19 Սեպտեմբերի 2021թ. 11:59

ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ. Ուշագրավ զարգացումներ՝ տուրիզմի և հյուրանոցային ոլորտում

Տնտեսական անցուդարձին հետևողները, թերևս, արդեն տեղյակ են, որ 2017 թվականին Հայաստան են այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ, մոտավորապես՝ 1.5 մլն։ 2016 թվականի համեմատ՝ այս ցուցանիշն աճել է տպավորիչ 18.7%-ով։

Ընդ որում, սա այն բացառիկ դեպքերից է, որ աճի պաշտոնական ցուցանիշը ոչ ոք կասկածի տակ չի դնում. զբոսաշրջային հոսքի մեծացումը նկատում են գրեթե բոլորը, այդ թվում՝ ոլորտի հետ կապ չունեցող քաղաքացիները։ Սակայն այդ մասին չէ, որ ցանկանում ենք խոսել։ Օրեր առաջ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց նոր զեկույց, որտեղ ավելի մանրամասն տվյալներ կան ներգնա զբոսաշրջության վերաբերյալ։

Մինչ առաջ անցնելը նշենք, որ զբոսաշրջության տվյալները ներկայացնելիս՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հիմնվում է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության վրա, ըստ որի՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ, և ոչ ավել, քան անընդմեջ 1 տարի ժամանակով:

Այսինքն`նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Այսինքն, սա այցելուների թիվը չէ (այցելուներն ավելի շատ են)։ Այս պահը հարկ համարեցինք հատուկ ընդգծել, որովհետև թե՛ մամուլում, թե՛ այլ հարթակներում զբոսաշրջիկների թիվը շփոթում են այցելուների թվի հետ, հատկապես, երբ համեմատականներ են տանում Վրաստանի հետ։

Եվ այսպես, ներգնա (միջազգային) զբոսաշրջությանը վերաբերող տվյալներից ամենաուշագրավը, թերևս, հյուրանոցներում և ոչ հյուրանոցներում տեղավորված զբոսաշրջիկների կառուցվածքն է ու դրա փոփոխությունը։

Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասն ավանդաբար տեղավորվել է ոչ թե հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, այլ բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում, և այլն։

Կոնկրետ 2017 թվականի համար պատկերը հետևյալն է՝ 1 494 779 զբոսաշրջիկներից 1 230 077-ը տեղավորվել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլ նմանատիպ տեղերում, 264 702-ը՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։ Այսինքն՝ հյուրանոցներում տեղավորվել է զբոսաշրջիկների ընդհանուր թվի 17.7%-ը։

Ինչ խոսք, կշիռը փոքր է, սակայն նախորդ տարիներին հյուրանոցներում տեղավորված զբոսաշրջիկների կշիռն է՛լ ավելի փոքր է եղել՝ 13.7-13.8%-ի սահմաններում։ Օրինակ, 2016 թվականին Հայաստան ժամանած 1 259 657 զբոսաշրջիկներից հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորվել է 174 724-ը կամ 13.9%-ը։

2017 թվականին հյուրանոցներում տեղավորվածների կշռի մեծացումը հետևանք է այն բանի, որ հյուրանոցը նախընտրող զբոսաշրջիկների աճի տեմպն անհամեմատ ավելի բարձր է եղել, քան կացության այլ վայրեր նախընտրողներինը։ Այսպես, 2017 թվականին՝ 2016 թվականի համեմատ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորված զբոսաշրջիկների թիվն աճել է 51.5%-ով, իսկ բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլ վայրերում տեղավորվածների թիվը՝ 13.4%-ով։

Ճիշտ է, բացարձակ թվի աճով հյուրանոցները դեռ զիջում են. հյուրանոցներում տեղավորվածների թիվն աճել է 89 978-ով, մյուսներինը՝ 145 144-ով։ Սակայն դինամիկան ակնհայտորեն առաջինի օգտին է։ Այսինքն, կարող ենք փաստել, որ հյուրանոցային ծառայությունների նկատմամբ պահանջարկն աճել է։

Թե ինչով է սա պայմանավորված, դժվար է ճշգրիտ ասել՝ առանց համապատասխան վերլուծություն անելու։ Ամեն դեպքում, տրամաբանությունը մի պատասխան հուշում է։ Զբոսաշրջիկների մեջ մեծ թիվ են կազմում մեր հայրենակիցները, որոնք մշտապես բնակվում են արտերկում։

