ Ասիայի (74%) և Աֆրիկայի (70%) երկրներում։ ՀՀ-ը գործազրկության իր ցուցանիշներով հետ չի մնում զարգացող երկրներից: ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2015 թվականին գործազրկությունը մեր երկրում կազմել է 18,5%: ՀՀ-ում գործազրկության նման ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ մեծ է թաքնված զբաղվածների և գործազուրկների թիվը, իսկ նվազագույն (55.000 դրամ) և միջին (180.000 դրամ) աշխատավարձը չի կարող նորմալ կենսամակարդակ ապահովել: Բացի այդ Հայաստանում արմատացած է «գործազուրկ» հասկացության սխալ ընկալում, ըստ որի՝ գործազուրկ է նա, ով չունի աշխատանք։ Սակայն, ըստ ընդունված ստանդարտների, գործազուրկ է համարվում այն անձը, ով չունի, սակայն ակտիվ կերպով փնտրում է աշխատանք, գտնելուն պես պատրաստ է անմիջապես անցնել գործի և գրանցված է զբաղվածության կենտրոնում։ Մինչդեռ մեր երկրի քաղաքացիներն անգամ չգիտեն զբաղվածության կենտրոնի տեղը։ Զարմանալի չէ, որ այս ամենը, իհարկե, կազդի վիճակագրական ցուցանիշների վրա։ Գործազրկությունից էլ զարգացող երկրների առջև ծառանում է մյուս հիմնահարցը՝ արտագաղթը: ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2013 թվականի դրությամբ աշխարհում գաղթականների թիվը 232 մլն է, որը կազմում է Երկիր մոլորակի բնակչության 3,2%-ը։ Տվյալները ցույց են տալիս, որ զարգացող երկրներից մարդիկ արտագաղթում են ոչ միայն զարգացած, այլև ուրիշ զարգացող երկրներ, մասնավորապես 2013 թվականին զարգացող երկրում ծնված և այլ զարգացող երկիր արտագաղթած մարդկանց թիվը 82,3 մլն է, մինչդեռ զարգացած երկիր արտագաղթածներինը՝ 81,9 մլն։ Ասիայից արտագաղթած 19 մլն մարդ բնակվում է Եվրոպայում, 16 մլն մարդ՝ Հս․ Ամերիկայում։ Արտագաղթյալների թվով հաջորդ երկրներն են Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները, որտեղից գաղթած մարդկանց մեծ մասը (26 մլն) բնակվում է Հս. Ամերիկայում։ Հվ. Ասիայից արտագաղթած 36 մլն մարդուց 13,5 մլն-ը գաղթել են Արևմտյան Ասիայի նավթարդյունահանող երկրներ։ Սիրիայում տեղի ունեցող դեպքերի հետ կապված մեծացել է Մերձավոր Արևելքից Եվրոպա գաղթածների թիվը։ Հատկապես զարգացող երկրներից դեպի զարգացած երկրներ մեծ է «ուղեղների արտահոսքը»: ՀՀ-ը ևս բացառություն չէ: Մեր երկրում առաջին զանգվածային արտագաղթը տեղի ունեցավ 1988 թվականի երկրաշարժի պատճառով: Երկիրը լքեց մոտ 220.000 մարդ: Այնուհետև 1991-92 թթ. սոցիալ-տնտեսական ճգնաժամը պատճառ հանդիսացավ զանգվածային արտագաղթի նոր հոսքի առաջացմանը, երբ մարդիկ գնում էին արտասահման՝ աշխատանք գտնելու և իրենց ընտանիքին ապրուստ ուղարկելու: Սա աշխատանքային բնույթի ճգնաժամ էր: Արտագաղթողների վերաբերյալ ստույգ վիճակագրական տվյալները բացակայում են, սակայն պաշտոնական տվյալներ ամեն դեպքում կան։ Ըստ այդ տվյալների՝ մեր երկրից վերջին 17 տարիների ընթացքում արտագաղթել է 366,195 մարդ։ Բնական է, որ այս թիվն արտագաղթողների իրական թվի կեսն էլ չի կազմում։ Մասնավոր հետազոտությունները փաստում են, որ մեր երկիրը լքել է 1 մլն-ից ավել մարդ: Սա բերում է ազգի արհեստական ծերացման (60 և բարձր տարեկան անձինք կազմում են բնակչության 14.4%-ը): Ըստ մասնագետների՝ ՀՀ-ում ներկայումս սկսվել է արտագաղթի նոր ալիք, որը կրում է սոցիալ-հոգեբանական բնույթ: Զարգացող երկրներին բնորոշ է նաև մեծ կախվածություն՝ գյուղատնտեսական արտադրությունից և տնտեսական՝ զարգացած երկրներից։ Սովորաբար զարգացող երկրներում գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում մեծ է, քանի որ այս երկրների տնտեսությունները սովորաբար դեռևս գտնվում են ագրարային փուլում։ Մեր երկրում գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում ևս մեծ է՝ 19,3%։ Համեմատության համար նշենք, որ զարգացած երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, այս ցուցանիշը հասնում է 0,7%-ի և 1,7%-ի։ Տնտեսական կախվածությունը զարգացած երկրներից ինքնին հասկանալի է․ զարգացած երկրները վարկավորում են զարգացողներին, ներդրումներ են կատարում նրանց տնտեսություններում, համարվում են արտագաղթի հիմնական ուղղություններ և այլն։ Զարգացող երկրներին անհրաժեշտ է օգնություն իրենց տնտեսությունները ծանր վիճակից հանելու համար, իսկ այդ օգնությունները կարող են տրամադրել զարգացած երկրները։ Հայաստանի տնտեսական կախվածության մակարդակը զարգացած երկրներից իհարկե մեծ է, սակայն Հայաստանի դեպքում առանձնահատուկն այն է, որ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես ավելի շատ կախված ենք ոչ թե զարգացած, այլ զարգացող երկրից՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից։ Կանխատեսումներ Համաշխարհային բանկը մեր երկրի համար կանխատեսել է ՀՆԱ-ի 2.2% աճ 2016 թվականին։ Վարկանիշային Moody’s գործակալությունը ևս կանխատեսել է նույնչափ աճ։ Գործակալության վերլուծաբանները գտնում են, որ Հայաստանի տնտեսությունում առկա է ներքին պահանջարկի ցածր մակարդակ, բացի այդ Ռուսաստանում տիրող տնտեսական իրադրությունն իր անմիջական ազդեցությունն է թողնում մեր երկրի տնտեսության վրա։ Մասնավորապես ռուսաստանյան տնտեսական իրավիճակի վատացմամբ կրճատում են այդ երկրից Հայաստան ուղարկվող տրանսֆերտները։ Նշենք, որ տրանսֆերտները կազմում են մեր երկրի ՀՆԱ-ի 15%-ը, և սրանցից 80%-ը ուղարկվում է Ռուսաստանից։ Վարկանիշային մեկ այլ գործակալություն՝ Fitch Ratings-ը, կանխատեսում է հայաստանյան տնտեսության 2%-ի հասնող աճ, որը պայմանավորված է հումքի գների նվազմամբ և, իհարկե, Ռուսաստանի տնտեսության վիճակով։ Նշենք նաև, որ ըստ ԱՎԾ տվյալների՝ Հայաստանում տնտեսական աճը 2015 թվականին կազմել է 3%: Նմանատիպ ցուցանիշները փաստում են մեր երկրի բարձր խոցելիությունը արտաքին ազդակների նկատմամբ։ Վարկանիշային ընկերությունների և Համաշխարհային բանկի փորձագետները մի շարք լուծումներ են առաջարկում Հայաստանի համար, սակայն որքան էլ դրանք լավը լինեն, անհրաժեշտ է բարելավումները սկսել խորքային շերտերից և հայ փորձագետների մասնակցությամբ, քանի որ մեզնից լավ մեր խնդիրներին ոչ ոք ծանոթ չէ։ Պետք է նշել, որ զարգացող երկրներից Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները, որ այսօր բավականին գոհացուցիչ տնտեսական ցուցանիշներ ունեն, ոչ հեռու անցյալում՝ 1980-ական թթ., ևս կանգնած են եղել նույն սոցիալ-տնտեսական խնդիրների առջև, որպիսիք Հայաստանում են․ 3-4%-անոց գնաճի մակարդակ, գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում էր ՀՆԱ-ի ավելի քան 21%-ը, գործազրկությունը կրում էր թաքնված բնույթ։ Բնական է, որ այս ամենի վրա ազդեցին նաև տարածաշրջանում տեղի ունեցող պատմական անցքերը․ Չեխոսլովակիայի բաժանումը, ԽՍՀՄ-ի անկումը և այլն։ Սակայն արդեն 90-ականների կեսերից այս երկրների տնտեսություններում նկատվեց տնտեսությունների աշխուժացում, մի շարք սոցիալ-տնտեսական ցուցանիշների բարելավում։ Այս ամենը պայմանավորված էր այս երկրների կողմից որդեգրած վերափոխումների մոդելով, որը ներառում