Գրեթե 150 տարի առաջ լույս տեսած այս գրքի պատճենահանված օրինակը ձեռքս ընկավ մի ուշագրավ դիպվածով, մայրաքաղաքի բուհերից մեկի դասախոս Մաքսիմ Դանիելյանի ձեռամբ:
Ես էլ իմ հերթին մեկ օրինակ պատճենահանեցի ինձ համար: Սակայն կարդալուն զուգահեռ շարունակ մի միտք էր տանջում. տեսնես Արցախի ցավով արդեն երեք տասնամյակ տառապող մեր հանրությունը գոնե ինչ-որ չափով տեղյա՞կ է այդ ամենից:
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանից իմացա, որ գրքի 10 օրինակ Ազգային գրադարանն ունի, որոշ օրինակներ էլ կան պետհամալսարանի, ակադեմիայի գրադարաններում, ինչպես նաև Սարդարապատի թանգարանում: Իսկ թե մասնավոր հավաքածուներում որքան կա՝ դժվար է ասել:
Ուստի այդ մտահոգությամբ համարձակվեցի փոշուց մաքրել և հատվածաբար հանրությանը ներկայացնել այս փոքրիկ լեռնաշխարհի 240 տարվա մշուշում թաղված որոշ հույժ գաղտնի ու կարևոր էջեր:
Գիրքը տպագրվել է Սանկտ Պետերբուրգի Սկորոխոդովի անվան տպարանում, 1886 թ.: Երկհատոր այս գիրքը տպագրվել է բարեպաշտ ծերունի Առաքել աղա Ծատուրյանի հովանավորությամբ, իսկ ավելի ուշ` 1906 թ., Վիեննայում` Րաֆֆու «Խամսայի մելիքությունները» գրքում:
Գրքի հեղինակ է նշված Ապրես Բեկնազարյանցը, սակայն ըստ առաջաբանի հեղինակ և թարգմանիչ, հնագետ, գրող, հոգևորական Մակար Բարխուդարյանցի՝ առաջին հատորը թելադրել է Ապրեսի հայրը՝ Աբրահամ Բեկնազարյանցը, Ապրես Բեկնազարյանցն ուղղակի գրի է առել: Իսկ երկրորդը գրվել է հոր ու որդու խորհրդակցությամբ:
Մակար Բարխուդարյանցը, ուշադրության կենտրոնում պահելով իրադարձությունների զարգացումները, համոզված է, որ այս պատմագրության հեղինակը, այնուամենայնիվ, հայրն է` Աբրահամ Բեկնազարյանցը: Եվ ըստ ամենայնի՝ Բարխուդարյանցը չի սխալվել, որովհետև հայր Բեկնազարյանցը երկար ժամանակ Ներսես կաթողիկոսի մոտ է ուսումն առել, նրա մոտ մնացել, որտեղից էլ տեղեկացել է Ղարաբաղի հոգևոր և այլ անցուդարձերին: Այնուհետև դարձել է Ջրաբերդի Մելիք-Ադամի զինվորը: Նա միշտ իր ծոցում ոչ միայն զենք է պահել, այլև պղնձե փոքրիկ թանաքաման, գրիչ ու թուղթ: Այնպես որ՝ մեզ հասածը ոչ թե ականջի պոչով լսած խոսակցություններ են, այլև հավաստի պատմություններ, որոնց մասնակիցը, ականատեսն ու դերակատարը նաև պատմագիրն է եղել: Իսկ թե ինչու է գիրքը որդու անունով, ապա այդ առեղծվածը խոստանում եմ բացահայտել ավելի ուշ, երբ կթերթենք ու կծանոթանանք երկրորդ հատորի իրադարձություններին:
Երբ մեր երևելի պատմաբանը 1881 թ. մայիսի 5-ի կեսօրին բացում է Շուշիում վարձով ապրող Մակար Բարխուդարյանցի տան դուռը, արդեն հարյուրամյակին մոտ ալեհեր ծերունի էր: Բայց խելքն ու միտքը տեղն էր, ձեռքերն էլ դողդոջյուն չէին, ինչպես բնորոշ է շատ զառամյալների: Իմանալով, որ իրենց համագյուղացի Բարխուդարյանցը ծերունիներից հավաքում է Ղարաբաղի անցյալի պատմությունները, մայիսյան այդ