Բնական է, որ նրանց մեծ մասը հյուրանոցի փոխարեն տեղավորվում է այստեղի բարեկամների կամ հարազատների տանը։ Իսկ հյուրանոցներում սովորաբար տեղավորվում են, պայմանականորեն ասած, դասական տուրիստները, հիմնականում՝ օտարազգիները, որոնք Հայաստանում բարեկամներ չունեն։ Ստացվում է, որ Հայաստանի նկատմամբ աճել է հետաքրքրությունը հենց օտարերկրացիների մոտ, ինչը, իհարկե, դրական երևույթ է։

Այս ամենի մեջ, սակայն, մեկ հակասական կետ կա։ Ինչպես նշեցինք, հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների թիվն աճել է 51.5%-ով։ Կարելի է ենթադրել, որ հյուրանոցային ոլորտի հասույթը նույնպես պետք է համարժեք չափով աճած լիներ։ Սակայն այդպես չէ. հյուրանոցների հասույթը շատ ավելի քիչ է աճել։

Այսպես, նույն Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ կացության կազմակերպման ծառայությունների ոլորտի հասույթը 2016 թվականի համեմատ աճել է 24.5%-ով և կազմել 28.4 մլրդ դոլար։ Այդ թվում՝ բուն հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններից ստացված հասույթն աճել է 24.6%-ով և կազմել 25.4 մլրդ դրամ։ Իհարկե, 24.5%-ն էլ տպավորիչ աճ է, սակայն 51.5%-ին շատ է զիջում։

Թե ինչով է պայմանավորված այս խզումը, այս հարցին պատասխանելու համար էլ մանրամասն ուսումնասիրություն է պետք, սակայն այս դեպքում էլ որոշ ենթադրություններ կարելի է անել։

Իհարկե, հյուրանոցում տեղավորվածների թիվն ու վճարի չափը միշտ համարժեք չեն աճում։ Օրինակ, նույն հյուրանոցում մեկ տեղանոց համարը կարող է արժենալ 20 հազար դրամ, իսկ երկտեղանոցը՝ ոչ թե՝ 40, այլ՝ 30 հազար դրամ։

Հաջորդ կարևոր պատճառն այն է, որ հայաստանյան հյուրանոցներում ավելի շատ տեղավորվում են հենց հայաստանցիները, այսինքն՝ ներքին զբոսաշրջիկները։

Վերջին տարիների միջինացված տվյալները ցույց են տալիս, որ հյուրանոցներում հանգրվանած ներքին զբոսաշրջիկների թիվը 5 անգամ ավելի մեծ է ներգնա (միջազգային) զբոսաշրջիկների թվից։ Իսկ ներքին զբոսաշրջությունը 2017 թվականին Հայաստանում աճել է 10.9%-ով՝ շատ ավելի դանդաղ, քան ներգնա զբոսաշրջությունը։

Հյուրանոցային սեկտորի համեմատաբար ցածր աճի պատճառ կարող է լինել նաև էժան կացության վայրերի (օրինակ՝ հոսթելների) տարածումը։

Եվ, իհարկե, վիճակագրության հարցում դեր է խաղում նաև ստվերը։ Օրինակ, 2015 թվականին պաշտոնական տվյալներով հյուրանոցներում տեղավորվել էր 165 հազար ներգնա զբոսաշրջիկ, իսկ «Ամերիա» Կառավարման խորհրդատվական ծառայության գնահատականներով՝ այդ թիվն իրականում 100 հազարով ավելի շատ է (վիճակագրական ծածկույթից դուրս մնացած և թերհայտարարագրված զբոսաշրջիկների հաշվին)։

Այնպես որ, չի կարելի բացառել, որ հյուրանոցներում տեղավորված զբոսաշրջիկների թվի կտրուկ աճը մասամբ պայմանավորված է նաև այս ոլորտում ստվերի կրճատմամբ։

Ինչևէ, անկախ այս ամենից, փաստ է՝ զբոսաշրջությունը 2017-ին ակտիվացել է՝ իր ետևից բերելով նաև հյուրանոցային ոլորտի ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճի։

ՀՀ կառավարությունը 2017թ. զգալի աշխատանքներ էր տարել՝ ինչպես ներգնա, այնպես էլ՝ ներքին զբոսաշրջությունը խթանելու համար՝ վիզային ռեժիմի դյուրացումից սկսած՝ մինչև ուղիղ ավիաչվերթերի գործարկում։ Բացի այդ, միջոցառումներ են անցկացվել միջազգային հարթակներում, մարքետինգային միջոցառումներ են իրականացվել՝ երկրի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ։

Այդ քայլերի ազդեցությունը լագային է՝ միանգամից չի զգացվում. դրանց էֆեկտը պետք է ավելի շատ արտացոլվի այս տարի։ Թերևս, դրա համար է կառավարությունը վստահ, որ 2018-ին ներգնա զբոսաշրջությունն ավելի արագ կաճի, ինչի մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։