էր հետևյալ տարրերը՝ հակամենաշնորհային քաղաքականություն, գների ազատականացում, սեփականաշնորհման գործընթաց, հակակոռուպցիոն պայքար, բանկային համակարգի ռեֆորմ, տնտեսությունում պետության դերի վերանայում և այլն։ Այս գործիքների կիրառման շնորհիվ գրանցվեցին տնտեսական, ՀՆԱ-ի աճի ցուցանիշներ, ՀՆԱ-ի մասնաբաժնում ավելի քան 7 անգամ կրճատվեց գյուղատնտեսության մասնաբաժինը, փոխարենը ավելացավ արդյունաբերության մասնաբաժինը (Չեխիա՝ 49%, Հունգարիա 35%), կրճատվեց նաև ինֆլյացիայի տեմպը։ Այս երկրներում սկսեցին մեծ ուշադրություն դարձնել ծառայությունների ոլորտին, մասնավորապես ֆինանսական և տուրիստական։ Այսպիսով՝ այս երկրները դարձել են հետարդյունաբերական երկրներ և իրենց փորձով ապացուցում են, որ ճիշտ քաղաքականության դեպքում կարելի է հասնել տնտեսական մի շարք բարելավումների։ Բացի այդ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների տնտեսությունների վրա մեծապես ազդել են նաև Եվրամիության հետ ունեցած կապերը։ Ակնհայտ է, թե որքան ընդհանրություններ ունեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների նախկին և Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակները։ Այս ամենից ելնելով՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունը։ Եզրակացություն Զարգացող երկրների և Հայաստանի վերը դիտարկված սոցիալ-տնտեսական տվյալները ցույց են տալիս, որ մեր երկիրը զարգացող երկրների շարքում զբաղեցնում է միջինացված հորիզոնականներ ։ Պետք է փաստենք, որ Հայաստանն ունակ է գրանցելու ավելի լավ արդյունքներ։ Մասնավորապես, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների փորձը փաստում է այն մասին, որ հնարավոր է Հայաստանի տնտեսությունը դուրս բերել ներկա իրավիճակից։ Տնտեսության բարելավման վրա մեծապես կարող է ազդել Իրանի՝ միջազգային ասպարեզ դուրս գալը։ Հայաստանը, լինելով ԵՏՄ կառույցին անդամակցող երկիր, կարող է կապող օղակ հանդիսանալ Իրանի և ԵՏՄ-ին անդամակցող մյուս երկրների շուկաների միջև։ Բացի այս՝ մեր երկրում, ինչպես աշխարհի շատ զարգացող երկրներում, հասկացել են ՏՏ ոլորտի կարևորության աստիճանը, նրա դրական ազդեցությունը թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով։ Պետությունը գործադրում է լծակներ այս ոլորտի զարգացման համար` ՏՏ ոլորտի ձեռնարկություններին տալով հարկային արտոնություններ, կազմակերպելով ցուցահանդեսներ, որտեղ ընկերությունները ներկայացնում են իրենց արտադրանքը (օր․՝ ամենամյա Digitec Expo-ն), աշխատանքներ են տարվում Հայաստանում զբոսաշրջության աշխուժացման համար, վերջինս, ի դեպ, կառավարության կողմից դիտարկվում է որպես գերակա ուղղություն։ Իրականում ցանկացած երկիր ունի զարգանալու բազում հնարավորություններ, հարցն այն է, թե երկիրն ինչպես է օգտագործում այդ հնարավորությունները։
Օգտագործած գրականության ցանկ Авдокушин Е. Ф. “Международные экономические отношения” http://www.worldbank.org/ru/news/press-release/2016/06/07/world- bank-cuts- 2016-global-growth- forecast http://www.unmultimedia.org/radio/russian/archives/208565/#.V9vKBdSLTMo http://www.aravot.am/2016/07/11/713824/ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/127072 http://www.armstat.am/am/?nid=126&id=08010 http://arka.am/am/news/economy/_HayastanI_HNA_i_ajy_2016_t_in_/ https://www.imf.org/external/russian/pubs/ft/weo/2016/update/01/pdf/0116r.pdf…
Հեղինակ։ Anna Minasaryan