օրը հարցուփորձով գտնում է նրա տունը, թակում նրա դուռը, կապոցից հանում թաշկինակներով խնամքով փաթաթված մի ծրար ու հանձնում նրան:
«Համարյա թե մի դարին մոտենում է, որ ես այս «Գաղտնիք Ղարաբաղի» ձեռագիրը մասունքի նման զգուշությամբ պահպանել իմ: Սորա մեջ շատ վտանգավոր գաղտնիքներ կան և Ղարաբաղի պատմության վերաբերյալ անգին գանձեր: Բայց այսուհետև կյանքիցս էլ չեմ վախում, որովհետև մահս մոտենում է, և սորա վերջին գլուխը գրել պրծել եմ»:
Իսկ ծերունին Խաչեն գավառի Խնածախ գյուղից էր, որ երեք ժամվա ոտքի ճամփա կտրելով՝ հասել էր Շուշի, որպեսզի «Գաղտնիք Ղարաբաղի» հուշագրությունը հանձնի Բարխուդարյանցին: Ձեռագիրը նվիրում է մի խնդրանքով, որ այն թարգմանվի աշխարհաբար: «Դուք նախ սորա լեզուն աշխարհաբար փոխադրեք և ապա հրատարակել տվեք, որպեսզի դյուրըմբռնելի լինի սորա իմաստն հասարակության: Հիմա գրական լեզուն աշխարհաբարն է և ոչ թե գրաբարը, որ շատերին անհասկանալի է: Վերջապես սա է միայն իմ սրբազան կտակը. երկու տարի էլ համբերեք և ապա հրատարակել տվեք, եթե արժան կհամարեք հրատարակության և եթե կհարգեք իմ կտակը»,- ասում է ծերունին ու հրաժեշտ տալով հեռանում:
Թարգմանիչը թախանձագին խնդրում է, որ գոնե անուն-ազգանունն ասի, նաև վարձատրության պայմանները: «Իմ վարձատրությունը, հարգանքն ու պատիվն այն կլինի, որ իմ կտակը ճշտիվ կատարեք, իսկ անուն-ազգանունս կիմանաք ձեռագրից»,- ասում է ծերունին:
Ապագա թարգմանչին այլ բան չէր մնում, քան բացել թաշկինակներով փաթաթված ծրարն ու ծայրեծայր կարդալ կապտագույն հաստ թղթերին փետրագրչով գրված դժվարընթեռնելի, դժվար վերծանելի, բայց անչափ ուշագրավ ձեռագիրը:
Պատվարժան Բարխուդարյանցն ազնվորեն կատարեց ծերունու կտակը: Թարգմանեց առանց իր կողմից մի բառ ավելացնելու և պակասեցնելու, շարադրանքի ոգին ու իմաստը փոխելու: Միայն առաջաբանում իր կողմից մի հռետորական հարցադրում ունի. «Գաղտնիք Ղարաբաղի» գիրքը լույս տեսնելու արժանի կամ անարժան պատմությո՞ւն է, թե՞ պատմավեպ, ընտի՞ր գործ է, թե՞ հոռի»: Որոշումը վերապահված է բանիմաց պատմաբաններին ու անաչառ քննադատներին՝ հույս փայփայելով, որ այն լույս կսփռի ոչ միայն Ղարաբաղի պատմության մութ դրվագներին, այլև Անդրկովկասի գաղտնի գործարքներին:
Բարխուդարյանցը հեղինակի ամենագովելի հատկությունն այն է համարում, որ բոլոր նամակների և շահի հրովարտակների պատճենները նույնությամբ ու ժամանակագրական կարգով զետեղել է բնագրում իբրև անհերքելի և շոշափելի փաստեր, որոնք էլ ընթերցողի առջև գաղտնիության փականով շատ գոց դռներ են բացում: Քաղաքական ձգտումներ, գաղտնի հարաբերություններ, որ ունեցել են Ղարաբաղի հայ մելիքները միմյանց հետ, հայ կաթողիկոսներն ու մելիքները՝ ռուսների հետ, ճըռ-խաները՝ ճըռ-մելիքների հետ, պարսից շահերը և շահի ժառանգները՝ Անդրկովկասի բոլոր խաների հետ.. Եվ այսպես շարունակ:
