Մաթեմատիկայի պրոֆեսոր Ջերեմի Կունին աշակերտներից մեկը մի օր հարց է տալիս։ Հարց, որը հուզում է աշխարհի գրեթե բոլոր աշակերտներին․ «Եվ որտե՞ղ են մեզ պետք գալու այս բոլոր սինուս—կոսինուսները, հանրահաշվի ու երկրաչափության հետ կապված մյուս բոլոր հասկացությունները»։
Ի տարբերություն իր մյուս գործընկերների՝ Կունը չի շփոթվում ու 5 պատճառ է նշում, թե ինչու մաթեմատիկան յուրաքանչյուրիս կյանքում կարևոր նշանակություն ունի։
Հնարավոր է՝ ինչ-որ մեկը Ջերեմիի հետ վիճելու ցանկություն ունենա, բայց նրա փաստերը հերքելն անհնար է։ Դրանք շատ համոզիչ են։
1․ Մաթեմատիկան մեզ սովորեցնում է խոստովանել մեր սխալները։
Ենթադրենք, Կառլն ու Կլարան գրադախտակի առջև կանգնած են դեմ դիմաց։ Կլարան վստահ է, որ հավասարումը ճիշտ է լուծված, իսկ Կառլը հստակ գիտի, որ սխալ է։ Անցնում է մեկ ժամ, որի ընթացքում այս երկուսը դերերով փոխվում են։ Կլառան վստահ է, որ հավասարումը սխալ է, իսկ Կառլը դոփում է ոտքերով ու Կլարային հիմար անվանում։ Ֆանտաստիկ իրավիճակ է, այնպես չէ՞։ Բայց մաթեմատիկները նման իրավիճակի հանդիպում են համարյա ամեն օր։
Ցանկացած ուսուցչի հարցրեք, թե ինչ է պետք անել, եթե խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում։ Պատասխանը շատ պարզ կլինի․ «Նորից սկսեք ու փորձեք խնդրին ուրիշ ճանապարհով մոտենալ։ Իսկ կարևորը՝ մի անհանգստացեք թույլ տված սխալի համար, քանի որ ի վերջո հենց այդ սխալն է ձեզ ճիշտ հետքի վրա գցել»։
2․ Մաթեմատիկան սովորեցնում է ճշգրիտ բառեր գտնել։
Ճշգրտությունը բոլոր մաթեմատիկների քաղաքավարությունն է։ Սրա հետ վիճելը շատ բարդ է, քանի որ ամեն տերմին ու ամեն երևույթ իր հստակ սահմանումն ունի։
3․ Մաթեմատիկան սովորեցնում է մեզ մի քանի քայլ առաջ մտածել։
Մաթեմատիկայի խնդիր լուծելը հավասարազոր է շախմատ խաղալուն։ Ցանկացած սխալ, անզգույշ քայլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Այնպես որ՝ մաթեմատիկան սովորեցնում է մեզ ուշադիր ու պատասխանատու լինել մեր արարքների համար։
4․ Մաթեմատիկան մեզ սովորեցնում է մտածել ոչ այնպես, ինչպես բոլորը, այլ ունենալ սեփական կարծիքը։
Շատ կանոններ, թեորեմներ ու աքսիոմներ, որոնք առաջ ճիշտ էին համարվում, հիմա դադարում են աշխատել։ Իսկ դա նշանակում է, որ պետք չէ կուրորեն վստահել նույնիսկ ամենահեղինակավոր կարծիքին այնքան ժամանակ, քանի դեռ դրանից ինքներդ գլուխ չեք հանել։ Գիտնականները սա անվանում են «խելամիտ թերահավատություն», որին մեզ շատ լավ սովորեցնում է մաթեմատիկան։
5․ Մաթեմատիկան մեզ սովորեցնում է երբեք չհանձնվել։
Չէ՞ որ եթե խնդիրը չլուծեք, դա կանի մեկ ուրիշը։ Ուրեմն ինչո՞ւ առաջինը չլինել։
Աղբյուրը` scannews.am