29 Սեպտեմբերի 2020թ. 11:55

Ռուբեն Գյուլմիսարյանը Էմիլ Դիլանյանի մասին

1960ականների վերջին թափ ստացավ «կանաչների» շարժումը, որը մտահոգված էր բնապահպանական խնդիրներով։ Այն ժամանակ էլեկտրական շարժիչներով մեքենաների գործնական աշխատանքների առաջին ալիքը բարձրացավ: ԽՍՀՄում, Մոսկվայի և Տոլյատիի նման, «էլեկտրամոբիլային» կենտրոն դարձավ նաև Երևանը։ Իսկ ինժեներ Էմիլ Դիլանյանը այդ նախաձեռնության ակտիվիստներից էր։

Էմիլ Դիլանյանը ծնվել է Երևանում 1917 թվականին. նրան և երկու քույրերին մայրը, փաստորեն, մենակ էր դաստիարակում, հայրը դեռ երիտասարդ տարիքում էր մահացել։ Դպրոցից հետո` 1935 թվականին, նա Դնեպրոպետրովսկ մեկնեց` քեռու մոտ, ընդունվեց շինարարական համալսարանի նախապատրաստական բաժինը։ Մեկ տարի անց մորեղբորը բռնադատեցին, այնուհետև գնդակահարեցին, և Էմիլը Երևան վերադարձավ։

Այստեղ պետք է նշենք, որ  մորեղբոր` Գուրգեն Նիկողոսյանի որդին ծնվում է նրա գնդակահարությունից հետո միայն. նրան Առնոլդ են անվանում, Առնոլդին վիճակված էր ՆԱՍԱ–ի փոխնախագահ դառնալ։ «Ձնհալի» տարիներին Առնոլդ Նիկողոսյանը ԽՍՀՄ եկավ, ծանոթացավ հոր բանտարկման և գնդակահարման մանրամասններին։ 1988 թվականի երկրաշարժից հետո Նիկողոսյանը կես տարի հեռուստակամրջի աշխատանքն էր ապահովում, որի միջոցով ամերիկացի բժիշկները խորհրդատվություն էին տրամադրում հայ գործընկերներին` օգնելով նրանց բուժել վիրավորներին։

1936 թվականին Էմիլը Դիլանյանը երևանյան աերոակումբի անդամ ու պոլիտեխնիկի ուսանող դարձավ։ Ակումբում նա բավական արագ արժանացավ դասախոսների հարգանքին և նրան շուտով օդակայան ուղարկեցին` թռչել սովորելու։ Նա սովորեց, և ակումբը մեկ տարի հետո նրան ուղարկեց Եյսկ` ռազմածովային ավիացիոն ուսումնարան, որն Էմիլը գերազանցությամբ և լեյտենանտի կոչումով ավարտեց 1939 թվականին։ Նրան` որպես օդաչու–հրահանգիչ, պահում են ուսումնարանում աշխատելու, Էմիլը նորեկներին սովորեցնում է բարձրագույն պիլոտաժի հիմունքներին և օդային մարտի կանոններին։

Իսկ հետո պատերազմ։ 1942 թվականի սկզբին Դիլանյանին Հարավային նավատորմի ռազմաօդային ուժեր ուղարկեցին։ Նա անմիջապես միանում է Մուրմանսկի օդային պաշտպանության և ռազմածովային կայանի մարտական առաջադրանքների կատարմանը։ Օդային մարտերում Դիլանյանը հակառակորդի 7 ինքնաթիռ է խոցել, մարտական գործողություններում ցուցաբերած բացառիկ քաջության համար օդաչուն պարգևատրվել է Մարտական կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։

Օգոստոսի սկզբին Դիլանյանին առաջադրանք են տալիս ապահովել Մուրմանսկին մոտեցող խորհրդային նավերի խմբի պաշտպանությունը։ Օդային մարտերի ժամանակ նա իր ինքնաթիռը հարվածի տակ է դնում` փրկելով երկու այլ օդաչուների, այնուհետև փորձում է  դուրս գալ մարտից, նրան վրա կրակում են, և փամփուշտը պայթում է ձախ ձեռքում։

Դիլանյանը, գրեթե պոկված ձեռքով, արյունաքամ լինելով` դուրս է նետվում ինքնաթիռից և միայն վերջին մի քանի հարյուր մետրի վրա քաշում պարաշյուտի օղակը։ Այնուհետև նա դեռ երեք օր այդ վիճակով դեգերում էր տայգայով, նախքան հրաշքով հասնում է յուրայինների մոտ։ Հոսպիտալում անդամահատում են ձեռքը, իսկ Հյուսիսային նավատորմի հրամանատարը միջնորդում է օդաչուին արդեն երկրորդ` Կարմիր աստղի շքանշանով պարգևատրելու համար։

Իհարկե, անդամահատությունից հետո Դիլանյանն այլևս ռազմաճակատ չէր կարող վերադառնալ, և նա վերադարձավ Երևան ու 1943 թվականին շարունակեց ուսումը պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում, աշխատեց, պաշտպանեց թեկնածուականը։

Էմիլ Դիլանյանը Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում էլեկտրական շարժակի և արտադրական գործընթացների ավտոմատացման ամբիոն բացեց։ Իր գիտական գործունեության ընթացքում նա ավելի քան 100 աշխատություն է գրել, այնուհետև նույն պոլիտեխնիկում, Դիլանյանը դառնում է Էլեկտրամոբիլների խնդիրներն ուսումնասիրող գիտական լաբորատորիա բացելու նախաձեռնողը։ Էմիլ Դիլանյանի գլխավորությամբ ԽՍՀՄ–ում Երևանի ավտոգործարանի հիման վրա երեք էլեկտրամոբիլ է ստեղծվում։

Էլեկտամոբիլներին նվիրված առաջին համաշխարհային գիտական կոնգրեսը տեղի ունեցավ Կալիֆոռնիայում, երկրորդը` 1979 թվականին Երևանում` հայ գիտնականների ձեռքբերումների պատվին։

Երբ 1970-ականների կեսերին հայկական էլեկտրամոբիլն ընթանում էր քաղաքամերձ խճուղիներով և Երևանյան փողոցներով (իսկ նա կարող էր մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնել) հանդիպակաց վարորդները բերանները բացում էին զարմանքից. ավտոմեքենա է գալիս, բայց ո՛չ շարժիչի ձայնն է լսվում, ո՛չ էլ արտանետուներ են երևում…
Read more: https://armeniasputnik.am/columnists/20180308/10829990/armenia-elektramobil.html