Հեղինակը միայն ձմեռներն էր երբեմն տանը լինում, իսկ գարնանը, ամռանը և աշնանը` Կյուլստանի (Գյուլիստան), Ջրաբերդի և Խաչենի հարազատ-մելիքների հետ` ճըռ-խաների և ճըռ-մելիքների դեմ պատերազմում:
Նա հարազատ է կոչում այն իշխանությունը, որ շատ հնուց` որդոց-որդի է շարունակվել: «ճըռ» Ղարաբաղի բարբառով նշանակում է վայրի, անպատվաստ պտղատու ծառ: Իսկ այս պարագայում գործածվում է կեղծ, շինծու, անհարազատ բառերի նշանակությամբ, որովհետև այդ խաներն ու մելիքները ոչ թե իրենց պապերից էին ժառանգել իրենց տիտղոսները, այլ ավազակաբար ձեռք բերել ու իրենք իրենց մելիք ու խան հռչակել: (Ճըռերի ազգակործան քայլերին կանդրադառնանք հաջորդիվ:)
Առաջաբանի ավարտին Մակար Բարխուդարյանցը ցավով հայտնում է, որ 1884 թ. օգոստոսի 30-ին բնակարանից բնակարան տեղափոխվելու ժամանակ` երեկոյան մթին, բեռնակիրների անզգուշության պատճառով գրքի ձեռագիրն ու հինգ այլ գրքեր փաթեթից ընկել են: Երբ կորստի մասին հաջորդ օրն իմանում են, երեք օր հայտարարություն են տալիս ողջ քաղաքով, անգամ պարգև խոստանում գտնողին, բայց ապարդյուն: Բնագիրն այդպես էլ չեն գտնում: Բարեբախտաբար թարգմանիչն արդեն ավարտել էր իր գործը, չէ՞ որ արդեն անցել էր երեք տարի:
Առաջին հատորը հեղինակը սկսում է 1795 թ. մայիսի 15-ին բերնեբերան անցած մի գույժով, որը կայծակի արագությամբ տարածվել է ողջ Ղարաբաղով: Պարսից Աղա-Մամատ շահը, Խուտափերինի կամուրջը, այնուհետ Երասխ գետն անցնելով, անթիվ զինվորներով գալիս է Շուշին կործանելու և Ղարաբաղը թալանելու: Ամեն մարդ թող տեսնի իր գլխի ճարը: Սարսափ է պատում պարսից շահերի հաճախակի արշավանքներից դառն փորձ ձեռք բերած ժողովրդին:
Երկար մտածելու ժամանակ չկար: Կյուլստանի և Ջրաբերդի հայությունն ամրանում է Ջրաբերդում, Խաչենի ժողովուրդը՝ իր անառիկ Կաչաղակաբերդում, Խնածախցի Բեկնազարյանցի գյուղացիք` Շուշիում, որը երկու ժամվա հեռավորություն ուներ Խնածախից: Դիզակի և Վարանդայի ժողովուրդը նույնպես Շուշի է բարձրանում՝ միանալու Իբրահիմ ճըռ-խանի հետ, որը Փանահի որդին էր: Վերջինիս հետ շատերն են միանում, իսկ Ջրաբերդի հարազատ Մելիք Մեժլումը միանում է Աղա-Մամատ շահի հետ, որ իր այդ քայլը արդարացնում էր շահի տված անսուտ երդմամբ` ջնջել Ղարաբաղի ճըռխանությունը, ճըռմելիքությունը և ճըռկաթողիկոսությունը և փոխարենը հաստատել բազմադարյա հարազատ կաթողիկոսություն ու մելիքություն:
Մինչդեռ շահի այդ խոստումը Բեկնազարյանցին անհավատալի էր թվում: Իսկ թե ինչու, կիմանանք հաջորդիվ:
Ե.Ա.
Շարունակելի
Հ.Գ. Պարսկաստանից Ղարաբաղ տեղափոխված թուրք թափառական ցեղերը ինչպես բնակռվեցին Արցախ աշխարհում,այդ թվում նաև Աղդամում:
Աղբյուրը՝ ankakh.am